Լրահոս
Օրվա լրահոսը

Կրկին՝

Նոյեմբեր 19,2004 00:00

Կրկին՝ անդամ եւ կրկին Խաչիկյանի շնորհիվ Երիտասարդական համաժողովից առաջ եւ հետո Հայաստանի երիտասարդության ազգային խորհրդի (ՀԵԱԽ) նախագահ, ԱԺ պատգամավոր Վազգեն Խաչիկյանն ու ՀԵԱԽ փոխնախագահ, Հայաստանի երիտասարդ մարդկանց քրիստոնեական ընկերակցության (YMCA) նախագահ Արթուր Ղազարյանը մասնակցել են նոյեմբերի 11-13-ը Մադրիդում կայացած Եվրոպայի երիտասարդական ֆորումի գլխավոր համաժողովին (ԵԵՖ): Երեկ հրավիրված ասուլիսում նրանք ավետեցին, որ ՀԵԱԽ-ն այլեւս ֆորումի լիիրավ անդամ է: Նաեւ տեղեկացրին, որ իր մեջ ԵԽ անդամ 43 պետությունների ազգային խորհուրդներ միավորող ԵԵՖ-ը համարվում է ՄԱԿ-ի խորհրդատուն՝ երիտասարդության հարցերով, ԵՄ գործընկերը՝ հասարակական կազմակերպությունների գծով: Վ. Խաչիկյանին հատկապես ոգեւորել էր այն, որ փակ գաղտնի քվեարկությամբ ՀԵԱԽ-ը թեկնածու անդամից լիիրավ անդամ է դարձել՝ չստանալով ոչ մի «դեմ» ձայն: Ի տարբերություն հայերի, թուրքերը չունեն Երիտասարդության ազգային խորհուրդ: Այ, եթե Խաչիկյանի նման մեկը թուրք երիտասարդներին համախմբեր, նրանք էլ հավանաբար իրենց «Բազե» հավաքները կունենային, ավելին՝ մեզ պես աչքի կընկնեին Եվրոպայի երիտասարդության ֆորումում: «Առավոտին» հետաքրքրում էր՝ որքա՞ն անդամավճար է մուծելու ԵԵՖ-ի լիիրավ անդամ դարձած ՀԵԱԽ-ը: Պարզվում է՝ ՀԵԱԽ-ի թեկնածու անդամ լինելը Հայաստանին արժեցել է տարեկան 800 եվրո, իսկ այսուհետեւ՝ լիիրավ անդամի դեպքում՝ 1200-1300 եվրո, որը հաշվարկվում է ամեն երկրի ՀՆԱ-ի չափով: Բայց հոգ չէ, պրն Խաչիկյանը մխիթարել գիտե. խեղճ Գերմանիան ի՞նչ անի, որ տարեկան 35000 եվրո է վճարում: Անդրադարձ եղավ նաեւ անդամությունից բխող պարտավորություններին: «Կան ընդհանուր բնույթի պարտավորություններ, ընդունենք՝ ժողովրդավարության պահպանումը: Մենք թեկնածուականից լիիրավ անդամ չէինք դառնում մի պարզ պատճառով, որ մեր նախագահությունում աղջիկ չկար եւ գենդերային հավասարակշռությունը պահպանված չէր: Նախագահությունում պահպանել ենք քաղաքական հավասարակշռությունը, այսինքն՝ ազգային խորհուրդը լիիրավ անդամ դառնալուց հետո չպետք է կախում ունենա որեւէ քաղաքական ուժից, իշխանությունից եւ այլն»: Փաստորեն, ըստ Խաչիկյանի՝ ՀԵԱԽ-ում հավասարաչափ ներկայացված են իշխանության եւ ընդդիմության երիտասարդական թեւերը, մինչդեռ իրականում ՀԵԱԽ նախագահության 4 կուսակցական անդամներից 3-ը հանրապետական են, 1-ը՝ ՀՀՇ-ական: Վ. Խաչիկյանը տեղեկացրեց, որ 2005թ. ապրիլի 22-23-ը Բրյուսելում կկայանա ԵԵՖ-ի հերթական գլխավոր ասամբլեան, եւ ՀԵԱԽ-ը գուցե փորձի իրեն աջակցող կազմակերպությունների միջոցով հեղինակավոր երիտասարդական կազմակերպության շրջանակներում ճանաչել տալ եւ դատապարտող բանաձեւ ընդունել Հայոց ցեղասպանության մասին: ՀԵԱԽ փոխնախագահ, Հայաստանի YMCA նախագահ Արթուր Ղազարյանն էլ տեղեկացրեց, որ YMCA-ի շրջանակներում արդեն ունեն Հայոց ցեղասպանությունը ճանաչել տալու նախադեպ, հետեւաբար նույնն ուզում են անել նաեւ ԵԵՖ-ում: Ըստ Ա. Ղազարյանի՝ 2005թ. ապրիլին նաեւ Ստամբուլում կկայանա երիտասարդական հանդիպում, որտեղ հունական, հրեական, հայկական, թուրքական երիտասարդական կազմակերպությունների հետ տեղի կունենան ցեղասպանության մասին քննարկումներ: «Ստամբուլում եւս կբարձրացնենք Հայոց ցեղասպանությունը դատապարտելու հարցը»,- հուսով է նա: Մադրիդյան ֆորումից վերադարձած հայ պատվիրակները տեղեկացրին, որ ԵԵՖ-ում արծարծվել են այլ խնդիրներ եւս, օրինակ՝ երիտասարդության ազատ տեղաշարժի ու վիզաների տրամադրման, նրանց զբաղվածության, անգամ ծնելիության բարձրացման մասին հարցեր: Հետաքրքիրն այն է, որ երիտասարդների անարգել տեղաշարժի համար պայքարող Խաչիկյանի գլխավորած պատվիրակությունը խնդիրներ է ունեցել Հայաստանում Իտալիայի դեսպանատանը, եւ 7 հոգուց Իսպանիա մեկնելու թույլտվություն է ստացել միայն 3-ը: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել