Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՏՈՒԿ

Նոյեմբեր 19,2004 00:00

ՀԱՏՈՒԿ ԴՊՐՈՑԸ ԽՈՐՏԱԿՈՒՄ Է ՀԱՇՄԱՆԴԱՄԻ ԱՊԱԳԱՆ Երեւանի թիվ 17 հատուկ դպրոցում սովորում են հենաշարժական համակարգի խախտումներ եւ մտավոր թերզարգացում ունեցող երեխաներ: Դպրոցի շենքը դրսից այնքան քարուքանդ է, որ անգամ մուտքը դժվար էր գտնել: Ներսում էլ էր նույն պատկերը: Ինչպես հետո մի զրույցի ընթացքում արտահայտվեց ոլորտի մասնագետներից մեկը, «երբ մտնում ես այդ դպրոցը, մտածում ես՝ հեսա մի պանել կընկնի գլխիդ»: Եվ այս վիճակը դպրոցում տիրում է 15-16 տարի: Մեր այս դիտարկմանը ԿԳՆ նախադպրոցական եւ դպրոցական բաժնի մասնագետ Անահիտ Մուրադյանը այսպես պատասխանեց. «Ի արդարացում մեզ կարող եմ միայն ասել, որ վերջին 5 տարիներին տարեկան 4-5 նամակ ուղարկել ենք եւ փնտրել վերանորոգողներ, բայց, ցավոք, չի գտնվել որեւէ մեկը: Միայն այս տարի քաղաքաշինության նախարարությունից նամակ է ստացվել այն մասին, որ 2005-ի բյուջեով նախարարությունը նախատեսում է դպրոցի համընդհանուր վերանորոգում»: Դպրոցի տնօրենի՝ բավականաչափ տաք սենյակից հետո, դասասենյակները, ուր դաս էին պարապում հաշմանդամ երեխաները, սաստիկ ցուրտ էին, թեպետ երեխաները չբողոքեցին (գուցե ուսուցիչների ու տնօրենի ներկայությունից էր): Մարտունը, որը նոր էր ծայրամասերի վիրահատության ենթարկվել, եւ որին առաջին հերթին ֆիզիկական տաքություն է պետք, չէր դժգոհում իր այդ վիճակից, որովհետեւ այս դպրոց է եկել հանրակրթականից, որտեղ դասերը չէր հասցնում պարապել. «Չէի հասցնում, այդքան շատ երեխա մի դասարանո՜ւմ, տանը դասե՜ր պատրաստել, չէի հասցնում, իսկ այստեղ մենք դասապատրաստումը վերջացնում ենք, նոր ենք գնում տուն, եւ խաղալու ժամանակ ենք ունենում»: Հատուկ դպրոցը լուծում է սոցիալական խնդիր Թիվ 17-ը հանրապետության միակ դպրոցն է, որ 32 տարի է՝ սպասարկում է ուղեղային կաթվածով երեխաներին: Դպրոցն աշխատում է 2 հոսքով՝ հանրակրթական՝ Ա եւ օժանդակ՝ Բ (oժանդակում սովորում են խոր դժվարություն ունեցող երեխաները՝ մտավոր թերզարգացածությամբ): Ընդհանրապես, այս դպրոց, տնօրեն Ամալյա Հարությունյանի հավաստմամբ, բոլորն էլ «դիագնոզով» են մտել, սակայն Ա հոսքում սովորում են այնպիսի երեխաներ, որոնք լիովին կարող են ուսում ստանալ հանրակրթական դպրոցում: Մեր զրույցներից պարզ դարձավ, որ նրանց այստեղ է բերել ընտանիքի սոցիալական վիճակը: Արթուրը, որ սովորում էր 8-րդ դասարանում, եկել էր հանրակրթականից. «Ես չուզեցի այնտեղ մնալ՝ դասատուների մոտեցման ձեւի պատճառով, չէի հասցնում»: Հետո Արթուրն անկեղծանալով ասաց, որ նաեւ դրամահավաքն է եղել պատճառը, որ տեղափոխվել է այս դպրոց: Իրենք 6 երեխա են եւ չեն կարող դասագրքերի եւ այլնի համար վճարել: «Այսօր հատուկ դպրոցներում հայտնվում են սոցիալապես անապահով երեխաներ, եւ որքան էլ ասենք, որ հատուկ դպրոցը կրթության վայր է, միեւնույն է, ուզենք, թե չուզենք, այսօր հատուկ դպրոցը, ցավոք, սոցիալական խնդիր է լուծում: Մենք մեխանիզմներ եւ պայմաններ չունենք, որ երեխան հանրակրթական դպրոցում ուսման հետ նախաճաշ կամ ճաշ էլ ուտի»,- ասում է Անահիտ Մուրադյանը: Ովքեր են աշխատում հատուկ դպրոցներում Դպրոցի միակ խնդիրը, սակայն, շենքային պայմանները չեն, ոչ էլ այն, որ հատուկ դպրոցը սոցիալապես անապահովների կեցության վայր է: Այլեւ այն, որ այստեղ, ըստ մեր զրուցակից ծնողների, «խորտակվում է հաշմանդամ երեխայի ապագան»: Կարապետյան Երանուհու մայրը՝ Սիլվան ասում է. «Այս դպրոցը միայն տանիք է, ոչինչ չի տվել երեխայիս, ես նրան տանը մենակ չմնալու եւ շփվելու համար տարա այնտեղ, բայց իզուր, այսքան տարիները իզուր անցան: Իմ սխալն այն էր, որ ես մտածում էի, թե այս դպրոցներում այսքա՛նը կարող են տալ եւ ավելին չէի պահանջում, մինչեւ «Հույսի կամուրջ» կազմակերպության մասնագետների միջոցով բացահայտվեցին երեխայի ունակությունները: Եթե նա կարող է մի քանի պարապմունքի ընթացքում անգլերեն 100 բառ սովորել, ինչպե՞ս եղավ, որ 8 տարում այդ դպրոցը հայերեն մեկ տառ անգամ չսովորեցրեց երեխային: Դպրոցում ասում են՝ մեխանիկորեն է այդ բառերն անգիր արել, թող մեխանիկորեն էլ հայերեն տառերը սովորեցնեին: Այդ դպրոցները հաշմանդամի համար չեն, դրանք ձեռնտու են միայն սոցիալապես անապահով երեխաներին, որոնք հաց ուտելու խնդիր ունեն: Եթե ես հնարավորություն ունենայի երեխայիս ամեն օր տանել հանրակրթական դպրոց, որտեղ ներառական ծրագրեր են իրականացվում, կտանեի: Հաշմանդամները պետք է սովորեն հանրակրթական դպրոցում: Ես լսեցի, թե ինչպես մի անգամ ուսուցիչներից մեկը երեխաներին «դեբիլ» անվանեց: Չէ՞ որ եթե նորմալ մարդկանց այդպես դիմում են վիրավորելու համար, ապա այս երեխաներն առանց այն էլ այդպիսի թերություններով են: Այդտեղ աշխատողները պետք է իմանան, թե ուր են գալիս եւ ում հետ գործ ունեն»: 20-ամյա Աշխենը թիվ 17 դպրոց է մտել 9 տարեկանում. «1999-ին, երբ թիվ 17 հատուկ դպրոցից տեղափոխվեցի թիվ 27 դպրոց, 4-րդ դասարան, միայն տառերը գիտեի, ընդ որում՝ տառերի մեծ մասը մաման էր սովորեցրել ինձ: Ես 2 տարի առաջին դասարանում եմ սովորել, եւ ամբողջ 1 տարում 8 տառ եմ անցել: 5 տարի այդտեղ սովորել եմ եւ ոչինչ չեմ ստացել»: Երկու ամսում Աշխենը հավասարվել է իր դասարանի երեխաներին, սկսել է թելադրություն, փոխադրություն գրել, եւ, ինչպես հետո ասում է թիվ 27 դպրոցի տնօրեն Անահիտ Բախշյանը՝ «Աշխենն իր 8-րդ դասարանի վկայականը վաստակել է, ոչ ոք նրան չի հովանավորել»: Աշխենը հիմա երազում է լրագրող դառնալ: «Արեւածաղիկ» ամսագրում նա արդեն հոդվածներ ունի: Մի անգամ Աշխենը զուգարանում սայթաքել ու ջուրը թափվել է վրան, այն ջուրը, որ դպրոցում (թիվ 17-ում) ստիպել էին հաշմանդամ երեխային լցնել զուգարանի մեջ: Երեխային գիշերապահը մերկ պառկեցրել է անկողնում, որպեսզի շորերը չորացնի, փոխանակ զանգեին տուն եւ մորը խնդրեին, որ շոր հասցնի: «Բացի այդ, ես խնդրել էի՝ երեխային բուժում չանել, որովհետեւ 3 ամիսը մեկ նա անհրաժեշտ բուժումը ստանում է: Չէին լսել, երեխայի ոտքերը պարաֆինի մեջ էին դրել ու հետո, մի ուրիշ երեխայի հետ, որ էլի պարաֆին էր ընդունել, ձեռք ձեռքի տված, աստիճաններով բարձրացել են, որ գնան դասարան: Ճանապարհին ընկել են, որովհետեւ պարաֆինից մկանները թուլանում են, եւ երեխաները չեն կարողացել քայլել: Արդյունքում՝ մյուս երեխան ձեռք էր բերել երկրորդ հաշմանդամությունը՝ էպիլեպսիա: Ու դրա համար Աշխենին էին մեղադրում, բայց չէ՞ որ քույրը պետք է նրանց տաներ, հանձներ մանկավարժին: Քանի անգամ երեխան լացակումած բողոքել է, որ ճաշարանի աշխատողն իրենց ասել է՝ ձեր ծնողները ձեզնից ազատվելու համար բերել-քցել են մեզ վրա, մի հատ լափ էլ չեն տալիս, որ ուտեք: Երեխաների հետ անասնական ձեւով են վերաբերվում, ես բոլոր ծնողներին քարոզում եմ՝ ովքեր ունեն հաշմանդամ երեխա, միայն պետք է տանեն հանրակրթական դպրոց, որովհետեւ այս երեխաների ապագան հատուկ դպրոցներում կործանվում է»,- պատմում է Աշխենի մայրը՝ Տաթեւը, որն այժմ աշխատում է թիվ 27 դպրոցի բուֆետում: Դպրոցի հասցեին հնչած բողոքներին տնօրենը, բնականաբար, համամիտ չէր: Իսկ որ հատուկ դպրոցներում հոգատար ձեռքի կարիք կա, սա հաստատում է նաեւ ԿԳՆ մասնագետը. «Մենք այսօր մասնագետների պակաս ունենք: Ճիշտ է, մեր մանկավարժականում հատուկ կրթության ֆակուլտետ ունենք, բայց այնտեղի շրջանավարտներից շատ քչերն են ցանկանում աշխատել հատուկ դպրոցներում: Ի վերջո, պետք է աշխատի նա, ով իսկապես ուզում է»: Ներառական կրթություն Այսօր հանրապետության 5 հանրակրթական դպրոցներում անցկացվում է ներառական կրթության ծրագիրը: Առաջինն այս ծրագիրը փորձարկել եւ հաջողությունների է հասել թիվ 27 դպրոցը: Այստեղ ներառական կրթություն իրականացվում է 1-8-րդ դասարաններում: Տնօրեն Անահիտ Բախշյանը պարզաբանում է, որ ներառական կրթության մեջ ոչ միայն դիագնոզ ունեցող երեխաներն են ներգրավվում, այլեւ նրանք, ովքեր ինչ-որ պատճառով չեն սովորում, սովորելու խնդիր ունեն, ովքեր ոչ ծույլ են, ոչ անբան, բայց խնդիր ունեն, օրինակ՝ երբ երեխան ունի ուշադրությունը չկենտրոնացնելու պրոբլեմ կամ՝ չափազանց ակտիվ է: Դպրոցն ունի սենյակներ, որ կահավորել է «Հույսի կամուրջ» հ/կ-ն: Այստեղ ազատ ժամերին հատուկ մասնագետների հետ արտադասարանական պարապմունքներ են անցնում հաշմանդամ երեխաները: Արդյո՞ք հաշմանդամ երեխաները հոգեբանական խնդիրներ չեն ունենում՝ սովորելով հանրակրթական դպրոցում: Ըստ հատուկ դպրոցի տնօրեն Ա. Հարությունյանի՝ ունենում են. «Մենք ունեինք մի երեխա, որին ծնողը տարավ հանրակրթական դպրոց, բայց 3-րդ դասարանից նորից հետ բերեց, որովհետեւ երեխան կորսետ էր հագնում, եւ երեխաները խփում էին կորսետին, ձայնից ուրախանում: Իսկ երեխան դրանից ֆիզիկական եւ հոգեկան տրավմայի էր ենթարկվում»: Սակայն ներառական կրթության ծրագիրը նախեւառաջ ենթադրում է աշխատանք դպրոցի աշակերտների, ուսուցիչների, ծնողների, ողջ համայնքի հետ: Ըստ ԿԳՆ մասնագետ Ա. Մուրադյանի, «հաշմանդամի ներկայությունն ավելի դժվար են ընդունում ծնողներն ու մանկավարժները, իսկ երեխաները՝ շատ հեշտ, որովհետեւ նրանք հենց սկզբից տեսնում ու հասկանում են, որ այդպես էլ պետք է լինի: Իսկ ավագ սերնդի մեջ խորհրդային մտածողությունը դեռ մտած է՝ այն, ինչ աչքին հաճելի չէ, հեռու վանել: Պետք է զարգանա այն գիտակցությունը, որ բոլոր երեխաները երեխա են եւ հավասար իրավունքներ ունեն»: Տիկին Բախշյանը հիշում է. «Աշխենիկն առաջինն է եղել, որ եկել է, եւ ես այն ժամանակ ինքս ավելորդ հովանավորություն էի անում նրան, ինչի կարիքն ինքն իրականում չուներ, բայց ես խտրականություն էի դնում, չափազանց մեծ ուշադրություն էի դարձնում, ու դա դասարանում շատ լուրջ բախում առաջացրեց: Հետո հասկացա, որ այդ հովանավորությունն առաջին հերթին Աշխենին պետք չէ: Երբ մի անգամ դասից փախել էին, ես բոլորին պատժեցի, բացի Աշխենից, բոլորն ընդվզեցին, ու ես հասկացա, որ շատ դեպքերում պետք է հավասար աչքերով նայել: Միեւնույն ժամանակ, բոլորը գիտեն, որ այս երեխաները լրացուցիչ հոգածության կարիք ունեն, եւ դա չի կարող խանդի տեսարաններ առաջացնել»: Այնուամենայնիվ, հատուկ դպրոցները կան Եվ այս տարի էլ թիվ 17 հատուկ դպրոցում ձմեռը կդիմավորեն սառը դասասենյակներում՝ մխիթարվելով ժամանակ առ ժամանակ դպրոց այցելող տիկնիկային թատրոնով, ճաշարանի օրապահիկով, ըստ ուսուցչի ճաշակի՝ թեթեւացրած դասացուցակով ու ուսումնական ծրագրերով: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել