Լրահոս
Օրվա լրահոսը

Դուրս

Նոյեմբեր 19,2004 00:00

Դուրս կմնար GSM ցանցից Կառավարությունը երեկ հավանություն տվեց OTE-ի եւ «ԱրմենՏելի» միջեւ կնքված հաշտության համաձայնությանը Այսուհանդերձ՝ բաց է մնում հետեւյալ հարցը. Սահմանադրական դատարանը 1999-ի հունվարի 27-ին որոշում կայացրեց, ըստ որի՝ ներդրումներն սկսելու պահից 5 տարի հետո պետք է դադարեցվեր «ԱրմենՏելի» մենաշնորհը: Իսկ քանի որ ներդրումների սկիզբը համարվում է 1998-ի մարտի 5-ը՝ 2003-ի մարտի 5-ից «ԱրմենՏելը» պետք է զրկված լիներ իր բոլոր մենաշնորհներից: ՍԴ-ի որոշումները վերջնական են եւ ենթակա կատարման՝ ուստի ուժի մե՞ջ է, թե՞ ոչ այդ որոշումը՝ «Առավոտի» այս հարցին արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Սխալ եք մեջբերում ՍԴ որոշումը: Հարցը կոռեկտ չէ»: Մեկնաբանություններ եղան, թե կառավարությունը ստիպված էր գնալ հաշտության համաձայնության, քանի որ չնայած հակառակի մասին հավաստիացումներին՝ Լոնդոնի արբիտրաժում պարտվելու վտանգի առջեւ էինք: Հարցին՝ սա նույնպե՞ս ոչ կոռեկտ մեկնաբանություն է, նախարարը պատասխանեց. «Սա ուղղակի սխալ մեկնաբանություն է: Հաշտության համաձայնությամբ մենք շատ ավելի ենք առաջ գնացել, քան ենթադրվում էր բաց ժողովի ժամանակ»: Բջջային կապի 2-րդ օպերատորի հապճեպ ընտրության առնչությամբ վերհիշվեց, որ Ադրբեջանը բողոք էր ներկայացրել միջազգային GSM ասոցիացիային, թե «Ղարաբաղ-Տելեկոմ» ընկերությունը չճանաչված պետության տարածքում զբաղվում է տնտեսական գործունեությամբ: Եվ «Ղարաբաղ-Տելեկոմը» հայտնվել էր GSM-ին անդամակցության կասեցման վտանգի առջեւ, որը կիրականացվեր, եթե ընկերությունը չդառնար հայաստանյան: Արդյոք հնարավոր տնտեսական պատժամիջոցներո՞վ է բացատրվում «Ղ-Տելեկոմին» մեկ օրում մրցույթում հաղթող ճանաչելը: Մեր այս հարցին ի պատասխան նախարարն ասաց. «Դրանք չի կարելի համարել տնտեսական պատժամիջոցներ: Խնդիրը վերաբերում էր «Ղարաբաղ-Տելեկոմին» բջջային կապի եւ արտաքին աշխարհի հետ կապվելու հնարավորություններից զրկելուն»: Սակայն արդյո՞ք Հայաստանում գործունեության արտոնագիր ստանալով՝ «Ղ-Տելեկոմը» կխուսափի այդ հեռանկարից: Չէ՞ որ այն շարունակում է իր գործունեությունը Ղարաբաղում: Իրական չի՞ համարում այն վտանգը, թե այդ միջոցները կարող է կիրառվեն արդեն Հայաստանի բջջային կապի օպերատորի նկատմամբ՝ այս հարցին Դավիթ Հարությունյանը միայն պատասխանեց. «Ո՛չ»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել