Երեկ ՀՖՖ նախագահ Ռուբեն
Հայրապետյանը եւ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Կազոնին հանդիպեցին մարզական
լրագրողների հետ: Հիմնականում խոսում էր ՀՖՖ նախագահը: Նա ասաց, որ վաղուց
չի հանդիպել լրատվամիջոցների ներկայացուցիչներին եւ ասելու շատ բան է կուտակվել:
Ռ. Հայրապետյանը հերթական անգամ ընդգծեց, որ լրատվամիջոցները տեղին եւ ժամանակին
քննադատում են հայկական ֆուտբոլում առկա անհաջողությունները, եւ դա, անկասկած, անհրաժեշտ
է ոլորտի պատասխանատուներին եւ մասնագետներին: Սակայն հորդորեց մինչեւ այս կամ այն
հրապարակումը տպագրելը կամ եթեր հեռարձակելը, կոնկրետ երեւույթի շուրջ կարծիք կամ
տեսակետ արտահայտելը՝ անհրաժեշտության դեպքում խորհրդակցել մասնագետների, գիտակների
հետ: «Հաջողությունը ֆուտբոլիստինն է, իսկ ձախողման պատասխանատուներն են մարզիչը,
ֆեդերացիան եւ ֆեդերացիայի նախագահը: Ես ինքս երբեք պատասխանատվությունից չեմ խուսափել:
Սակայն հիմա ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել իմ տեսանկյունով մի շատ կարեւոր
ու նուրբ երեւույթի վրա՝ հավաքականի մարզչին պետք է աշխատելու հնարավորություն տալ»,-
ասաց նա: Ու որպես օրինակ՝ մատնանշեց Ֆրանսիայի հավաքականը, որը ներկայումս ճգնաժամի
մեջ է՝ կապված սերնդափոխության հետ: «Բայց դա չի նշանակում, որ Ֆրանսիայում ֆուտբոլը
մեռնում է»: Ռ. Հայրապետյանը դիմեց լրագրողներին՝ շարունակել քննադատելը,
սխալները վեր բարձրացնելը՝ կոչ անելով, որ դրանք լինեն արդար ու տեղին: «Երբ լեգեոներականներն
իրենց ակումբներում վատ են հանդես գալիս կամ ընդհանրապես թիմի կազմ չեն ընդգրկվում,
բայց հրավիրվում են հավաքական, ոչ մեկը դրա համար մեզ ու մարզչին չի քննադատում:
Բայց եթե ֆուտբոլիստը մեկ գոլ է խփում, որոշ լրատվամիջոցներ նրան սկսում են աստվածացնել
ու դա ծառայեցնել իրենց՝ մարզիչների, ֆեդերացիայի հետ ունեցած անձնական խնդիրները
լուծելուն: Մենք որդեգրել ենք մի սկզբունք, ու բոլորդ էլ դա գիտեք: Հավաքականի համազգեստ
կրելը յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար մեծ պատիվ պետք է լինի: Ֆուտբոլիստը հավաքականում
պետք է ներդնի ինչ ունի, բոլորի հետ հավասար ենթարկվի կարգուկանոնին, անվերապահորեն
կատարի մարզչի բոլոր հանձնարարությունները: Մինչդեռ շատ լրագրողներ այս հանգամանքն
անտեսում են: Օրինակ, հարցնում եք, թե ինչո՞ւ Ռոմիկ Խաչատրյանը չի հրավիրվել: Ես
շատ լավ գիտեմ նրա հնարավորությունները: Բայց այս անգամ ինքս եմ խնդրել Կազոնիին
նրան չկանչել, որովհետեւ Ռոմիկը դաշտում գլուխ է պահում ու խաղալու փոխարեն որոշ
լրատվամիջոցներում ավելորդ ինքնագովությամբ զբաղվում: Նա ի՞նչ օրինակ է ծառայում
երիտասարդներին: Կամ՝ Ալբերտ Սարգսյանը: Ոչ մի լրագրող չնկատեց ու չգրեց այն մասին,
որ Չեխիայի հետ խաղի ժամանակ, երբ գլխավոր մարզիչը նրան դիտողություն էր անում, նա
խաղադաշտում վիճում էր մարզչի հետ: Ֆուտբոլում ո՞վ է նման բան տեսել: Բոլորդ էլ լավ
գիտեք, թե ես որքան եմ սիրում Ժորիկ Հովհաննիսյանին: Նրան ընդունել եմ որպես իմ զավակի:
Բայց դա չէր նշանակում, որ Ժորիկն իրեն պետք է իրավունք վերապահեր դաշտում իր թիմակցի
հետ արհամարհական վարվել: Դրա համար էլ ժամանակավորապես հեռացվեց թիմից»: Խոսելով
Հայաստան-Ռումինիա խաղի մասին՝ Ռուբեն Հայրապետյանը նշեց, որ այս անգամ նրա համար
ավելի կարեւոր էր այն, որ հավաքականը վերջապես ֆուտբոլ ցույց տվեց, ապացուցեց, որ
ունի ներուժ, կարող է խաղալ: «Ես կարծում եմ, որ մենք ռումինացիների հետ խաղում ոչ
թե մեկ միավոր վաստակեցինք, այլ կորցրինք երկու միավոր»։ Նա անդրադարձավ նաեւ
ներքին առաջնությանը, տեղեկացրեց, որ ամենայն հավանականությամբ եկող մրցաշրջանում
բարձրագույն խմբի թիմերի թիվը կավելացվի, հատուկ նշեց, որ այսօր իր ու ֆեդերացիայի
առաջնային նպատակներից մեկը հատկապես երիտասարդական հավաքականների հետ աշխատանքներն
ակտիվացնելն է, քանի որ այդ տարիքային խմբերի ֆուտբոլիստներն են մոտ ապագայում համալրելու
ազգային հավաքականը: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ