Լրահոս
Օրվա լրահոսը

«ՊԵՏՔ ՉԷ ՈՉԻՆՉ ԱՐԱԳԱՑՆԵԼ»

Նոյեմբեր 19,2004 00:00

Հարցազրույց Սերգեյ Փարաջանովի կնոջ՝ Սվետլանա
Շչերբատյուկի եւ որդու՝ Սուրեն Փարաջանովի հետ: – Եղա՞ք Փարաջանովի թբիլիսյան
տանը: Ի՞նչ զգացիք, երբ տեսաք, թե ինչպիսի փոփոխությունների է այն ենթարկվել վաճառվելուց
հետո: Սվետլանա Շչերբատյուկ.- Եղա բնակարանում: Դիտավորյալ գնացի ոչ թե փակուղով,
ինչպես իր օրոք ընկերներն ու հարազատներն էին գնում, այլ հիմնական մուտքով՝ Կոտե
Մեսխի փողոցով: Որովհետեւ գիտեի, թե ինչպես է տունը փոխված հենց փակուղու կողմից:
Բնակարանի հմայքը՝ պատշգամբը, աղյուսով շարված է: Իսկ այդ պատշգամբից դեպի քաղաք
շատ գեղեցիկ տեսարան էր բացվում: Փարաջանովը այդ պատշգամբի մասին ինձ անգամ բանտից
է գրել: Բակում մի ընկույզի ծառ է պահպանվել եւ վերջ՝ ո՛չ հայտնի ավազանը, ո՛չ պատշգամբը:
Նոր տանտերերը, որոնք Փարաջանովների հարեւաններն են եղել, ասացին, որ եթե ցանկանում
ենք թանգարան դարձնել այդ բնակարանը, իրենք պատրաստ են վաճառել: Ես հարցրի՝ արդյոք
իրենք այնտեղ հանգիստ ու ապահո՞վ են ապրում, նրանք պատասխանեցին՝ այո: Ես ասացի՝
ուրեմն մնացեք խաղաղությամբ: Տանտերերն ասացին, թե հայերը Փարաջանովի մահից հետո
ամեն ինչ գողացան-տարան: Ես ասացի, որ այդ բառը չասեն եւ պատմեցի, թե ինչպես է եղել:
Ամեն ինչ տարվել է Երեւան այն ժամանակ, երբ այնտեղ տունն արդեն կառուցված էր: Իսկ
Վրաստանում շատ խառը ժամանակներ էին: Փարաջանովի մոտ միշտ շատ հյուրեր էին
լինում, բայց երբ նա ծանր (թոքերի քաղցկեղով- Ա.Գ.) հիվանդացավ, ոչ ոք չկար, որ նրան
խնամեր: Իմ այցելության տասն օրերի ընթացքում ես միայն մի հոգու եմ տեսել, ոմն Միշա,
որին չէի էլ ճանաչում: Ես չէի կարող մնալ եւ նրան խնամել, ոչ թե այն պատճառով, որ
մենք ամուսնալուծված էինք, այլ՝ իմ հայրը ծանր հիվանդ էր եւ ես չէի կարող նրան մենակ
թողնել: Երբ ես Մոսկվայի հիվանդանոցում այցելեցի նրան, նա ասաց՝ պատկերացնում ես,
հայերը Երեւանում ինձ համար տուն են կառուցել: Փառք Աստծո, որ Երեւանում ստեղծվեց
այդ տուն-թանգարանը, ոչինչ, որ նա չի ապրել այնտեղ: Բայց հայերը ստեղծեցին մի թանգարան,
որը աշխարհի լավագույն թանգարաններից է: – Ի վերջո, ինչո՞ւ 1995 թ. վաճառվեց
Փարաջանովի հայրական տունը, որտեղ նա իր կյանքի մեծ մասն էր անցկացրել: –
Ես որդուս չեմ մեղադրում, որ վաճառեց այդ տունը: Անձամբ Սերգեյը հասկանում էր՝ ինչ
է կատարվում այդ ժամանակ Վրաստանում, որ երկիրը քաղաքացիական պատերազմի շեմին է,
որ Վրաստանում Փարաջանովը այդ ժամանակ ոչ ոքի պետք չի: Նա Երեւանում արդեն տեսել
էր իր համար կառուցված տունը, որը հայերը նույնպես ծանր ժամանակ կառուցեցին՝ Ղարաբաղյան
պատերազմի օրերին: Վիրահատությունից առաջ Փարաջանովն ասաց՝ եթե ինձ հետ ինչ-որ
բան պատահի, տունը վաճառեք: Այնպես որ, սխալ է ասել, թե դա միայն որդուս որոշումն
է եղել: Սերգեյը հասկանում էր, որ եթե իր հետ ինչ-որ բան կատարվի, ամեն ինչ կթալանեն:
Ժամանակն էր այդպիսին: Նրա մահից հետո հինգ տարի այդ բնակարանը ոչ ոքի չէր հետաքրքրում,
բայց հենց լսեցին, որ տղաս ուզում է այն վաճառել, անմիջապես աղմուկ բարձրացրին: Իսկ
բնակարանը նույնիսկ Սերգեյի օրոք շատ վատ վիճակում էր, մի քանի անգամ առաստաղը փլվել
էր, մի անգամ նույնիսկ մի հնաոճ վազ է կոտրվել այդ պատճառով: Սերգեյը հիվանդությունից
առաջ էր սկսել իր գործերը վաճառել կամ ուղարկել Հայաստան: Նա չի սխալվել, նա մարգարեական
մարդ էր. եթե այդպես չվարվեր՝ ամեն ինչ կկորչեր: Սուրեն Փարաջանով.- Գիտե՞ք,
երբ Հայաստանից եկան ամեն ինչ տարան, ես այն ժամանակ նեղացա, որովհետեւ առանց ինձ
իրավունք չունեին: Բայց հիմա կարծում եմ, որ ճիշտ արեցին: – Այսօր կվաճառեի՞ք
Փարաջանովի բնակարանը: – Նայած ինչքանով (ծիծաղում է – Ա.Գ.): Ես այնքան հարուստ
մարդ չեմ, որ բնակարանը նվիրեի կամ ինքս կարգի բերեի ու թանգարան դարձնեի: Այդ
ժամանակ Վրաստանում շենքեր էին ավերվում: Ամենամեծ հյուրանոցները լիքն էին փախստականներով:
Իսկ մեր բնակարանը դատարկ էր: Կարող էին վերցնել դատարկ բնակարանը: Գուցեեւ չվերցնեին,
բայց ո՞վ իմանար: Այն, ինչ այսօր տեղի է ունենում Թբիլիսիում՝ բավական է (նկատի
ունի Փարաջանովի արձանի բացումը – Ա.Գ.), ուրիշ ոչինչ պետք չէ անել: Ժամանակի հետ
ամեն ինչ իր տեղը կընկնի եւ արժանի կլինի Փարաջանովին: Ամեն ինչ դրան է տանում: Անձամբ
նա էր ասում՝ պետք չէ ոչինչ արագացնել: Նրա ֆիլմերը չեն հնանում ոչ ֆիզիկապես, ոչ
բարոյապես: Նրա ժողովրդականությունն աճում է՝ առանց գովազդի: Եթե Վրաստանին երբեւէ
պետք լինի ունենալ Փարաջանովի թանգարանը, նրանք կգտեն այդ գումարը: Ինձ Կիեւում ասում
էին, հնարավոր չէ, որ վրացիները հային արձան կանգնեցնեն, բայց տեսնո՞ւմ եք, դա եղավ:
ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ Թբիլիսի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել