Կառավարությունը
երեկ հավանություն տվեց OTE-ի եւ «ԱրմենՏելի» միջեւ կնքված հաշտության համաձայնությանը
Այսուհանդերձ՝ բաց է մնում հետեւյալ հարցը. Սահմանադրական դատարանը 1999-ի
հունվարի 27-ին որոշում կայացրեց, ըստ որի՝ ներդրումներն սկսելու պահից 5 տարի հետո
պետք է դադարեցվեր «ԱրմենՏելի» մենաշնորհը: Իսկ քանի որ ներդրումների սկիզբը համարվում
է 1998-ի մարտի 5-ը՝ 2003-ի մարտի 5-ից «ԱրմենՏելը» պետք է զրկված լիներ իր բոլոր
մենաշնորհներից: ՍԴ-ի որոշումները վերջնական են եւ ենթակա կատարման՝ ուստի ուժի մե՞ջ
է, թե՞ ոչ այդ որոշումը՝ «Առավոտի» այս հարցին արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը
պատասխանեց. «Սխալ եք մեջբերում ՍԴ որոշումը: Հարցը կոռեկտ չէ»: Մեկնաբանություններ
եղան, թե կառավարությունը ստիպված էր գնալ հաշտության համաձայնության, քանի որ չնայած
հակառակի մասին հավաստիացումներին՝ Լոնդոնի արբիտրաժում պարտվելու վտանգի առջեւ էինք:
Հարցին՝ սա նույնպե՞ս ոչ կոռեկտ մեկնաբանություն է, նախարարը պատասխանեց. «Սա ուղղակի
սխալ մեկնաբանություն է: Հաշտության համաձայնությամբ մենք շատ ավելի ենք առաջ գնացել,
քան ենթադրվում էր բաց ժողովի ժամանակ»: Բջջային կապի 2-րդ օպերատորի հապճեպ
ընտրության առնչությամբ վերհիշվեց, որ Ադրբեջանը բողոք էր ներկայացրել միջազգային
GSM ասոցիացիային, թե «Ղարաբաղ-Տելեկոմ» ընկերությունը չճանաչված պետության տարածքում
զբաղվում է տնտեսական գործունեությամբ: Եվ «Ղարաբաղ-Տելեկոմը» հայտնվել էր GSM-ին
անդամակցության կասեցման վտանգի առջեւ, որը կիրականացվեր, եթե ընկերությունը չդառնար
հայաստանյան: Արդյոք հնարավոր տնտեսական պատժամիջոցներո՞վ է բացատրվում «Ղ-Տելեկոմին»
մեկ օրում մրցույթում հաղթող ճանաչելը: Մեր այս հարցին ի պատասխան նախարարն ասաց.
«Դրանք չի կարելի համարել տնտեսական պատժամիջոցներ: Խնդիրը վերաբերում էր «Ղարաբաղ-Տելեկոմին»
բջջային կապի եւ արտաքին աշխարհի հետ կապվելու հնարավորություններից զրկելուն»: Սակայն
արդյո՞ք Հայաստանում գործունեության արտոնագիր ստանալով՝ «Ղ-Տելեկոմը» կխուսափի այդ
հեռանկարից: Չէ՞ որ այն շարունակում է իր գործունեությունը Ղարաբաղում: Իրական չի՞
համարում այն վտանգը, թե այդ միջոցները կարող է կիրառվեն արդեն Հայաստանի բջջային
կապի օպերատորի նկատմամբ՝ այս հարցին Դավիթ Հարությունյանը միայն պատասխանեց. «Ո՛չ»:
Ա. Ի.