«Պետք է ճանաչվես որպես մարդ եւ նոր խոսես մարդու իրավունքների մասին: Բայց այս երկրում ես ինձ մարդ չեմ զգում»,- իր բողոքն այսպես սկսեց ակնաբույժ, միջազգային ակադեմիայի ակադեմիկոս Մանուկ Մանուկյանը:
Նրա կլինիկան առանց հիմնական հասցե ունենալու գործում է արդեն 10 տարի: Իսկ մինչ այդ, աչքի վիրաբուժարանը տեղակայված էր Երեւանի Ամիրյան 23 հասցեում, զբաղեցնելով 250 քմ տարածք: «Այդ հիվանդանոցում երկու բաժանմունք կար՝ աչքի եւ կոսմետոլոգիայի: 1994-ին կառավարության որոշմամբ շենքը դատարկեցին՝ տրամադրելով մանկական սթրես կենտրոնին: Քանի որ կոսմետոլոգիայի բաժնի վարիչը Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի ազգականն էր, նրան տեղ հատկացրին, իսկ ինձ թողեցին փողոցում»,- պատմեց Մ. Մանուկյանը: Մեկ տարի անց նրա ձեռքն է ընկնում կառավարության 1994թ. թիվ 352 որոշումը, որով առողջապահության նախարարությանը հանձնարարվում էր աչքի վիրաբուժական բուժարանը տեղափոխել համապատասխան այլ տարածք:
Այդ օրվանից բուժարանի տնօրենը սկսում է բողոք-նամակներ ուղղել այն ժամանակ նախարար Արա Բաբլոյանին ու վարչապետին: Վերջինիս հանձնարարականին ի պատասխան, առողջապահության նախարարության բուժկանխարգելիչ օգնության վարչության պետ Ա. Ղուկասյանը գրում է. «Ձեզ առաջարկվել են տարածք հատկացնելու մի քանի տարբերակներ, այդ թվում՝ թիվ 2 կլինիկական հիվանդանոցում, որից դուք հրաժարվել եք, այլ հնարավորություն ներկայումս չունենք»: «Դա բացարձակ սուտ է, միայն հոգեկան հիվանդը կհրաժարվի նման առաջարկից: Թիվ 2 հիվանդանոցը քաղաքի կենտրոնում է, Մաշտոցի պողոտայում, ես ինչու պետք է ուրիշ տեղ վարձով տարածք վերցնեի եւ հրաժարվեի հիմնական հասցեից»,- պարզաբանելով, Մ. Մանուկյանը նաեւ հիմնավորեց. «Եթե այդպես է, ինչո՞ւ իմ պահանջով չեն ներկայացնում հրաժարվելուս մասին գրություն՝ իմ ստորագրությամբ»: Այդպես, տարիներ շարունակ զուր գրագրությունից բացի, ակնաբույժը ոչնչի չի հասել: Միայն վերջերս, նախագահ Քոչարյանին հղած նամակից հետո, Պետական գույքի կառավարման վարչությունից նրան առաջարկել են նախ գնել 200 քմ մի տարածք, հետո էլ, երբ ակնաբույժը հայտնել է, որ այդքան գումար չունի, առաջարկել են զբաղեցնել անմխիթար վիճակում գտնվող 80 քմ՝ Քոչարի փողոցում: «Ես ղեկավարում եմ ակնաբուժական վիրաբուժական կենտրոն, եւ 80 քմ-ի վրա չեմ կարող ստեղծել լիցենզիայի պահանջները բավարարող պայմաններ»,- Մ. Մանուկյանի այս պատճառաբանությանը վարչության աշխատակից Սողոմոնյանը պատասխանել է. «Ուրեմն ոչինչ չես ստանա»:
Դժվար թե ժամանակին իրենց իշխանական լծակներն օգտագործած եւ տարբեր բուժհիմնարկներ զավթած առողջապահության ոլորտի նախկին պաշտոնյաներից որեւէ մեկն այնքան վաստակ ունենա իր մասնագիտական առաքելության մեջ, որքան նրանց անօրինական գործելակերպի պատճառով դռնեդուռ ընկած ակադեմիկոսը: Մեզ տրամադրված գրությունների մեջ բազմաթիվ շնորհակալագրեր կան տարբեր մանկատներից՝ հարյուրավոր երեխաների անվճար վիրահատելու եւ օպտիկական ակնոցներ նվիրելու հետ կապված: Վերջին 3 տարիներին 160 հիվանդ է անվճար բուժվել ու վիրահատվել նրա կլինիկայում: Ծագումով հունահայ Մ. Մանուկյանը սիրով է օգնում իր ազգակիցներին, թեպետ գրել է, որ «հոգնեցի, ձանձրացա հայրենիքիս, ժողովրդիս կատարած իմ նվիրյալ ծառայություններից, քանզի մնացի անհատույց»: Իր իրավունքները պաշտպանելու համար ակնաբույժը դիմելու է միջազգային դատարան:
ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ