Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒԺԱՅԻՆՆԵՐԸ ԴԺԳՈՀ ԵՆ

Նոյեմբեր 19,2004 00:00

Պաշտպանության
նախարարության եւ ՀՀ ոստիկանության դժգոհությունները թերեւս պատճառ դառնան, որ վերանայվեն
2005-ի բյուջեով նրանց համար նախատեսվող հատկացումները: Կառավարության ներկայացուցիչները
որոշակի պարծանքով էին նշել, թե 2005-ին առաջին անգամ կրթության համար նախատեսված
ծախսերը գերազանցելու են պաշտպանության ոլորտի հատկացումներին: Կրթությանը բյուջեի
նախագծով նախատեսվում է հատկացնել 55,399 մլրդ դրամ, իսկ պաշտպանությանը՝ 49,962
մլրդ դրամ: Երեկ ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, կալանավայրերի
պահպանման, պաշտպանության նախարարության, ռազմատնտեսական ծրագրերի ֆինանսավորմանն
առնչվող հարցերի դռնփակ քննարկումներից հետո լրագրողներին տրված պարզաբանումներից
ակնհայտ դարձավ, որ ուժայինները բավական դժգոհ են այդ հեռանկարից: Այսպես՝
ՊՆ նախարար Սերժ Սարգսյանը խոսելով Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանական բյուջեների
հարաբերակցության մասին՝ մասնավորապես նշեց. «Եթե խոսքը բացարձակ թվերի մասին է,
ապա նրանց մոտ շատ ավելի մեծ է: Իսկ եթե խոսքը վերաբերում է բյուջեում տեսակարար
կշռին՝ մերը մի քիչ ավելին է»: Այն հարցին ի պատասխան, թե արդյոք բավարա՞ր են 2005-ի
բյուջեով նախատեսվող գումարները Հայաստանի պաշտպանական համակարգի արդյունավետությունը
պահպանելու համար՝ պրն Սարգսյանն ասաց. «Երբ բյուջեն կհաստատվի՝ կասեմ, թե բավակա՞ն
էր: Այն, ինչ այսօր քննարկվեց՝ ո՛չ, բավարար չէր: Բայց քննարկումները շարունակվում
են, եւ ես վստահ եմ, որ լինելու են որոշակի փոփոխություններ ու կառավարությունը հնարավորություն
է գտնելու ավելացնելու, քանի որ՝ նախ պետք է ավելացվի սպաների, ենթասպաների եւ ծառայողների
աշխատավարձերը: Ենթադրում ենք՝ դրա համար ունեմ ՀՀ նախագահի եւ վարչապետի թույլտվությունը՝
ասելու, որ հունվարի 1-ից սպաների աշխատավարձը բարձրանալու է 50 հազար դրամով, ենթասպաների
եւ պայմանագրայիններինը՝ 30 հազար դրամով, ծառայողներինը՝ 10 հազար դրամով: Երկրորդը՝
մենք լուրջ խնդրի առջեւ ենք կանգնած միջազգային գների բարձրացման առնչությամբ: Այս
խնդիրները պետք է անպայման լուծվեն, փոխհատուցվեն: Կրկնում եմ՝ վստահ եմ, որ կառավարությունը
միջոցներ է գտնելու հայկական բանակին հատկացնելու այնքան գումար, որ չտուժի մեր բանակի
մարտունակությունը»: Նշենք, որ մի կարեւոր հարցում ՊՆ-ն ստիպված չի լինի ակնկալել
բյուջետային միջոցներ: Օրեր առաջ ազդարարվեց, թե «Ինգեոկոմ միավորում» ընկերությունն
առաջիկայում սկսելու է Հայաստանի պաշտպանության նախարարության նոր շենքի կառուցման
աշխատանքները: Երեկ տրված հարցին, թե արդյոք այդ շինարարությունն իրականացվելու է
պետբյուջեի՞ հաշվին՝ Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Ո՛չ: Չեն լինելու բյուջետային ծախսեր:
Այդ ամբողջ գործընթացը լինելու է բաց, թափանցիկ: Կլինի կառավարության որոշում, եւ
հնարավորություն կունենաք ծանոթանալ դրան»: ՀՀ ոստիկանապետ Հայկ Հարությունյանն
էլ այն հարցին ի պատասխան, թե գո՞հ է իրենց հատկացվելիք բյուջետային միջոցներից՝
ասաց. «Իհարկե՝ գոհ չեմ: Բայց հաշվի առնելով հանրապետության ընդհանուր տնտեսական
վիճակը՝ այնուամենայնիվ, պետք է շնորհակալություն հայտնեմ կառավարությանը, որ նախորդ
տարվա համեմատ ոստիկանության բյուջեում կա որոշակի ավելացում, որը կազմում է մոտ
2 մլրդ դրամ: Իհարկե՝ դրա 80%-ը մենք ուղղում ենք աշխատավարձի ֆոնդին, որը հնարավորություն
կտա մոտ 40% հավելավճարի ձեւով բարձրացնել աշխատակիցների աշխատավարձը: Իհարկե, այդ
գումարը բավարար չէ, սակայն այնուամենայնիվ՝ կա զգալի ավելացում: Եվ բացի այդ՝ կառավարությունում
պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ 2005-ին լրացուցիչ հնարավորությունների դեպքում
ոստիկանությանն անպատճառ կուղղվեն որոշակի միջոցներ»: Նրան հիշեցրինք՝ վարչապետ Անդրանիկ
Մարգարյանն առաջնահերթ էր համարել, որ նախ փոքրանա ուժային ոլորտների եւ մշակութային
հաստատությունների աշխատակիցների վարձատրության միջեւ առկա բեւեռացումը: «Համաձայն
եմ, որ, ցավոք, խզվածություն կա,- պատասխանեց Հայկ Հարությունյանը:- Եվ հիմնական
խզվածությունն այն է, որ այսօր պետական ծառայողն ավելի բարձր է ստանում, քան ոստիկանը»:
Ուժայինների այս դժգոհությունները նկատի առնելով՝ ֆինանսների եւ էկոնոմիկայի
նախարար Վարդան Խաչատրյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք կվերանայվե՞ն այս ոլորտների
համար 2005-ի ֆինանսական հատկացումները: Ի պատասխան նա հիշեցրեց բյուջետային գործընթացների
սահմանված ընթացակարգը, թե մինչեւ բյուջեի վերջնական ներկայացումը՝ լինելու են առաջարկներ.
«Հնարավոր է նաեւ, որ ավելացումներ լինեն, երբ կառավարությունը քննարկի առաջարկները»:
Վարդան Խաչատրյանը նաեւ հիշեցրեց, որ ժամանակին ինքն էլ էր պաշտպանության նախարարության
աշխատակից եւ վստահեցրեց. «Ամեն ինչ պայմանավորված է բյուջեի կառուցվածքով եւ եկամուտների
ավելացմամբ: Բայց ինչքան կարողանանք՝ կավելացնենք հատկացումները պաշտպանական անհրաժեշտ
միջոցառումներն իրականացնելու եւ տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը պահպանելու
համար»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել