Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԹԵ ԴԱ ՀԱՅԱՍՏԱՆ-ԱԴՐԲԵՋԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ Է

Նոյեմբեր 19,2004 00:00

Ուրեմն
Հայաստանի գործերը բարդ են Եկող երեքշաբթի Ադրբեջանի ջանքերի շնորհիվ ՄԱԿ-ում
կլսվի Լեռնային Ղարաբաղի, այսպես կոչված, «գրավյալ տարածքների» հարցը: Ակնհայտ է,
որ միջազգային կառույցներն ավելի ու ավելի ուշադիր են դառնում Ղարաբաղի նկատմամբ,
ակնհայտ է նաեւ, որ այդ ուշադրությունն այնքան էլ շահեկան չէ Ղարաբաղի եւ Հայաստանի
համար: Յուրաքանչյուր այդօրինակ ուշադրությունից հետո հայաստանյան իշխանությունները
հայտարարում են, որ դրանք իրավական հիմք չունեն, որ Ադրբեջանի պահվածքը միջազգային
կառույցներում վատ է ընկալվում եւ այլն: Սակայն երբեք խոստովանություն չի հնչում,
ասենք՝ մեր սեփական դիվանագիտական սխալների մասին: Դե, եթե այդքան լավ ենք աշխատում,
ինչո՞ւ ենք շարունակ պարտվում, ինչո՞ւ որեւէ միջազգային կառույց ադրբեջանցիներին
կարգի չի հրավիրում եւ չի հարցնում՝ ի՞նչ եք ուզում հայերից: Նույնիսկ ԵԽԽՎ-ն, ում
առջեւ ստանձնած պարտավորությունները իշխանությունների ներկայացմամբ Հայաստանը կատարել
կամ կատարում է հինգուպլյուսով, օրերս լսեց ԼՂ հարցով զեկուցող Դեյվիդ Աթկինսոնի
զեկույցը, որը, մեղմ ասած, այնքան էլ հայանպաստ չէր: Ըստ էության, այն հիմնական
գծերով կրկնեց Թերի Դեւիսի արդեն հայտնի զեկույցը: Այս ամենի ֆոնին խիստ հասկանալի
է, թե ինչու է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը սկսել խոսել այն մասին, որ Ղարաբաղը պետք
է անպայման դառնա բանակցային կողմ: Եթե հիշում եք, նախագահական ընտրությունների հեռուստաբանավեճի
ժամանակ, երբ Ստեփան Դեմիրճյանը խոսեց այդ մասին, Ռոբերտ Քոչարյանը գրեթե նեղացավ,
համարյա դավաճանության մեջ մեղադրեց իր մրցակցին այն բանի համար, որ նա կարեւորեց
Ղարաբաղի մասնակցությունը: Հիմա թերեւս խիստ կարեւոր իրավիճակ է, քանի որ հենց ինքն
է սկսել խոսել Ղարաբաղի՝ բանակցային կողմ լինելու մասին: Թերեւս պահը կարեւոր
է, քանի որ նույն կոալիցիայի ներսում քաղաքական ուժերի ներկայացուցիչները մասնավոր
զրույցներում խիստ մտահոգություն են հայտնում Ղարաբաղի հիմնահարցի կապակցությամբ,
սակայն խուսափում են խոսել բարձրաձայն: Առայժմ խուսափում են: Ինչը չի անում «Հանրապետություն»
կուսակցության ղեկավար, ղարաբաղյան պատերազմի մասնակից Ալբերտ Բազեյանը: Վերջինս
նկատեց, որ վերջին տարիներին տարբեր միջազգային կառույցների կողմից Ղարաբաղի հիմնահարցի
կարգավորման վերաբերյալ հնչող ոչ հայանպաստ զեկույցներն ու գնահատականները միայն
մեկ պատճառով են լինում, եւ այդ պատճառը «իշխանությունների սխալ արտաքին քաղաքականությունն
է: Ցավոք, հայկական դիվանագիտությունը չկարողացավ փաստարկել կամ համոզել միջազգային
հանրությանը, որ ոչ թե պետք է քննարկել հակամարտության հետեւանքների, այլ բուն պատճառների
վերացման հարցը: Պատճառը հայտնի է՝ ԼՂ-ն ապօրինաբար ընդգրկվել էր Ադրբեջանի կազմում,
ոչ լեգիտիմ մարմնի կողմից, եւ Ադրբեջանը Արցախի նկատմամբ վարել է զավթողական քաղաքականություն:
Հակամարտության պատճառը ադրբեջանական ագրեսիան է եղել: Այս պատճառը պետք էր ուղղակի
պարզաբանել միջազգային հանրությանը: Իսկ ինչ վերաբերում է միջազգային տարբեր ատյաններում
ձեւավորվող կարծիքներին ու տեսակետներին, սա շատ վտանգավոր է, քանի որ ձեւավորվում
է մի մթնոլորտ, ընդհանրական մի տեսակետ, ըստ որի՝ իբր սա հակամարտություն է Հայաստանի
եւ Ադրբեջանի միջեւ, որ Հայաստանը ագրեսոր է եւ այլն: Այսպիսի մթնոլորտ է ձեւավորվում,
որի դեմ հետագայում շատ դժվար կլինի պայքարել»: Ալբերտ Բազեյանի գնահատմամբ, սա շատ
վտանգավոր իրավիճակ է, եւ հետո հայկական դիվանագիտությունը շատ է չարչարվելու այս
կնճիռը հարթելու համար: Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունները՝ Ղարաբաղը բանակցային
կողմ դիտելու մասին, Ալբերտ Բազեյանը դիտում է որպես սեփական սխալը ուղղելու փորձ.
«Ոչ ոք չի մոռացել, որ վեց տարի շարունակ տեղի էին ունենում Քոչարյան- Ալիեւ հանդիպումներ
եւ հարցի ինչ-որ տարբերակներ էին քննարկվում: Այդ ամենը ըստ էության ավարտվեց անարդյունք
եւ անպտուղ: Ցավոք, Ռ. Քոչարյանը, լինելով շատ մեծամիտ, ինքն իրենով փոխարինեց նաեւ
Արցախի իշխանություններին: Լինելով ՀՀ նախագահ՝ միանձնյա որոշեց, որ ինքը կարող է
փոխարինել եւ Հայաստանին եւ Արցախին: Բայց միջազգային հանրությունը դա ընկալեց որպես
զուտ դե-ֆակտո Հայաստանի նախագահի հանդիպումներ, եւ ըստ էության հակամարտությունը
տեղափոխվեց Ադրբեջան-Հայաստան հարթություն: Եվ սա այն դեպքում, երբ հրադադարի ստորագրմանը
մասնակից է եղել նաեւ Արցախի իշխանությունը»: Մեր զրուցակցի կարծիքով, ստեղծվել
է այնպիսի իրավիճակ, երբ Ռ. Քոչարյանը ստիպված է հայտարարել, որ Ղարաբաղը պետք է
մասնակից լինի բանակցություններին: Պատասխանատվությունը խիստ ծանր բեռ է՝ ըստ Ալբերտ
Բազեյանի: Պարոն Բազեյանը պատերազմի վերսկսման վտանգ չի տեսնում, սակայն գտնում է,
որ երկրում իրականացվող քաղաքականությունը չի երաշխավորում երկրի բնականոն զարգացումն
ու հզորացումը. «Ինչ վերաբերում է պատերազմի վերսկսման վտանգին, ես մոտակայում դրա
նախադրյալները չեմ տեսնում, քիչ հավանական եմ համարում: Ադրբեջանի սպառնալիքները
ավելի շատ ներքին օգտագործման համար են: Բացի դրանից, միջազգային հանրությունը բազմաթիվ
խնդիրներ ունի այս տարածաշրջանում, եւ որեւէ գերտերության ձեռնտու չի լինի այս տարածաշրջանում
պատերազմի վերսկսումը»: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել