ՉԱՐԵՆՑՆԵՐՆ ՈՒ «ԲԱԼԱԳԱՆԸ» Թատրոնի շարքային հանդիսատես եմ: Եթե թատերագետները պնդեն, որ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի «Չարենցի ուղղիչ տունը» ներկայացումը գլուխգործոց է, ես սիրով կտպագրեմ այդ տեսակետը եւ կմտածեմ, որ ես, հավանաբար, սխալ եմ: Բայց հատուկ պատրաստվածություն չունեցող մարդու համար գուցե անհասկանալի մնա, թե որն էր այդ ներկայացման գլխավոր միտքը: Որ 1926-ի եւ 1937-ի Չարենցները տարբե՞ր ձեւով էին մտածում՝ դրա համար կարելի էր «11 դրվագով իմպրովիզ» չանել: Որ բոլշեւիկների «նոր մարդու կերտման» գաղափարները դատարկ էին եւ ուտոպիստական՝ դա ապացուցելու համար էլ այսօր առանձնապես չարժե ժամանակ ծախսել: Իհարկե, արվեստում կարեւորը ոչ թե «ինչն» է, այլ «ինչպեսը»: Ինչպե՞ս են ներկայացման հեղինակները իրականացրել վերը թվարկած գաղափարները (կամ, հնարավոր է, որեւէ այլ գաղափար): Ուղղիչ տան բնակիչների «բալագանի», ինչպես նաեւ երկու Չարենցների միջոցով (մեկը կարմիր վերնաշապիկով, մյուսը՝ մինչեւ գոտկատեղը մերկ): Այս երկրորդ Չարենցը «բալագանին» չի մասնակցում եւ սահմանափակվում է «ջահել» Չարենցին ռեպլիկներ ուղղելով եւ իր բանաստեղծություններից հատվածներ կարդալով: Մեծ պոետի հանճարեղ տողերն արտասանվում են այնպես, ինչպես դպրոցում սովորեցնում են հայոց լեզվի ուսուցիչները՝ հեծկլտալով եւ հառաչելով: Այնպես որ, ոչ միայն իմաստը, այլ առանձին բառեր չես հասկանում: Ի դեպ, մի պահ ամբողջ «բալագանը», չգիտես ինչու, «երգչախմբով» արտասանում է «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը: Երիտասարդ Չարենցն այդ «բալագանին» մի թեթեւ մասնակցում է, բայց պարզ չէ, թե ինչպիսի ֆունկցիայով: Ներկայացումն ավարտվում է հետեւյալ կերպ: Ուղղիչ տան բնակիչները, բավականին երկար ու ձանձրալի, բեմականացնում են Շիրվանզադեի «Պատվի համար» պիեսը, այնուհետեւ պարում են հայկական պար, երգում են «Ինտերնացիոնալը» (դաստիարակվել են, այսինքն) եւ գնդակահարվում են: Եվս մի-երկու չարենցյան տող եւ վերջ՝ ծափահարություններ: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆՀ. Գ. Բեմից մի քանի անգամ «բոզ» բառն արտասանելը, ինքնին, կարծում եմ, սրամիտ չէ: Չնայած կային պատանի հանդիսատեսներ, որոնք ծիծաղում էին: