«Սուրբ Թերեզան» հաղթեց Ոչ պետական բուհերում նո՞ւյնպես կլաններ կան Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի երեկվա վճռով (դատավոր՝ էդուարդ Ավետիսյան) ՀՀ ԿԳ նախարարության լիցենզավորման եւ հավատարմագրման ծառայությունը պարտավոր է հավատարմագրել Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանի «դեղագործություն» եւ «բուժական գործ» մասնագիտությունները: Համալսարանի ռեկտոր Լարիսա Համբարձումյանը դատարան է դիմել այն բանից հետո, երբ լիցենզավորման եւ հավատարմագրման ծառայությունը հրաժարվել է հավատարմագրել նշված մասնագիտությունները՝ չափորոշիչներ չկան պատճառաբանությամբ: Սակայն նույն ժամանակահատվածում (2000-2004 թթ.) ուրիշ ոչ պետական բուհերի նույն մասնագիտությունները հավատարմագրվել են: Լարիսա Համբարձումյանի կարծիքով, այսկերպ փորձ է արվում չեզոքացնել որոշ հովանավորյալ ոչ պետական բուհերի պոտենցիալ մրցակիցներին: Մինչդեռ, ինչպես հավաստիացնում է Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանի ռեկտոր Լարիսա Համբարձումյանը, իրենց բուհը միակն է տարածաշրջանում, որ գրանցված է եւ համագործակցում է ՄԱԿ-ի Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ, Երեւանի կենտրոնում սեփական շենք եւ արտասահմանցի ուսանողներ ունի, գործընկերային հարաբերությունների մեջ է Անգլիայի, Ֆրանսիայի, Հոլանդիայի, Թաիլանդի, ԱՄՆ բուժական-կրթական հաստատությունների հետ: Նաեւ միակն է, որ «խնամքը որպես գիտություն» ծրագրով պատրաստում է գթության քույրեր: ԿԳ նախարարության եւ լիցենզավորման եւ հավատարմագրման ծառայության ներկայացուցիչներ Մարինե Գրիգորյանը եւ Մովսես Մովսիսյանը դատարանում էլ նույն պատճառաբանությունը բերեցին. հավատարմագրման չափորոշիչներ չկան: Մյուսների համար կայի՞ն. դատավորի հարցը հստակ պատասխան չունեցավ: Եվ քանի որ չափորոշիչներն արդեն սահմանվել-հաստատվել են, պատկան մարմինները պատրաստ էին սկսել հավատարմագրման գործընթաց, ինչին համաձայն չէր ռեկտորը: Վերջինս հավաստիացնում է, որ այս ընթացքում բուհը ուսանողների արտահոսք է ունեցել եւ հավատարմագրումը ձգձգելու եւս մեկ տարին նշանակում է, որ «բուհը կմահանա»: Տպավորությունն այնպիսին էր, որ պատասխանողները համաձայն էին հայցվորի հետ, ուղղակի չէին ուզում պատասխանատու լինել իրենց նախորդների սխալների համար: Լարիսա Համբարձումյանն էլ գոհ էր ծառայության ներկայիս աշխատաոճից: Իսկ 2000-2004 ժամանակահատվածում հավատարմագրման որակի մասին է խոսում այն փաստը, որ լիցենզավորման եւ հավատարմագրման ծառայության այն ժամանակվա տնօրենը փախուստի մեջ է: ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ