Լրահոս
Օրվա լրահոսը

ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ՝

Նոյեմբեր 18,2004 00:00

ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ՝ ՃԱՇ, ՍԵՂԱՆԻ ՎՐԱ՝ «ՔՐՋԻԿ» Ըստ ականատեսի՝ «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկի կալանավորները կիսասոված են «Առավոտը» վերջերս հրապարակել էր «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում 80 կգ մսի յուրացման փաստը: Հասկանալի է, որ նույնատիպ, սակայն պաշտոնապես չբացահայտված պատմություններ կան համարյա բոլոր քրեակատարողական հիմնարկներում: «Էրեբունի» քրեակատարողականի ճաշարանում աշխատած նախկին կալանավորը «Առավոտին» պատմեց, որ հիմնարկ մուտք գործող միսը, որի գինը սահմանված է 1300 դրամ, կալանավորին չի հասնում: Կալանավորներին, լավագուն դեպքում, տրվում է սառեցրած միս՝ նախատեսված կենդանիների համար: Ըստ «Առավոտի» զրուցակցի, 1 տոննա 800 կգ գնված մսից միայն 300 կգ-ն է բերվել հիմնարկ: Դա էլ բաժանվել է գնման փաստաթղթերը ստորագրած անձանց միջեւ: Եղել է դեպք, որ մսի փոխարեն թոք է բերվել, իսկ դրանց գները նույնը չեն: Հիշեցնենք, որ կալանավորի սննդի չափաբաժինն է՝ 650 գ հաց, 40 գ ոլոռ, 40 գ հաճար, 40 գ լոբի, 10 գ գարեձավար, 30 գ մակարոն, 180 գ միս, 20 գ աղ, 45 գ մարգարին կամ կարագ, 40գ շաքարավազ, 2գ թեյ, 5 գ տոմատ, 50 գ պանիր, 550 գ կարտոֆիլ, 200 գ կաղամբ, 50 գ սոխ, ընդամենը՝ օրական 561 դրամ, որն էլ ամսական կազմում է մոտ 30 դոլար: Սակայն «Էրեբունու» նախկին կալանավորը նշում է, որ այս ցանկից պանիր կամ կարագ կալանավորներն ընդհանրապես չեն տեսնում: Փաստաթղթային մի շարք «կոմբինացիաների» արդյունքում՝ մատյաններում կամ ստուգումների համար նախատեսված փաստաթղթերում ամեն ինչ կարգին է: Իսկ կալանավորին օրական երեք անգամ տալիս են փտած կարտոֆիլ, ցորենի կամ գարու ձավարով ու կաղամբով պատրաստված «քրջիկ», որը եւ կազմում է կալանավորի հիմնական սնունդը: «Մինչեւ 2003թ. նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները, նույնիսկ մինչեւ հիմնարկի պետի փոխվելը,- պատմում է նախկին կալանավորը,- գոնե մթերքը գալիս էր պահեստ: Այժմ պահեստ էլ չի մտնում»: Հիմնարկի մյուս ոլորտներում եւս վիճակը անմխիթար է: Այնտեղ դեղորայքի աշխույժ բիզնես է ծավալված: Քանդել են արհեստավորների կրպակները, ուր կալանավորները գոնե զբաղվում էին: Բիզնեսի մեկ այլ՝ կայուն աղբյուր է կալանավորի վաղաժամկետ ազատումը: Քանի որ հիմնարկի ադմինիստրացիան է ներկայացնում կալանավորին ազատման, յուրաքանչյուր տարվա համար՝ կախված հոդվածից, դրա համար սահմանված է որոշակի կաշառք: Ամիսը երկու անգամ տեղի ունեցող դատական նիստերին պետք է նախապես «պատրաստվես»: Եթե փող չունես, պետք է որոշակի ծառայություն մատուցես (արհեստավորի կամ բանվորի): Այլապես ազատման չես ներկայացվի եւ պատիժդ կկրես մինչեւ վերջ: Ըստ մեր զրուցակցի, անցյալ տարվա դեկտեմբերին տեղի է ունեցել միջադեպ, երբ կիսաքաղց մարդկանց բողոքը վերածվել է զանգվածային անկարգության: «Զոն նայողը»՝ Արծրունին, որը Էդվարդ Մադաթյանի ազգականն է, արտոնյալ կալանավորների մի խմբի հետ մտել է ճաշարան, ծեծի ենթարկել ավագ խոհարարին (հասկանալով, իհարկե, որ նրա դերն այդտեղ չնչին է), հաշիվ պահանջել կալանավորներին քաղցած պահելու համար: Ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ իր դիմումի համաձայն ազատվել է նաեւ ճաշարանի վարիչը: Հիմնարկի ղեկավարությանը հաջողվել է հանդարտեցնել հուզումը՝ պայմանով, որ «զոն նայողի» ներկայացուցիչը լինի ավագ խոհարար: Ճիշտ է, դրանից հետո մոտ մեկ ամիս ստուգումներ են անցկացվել եւ վիճակը կայունացել է, սակայն՝ ժամանակավորապես: Արծրունին ծեծկռտուք սարքելու համար մեկ ամսով տեղափոխել են բերդի մեկուսարան եւ հանել նրա նշանակած խոհարարին: Սեփ. լր.Տվյալ դեպքում անիմաստ ենք համարում դիմել «Էրեբունի» քրեակատարողականի ղեկավարությանը, որը, բնականաբար, կասի, թե հոդվածում բերված բոլոր փաստերը սուտ են, հերյուրանք են եւ իրականությանը չեն համապատասխանում: Անկասկած է նաեւ, որ այդ հերքումները «ամրապնդված» կլինեն թղթերի հաստ տրցակով, որոնք կհաստատեն, որ կալանավորներն ամեն օր սեւ խավիար են ուտում: Այնպես որ, համարենք, թե հակառակ կողմի տեսակետը մենք արդեն տպագրել ենք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել