Մեր հայրենիք՝ ազատ, անկախ Հանրապետության տարբեր բնակավայրերի առաջնային հոգսերը՝ ուսանողների աչքերով Արարատի մարզի Տափերական գյուղը խմելու ջուր չունի: Ջուրը տալիս են երեք օրը մեկ անգամ՝ մի քանի ժամով, սակայն ջրաչափեր տեղադրել պահանջում են ամեն օր: Այս տարի Մեղրիում ցրտահարվել է պտղատու ծառերի մեծ մասը, սակայն «մեր կառավարությունը սատար չկանգնեց մեղրեցիներին», թեպետ նրանց եկամտի միջոցը այգիներն են: Արագածոտնի մարզի ամենափոքր գյուղում՝ Նորաշենում, մի քանի տարի է՝ մանկապարտեզը չի գործում: Թեեւ շենք կա, բայց չունի հովանավորներ եւ մասնագետներ: Իսկ ակումբի շենք գյուղը չունի եւ մշակութային կյանքն այնտեղ մեռած է: Բուժականում գյուղացիները բժշկական օգնություն ստանալու համար ստիպված են հասնել Եղվարդ, իսկ ճանապարհներն անբարեկարգ են: Լոռու մարզի Մեծ Այրում գյուղում ապրում է Ադրբեջանից գաղթած 1200 բնակիչ: Ցուրտ ու խավար տարիներին գյուղի այգիները չորացել են ու հատվել: Գյուղն այժմ էլ ոռոգման ջուր է ստանում 3 օրը մեկ՝ 4 ժամով: Ճանապարհներն անանցանելի են դառնում հատկապես անձրեւներին: Բնակիչների գերակշիռ մասը աղքատության նպաստ է ստանում: Ադրբեջանից բռնագաղթածների մի ստվար զանգված էլ ապրում է Աբովյան քաղաքի հանրակացարաններում՝ զուրկ կոմունալ հարմարություններից, իսկ նրանցով հետաքրքրվող չկա: Կոտայքի մարզի Գողթ գյուղն էլ չունի հեռախոսակապ: «ԱրմենՏելին» ուղղված բողոքները մնացել են անպատասխան: Արագածոտնի մարզի Ագարակ գյուղը վերջին տարիներին անընդհատ տուժում է կարկուտներից, ոռոգման ջրի պակասից: Գյուղը չունի մանկապարտեզ, մարզադահլիճ, հեռախոս: Հասանք Երեւան. չկա մի թաղամաս, որ հոգս չունենա: Շենգավիթ թաղապետարանին կից փողոցը մաքրվում է այն ժամանակ, երբ ինչ-որ պաշտոնյա պետք է այցելի, իսկ տեղ-տեղ ասֆալտապատվում է ընտրություններից առաջ: Արշակունյաց փողոցի 8 շենքի տանիքը «չռռում» է, վերջին հարկի բնակիչների տներում չոր անկյուն չկա, իսկ պաշտոնյաներն ասում են, որ նորոգման համար բյուջեով գումար նախատեսված չէ: Գոգոլի փողոցի 5 շենքի բակը կորած է աղբի ու փոշու մեջ, ծառերն էլ չոռոգվելուց չորացել են: Զեյթունի Էմինեսկու 1-ին փողոցի աղբանոցից նոստալգիկ հիշողություններ ունեն նույնիսկ այսօրվա երիտասարդները. «Ժամանակին այդտեղ ծաղկաստան էր ու ես մայրիկիս համար ծաղիկներ էի հավաքում, իսկ հիմա, կողքով անցնելիս՝ գարշահոտությունից խեղդվում եմ»: Ուսանողներից երկուսին էլ մտահոգել է մուրացկանների եւ աղբարկղերը փորփրող տարեց մարդկանց ճակատագիրը. «Նրանք կորցրել են իրենց հպարտությունը: Կարծես հենց մուրացիկ էլ ծնվել են»: «Վիլյամ Սարոյան» համալսարանի լրագրության բաժնի ուսանողներ