Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՌՉՈՒՆԻՉԻ

Նոյեմբեր 18,2004 00:00

ԹՌՉՈՒՆԻՉԻ ԿՈՒՍՏՈՄՍԸ ՊԱՐՏԻԱՅԻ ՆՎԵՐՆ Է Կոմունիստները համագումարի են պատրաստվում «Կուսակցությունից հանձնարարական է տրված այն կոմունիստներին, շրջկոմների քարտուղարներին, ովքեր ինչ-որ ձեւով կապված են իշխանությունների հետ, համագումարին բերել ոչ կոմունիստների, նրանցով դահլիճը լցնել՝ անունը դնելով պատգամավորներ: Նրանք կաշխատեն մեզ էլ թույլ չտալ ներս մտնել, բայց չի հաջողվի: Մենք ամեն ինչ կանենք այս կուսակցությունը պահելու համար: Թովմասյանը կոմունիստ լինել չի կարող, նա պետք է հեռացվի կուսակցության շարքերից»,- երեկ «Առավոտին» այս տեղեկությունները եւ իրենց մտահոգությունները փոխանցեցին Նորիկ Պետրոսյանը, Խորեն Սարգսյանը եւ Սանատրուկ Սահակյանը: Հիշեցնենք, որ դեռեւս սեպտեմբերի 29-ին ՀԿԿ բյուրոն վերոհիշյալ ընկերներին եւ Արթիկի շրջկոմի քարտուղար Պավել Գրիգորյանին կուսակցությունից վտարելու որոշում էր կայացրել: Օրերս ՀԿԿ պլենումը հաստատել է բյուրոյի որոշումը, ընդ որում, «հեռացվածների» հավաստմամբ, պլենումն ընթացել է կանոնադրական կոպիտ խախտումներով: «Կուսակցության ամեն մի կոմունիստի ընտանիքում գոնե երկու կոմունիստ կա, բարեկամներից գոնե մի քանիսն են, իսկ Թովմասյանի ընտանիքում մենակ ինքն է: Ազգության մեջ կոմկուսի տոմս կրող չկա: Իսկ եթե նա իր տղային չի կարողանում կոմունիստ դարձնել, ուրեմն դրսից մի երիտասարդի իր գաղափարները համոզելու բարոյական իրավունք չունի: Ի վերջո, շրջկոմի քարտուղար եղած ժամանակ այդպես ճոխ որ ապրել է իր ընտանիքը եւ այսօր չի ցանկանում գալ այդ կուսակցություն, ուրեմն նա այդտեղ էլ անելիք չունի»,- ասում է Խորեն Սարգսյանը: Իսկ համագումարի հետ «մարտիկները» մեծ հույսեր են կապում: «Համագումարը բոլոր հարցերը կլուծի, կուսակցությունը մնալու է, տեր է կանգնելու իր գաղափարներին եւ դառնալու է ամենամարտունակ քաղաքական կազմակերպությունն ու ամենախոր ընդդիմությունը՝ այս չարաբաստիկ կապիտալիստական երկրի: Եթե նույնիսկ անբարոյականությունն այնքան թանձր լինի, որ մեզ իսկապես մերժեն՝ որպես կոմունիստների, մենք մեր աշխատանքը շարունակելու ենք, պիտի հիմնարար կադրային փոփոխություններ լինեն կոմկուսում»,- ասում են նրանք: Իսկ Սանատրուկ Սահակյանը Ռ. Թովմասյանին համեմատում է Գորբաչովի հետ. «Գորբաչովը թուրքական թերթերից մեկին ասել էր, որ իր կյանքի ընթացքում ամեն ինչ արել է, որ հասնի բարձր դիրքերի եւ հեշտությամբ կործանի ՍՍՀՄ-ը, այսօր Թովմասյանն է դա անում ՀԿԿ-ի գլխին՝ իշխանությունների աջակցությամբ: Հիմա Թովմասյանը շատ էլ ցանկանա, չի կարող այդ ճանապարհից ետ կանգնել, որովհետեւ դրա դիմաց պարգեւատրումներն արդեն ստացել է: Համագումարում ինչ ոճ եւ միջոցներ էլ օգտագործեն, միեւնույն է՝ մենք հաղթելու ենք: Պլենումի այդ խայտառակ «որոշումը» շատերի մեջ է անհանգստություն առաջացրել: Նվիրյալ կոմունիստները մեզ հետ են, մենք ընկճվելու եւ ետ կանգնելու բարոյական իրավունք էլ չունենք»: Ի դեպ, Նորիկ Պետրոսյանը իր բախտակից ընկերների՝ կոմկուսի շարքերն ընդունվելու հետ կապված հետաքրքիր պատմություններ արեց. «1969 թվականին Արփա-Սեւան թունելի շինարարության ժամանակ փլուզում եղավ: Փրկարարների առաջամարտիկը եղել է Խորեն Թռչունի Սարգսյանը: Փրկարարական աշխատանքների ընթացքում երկրորդ փլուզումն է լինում: Խ. Սարգսյանը այդ ժամանակ ծանրագույն մարմնական վնասվածքներով ինքնաթիռով տեղափոխվում է Լենինգրադ: Վիրահատություններից եւ ապաքինումից հետո երբ վերադառնում է, ի նշան համապետական, համաժողովրդական երախտագիտության՝ ժամանակի թիվ մեկ դեմքերից մեկը՝ Բադալ Մուրադյանը, որը կառավարությունն էր ղեկավարում, Խորենին պարգեւատրում է կուստոմսով: Դա այդ վիթխարի երկրի կոմկուսի նվերն էր Սարգսյանին, այդպիսի նվեր էլ ոչ ոք չի ստացել, եւ ոչ ոք էլ իրավունք չունի այն վերցնելու: Իսկ Սանատրուկ Սահակյանը կուսակցության մեջ է մտել 1988 թվականին, երբ Ռուբեն Թովմասյանի նմանները դավաճանում էին իրենց գաղափարներին: Երբ առնետները փախնում էին, նա եկավ նավապետին օգնելու՝ դեռ 20 տարեկանում»: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել