Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻ՛

Նոյեմբեր 18,2004 00:00

ՄԻ՛ ՀԱՐՁԱԿՎԵՔ ՀՈՎԵՅԱՆԻ ՎՐԱ Առանձնակի վերլուծական կարողություններ պետք չէին՝ կանխատեսելու համար, որ ԱԺ բյուջետային քննարկումների ընթացքում ամենայուրօրինակ ելույթը լինելու է մշակույթի եւ երիտասարդության նախարար Հովիկ Հովեյանինը: Նա երեկ, ասենք, դժգոհեց, որ լրագրողներին եւ հանրությանը երբեմն թվում է, թե իրենց նախարարությանն են պատկանում մշակութային բոլոր հիմնարկները, մինչդեռ իրենցն են հազիվ 4-5-ը: «Գնում ենք գյուղերն այցի՝ մարդիկ գալիս, ասում են՝ մեզ տվել եք մարզերին, քաղաքներին, դժգոհում են՝ ոչինչ չի արվում: Ի՞նչ անեմ, 1998-ին տվել են մարզային, համայնքային պատկանելության, ե՞ս ի՜նչ անեմ,- տարակուսեց պրն Հովեյանը:- Անցյալ օրն էլ թատրոններն էին եկել, ասում էին՝ մեզ վերցրեք ձեր ենթակայության տակ: Կարծես թե՝ մենք որ վերցրեցինք, պիտի ինչ-որ բան ավելանա… Ես դժգոհում եմ 1998-ի այդ վերաբաշխումից, եթե պիտի տային ու դարձնեին լոտո խաղալու տեղ եւ հետո էլ ամեն մարզ գնալուց հարձակվեին ինձ վրա ու ասեին, թե ինչու դուք տիրություն չեք անում: Դե, արի՛ ու պատասխանի»: Պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը հարցրեց, թե նախարարին բավարարո՞ւմ է ոլորտին հատկացված բյուջեն՝ սակայն Հովիկ Հովեյանն ի պատասխան սկսեց դատողություններ անել, թե դժգոհելը հեշտ է. «Կարող եմ ասել, թե Էստոնիայի մշակույթի նախարարության տարվա բյուջեն 100-120 մլն դոլար է: Դրանից ի՞նչ պիտի փոխվի մեր կյանքում»: Վահրամ Բաղդասարյանը նորից կրկնեց հարցը՝ այս անգամ «որքա՞ն է ձեզ պետք երջանիկ լինելու համար» ձեւակերպմամբ: «Ասեմ ձեզ՝ երջանիկ լինելու համար պետք չէ մշակույթի նախարարության գործերին, մասնավորապես՝ կադրային քաղաքականությանը միջամտել, համատարած խառնվել, թե էսպե՜ս պիտի անեք, էնպե՜ս պիտի անեք: Թույլ տվեք՝ մենք մեր աշխատակազմով կաշխատենք,- ի պատասխան ասաց պրն Հովեյանը:- Մեր 8 մլն դոլարը Էստոնիայի մշակույթի նախարարության 100-120 մլնի դիմաց մեզ ձեռք է տալիս, եթե մենք աղավնի կամ փուչիկ չթռցնենք, այլ նորմալ ծրագրեր իրականացնենք»: Ի դեպ, ՄԱԿ խմբակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը ենթադրեց, թե Էստոնիայի հետ համեմատություններն այդ երկրի նախագահի այցելության հետեւանքն էին: Հիշեցնենք, որ Հովիկ Հովեյանը Առնոլդ Ռյուիթելին ուղեկցում էր կոնյակի գործարան այցի ընթացքում: Գուրգեն Արսենյանը ենթադրեց, որ եթե Չինաստանի ղեկավարը գա Հայաստան՝ համեմատությունները կարվեն այդ երկրի հետ: Ի դեպ, ըստ Հովիկ Հովեյանի՝ Չինաստանի մշակույթի բյուջեն 1,3 մլն է: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել