Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՀՈԿՏԵՄԲԵՐԻ

Նոյեմբեր 18,2004 00:00

«ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27»-Ը ԿԱՐՃՎԱԾ Է, ԲԱՅՑ ՓԱԿՎԱԾ ՉԷ» Հարցազրույց «Արդարության» ղեկավար, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի հետ – Պարոն Դեմիրճյան, փաստորեն ընդդիմությունն այս պահին ոչնչով զբաղված չէ, թերեւս միայն հայտարարություններ են արվում այս կամ այն առիթով: Որքա՞ն է սա շարունակվելու: Տպավորություն կա, թե ընդդիմությունը պատրաստվում է 2008-ի ընտրություններին: – Եթե ընդդիմությունը հանրահավաքներ չի կազմակերպում, դա չի նշանակում, որ ոչնչով զբաղված չէ եւ պատրաստվում է 2008-ի ընտրություններին: Հենց ձեր նշած հայտարարությունները նույնպես կարեւոր են եւ մեր գործունեության բաղկացուցիչ մասն են կազմում: Մենք հետեւողական ենք լինելու մեր երկրում սահմանադրական կարգը վերականգնելու հարցում: Նաեւ պետք է նշեմ, որ իշխանությունների կողմից իրականացվող քաղաքականությունը զրկում է նրանց մինչեւ 2008 թվականը մնալու որեւէ հնարավորությունից: – Դուք եւ ընդդիմության ձեր գործընկերները տարբեր առիթներով ասում եք, թե իշխանափոխության համար պետք է լինի հասարակական պահանջ, եւ ընդդիմությունը միայնակ չի կարող իրականացնել իշխանափոխությունը: Փաստորեն, դատելով այժմյան խաղաղ իրավիճակից՝ կարելի՞ է ենթադրել, որ չկա այդ հասարակական պահանջը: – Այսօրվա հանդարտ իրավիճակը թվացյալ է: Հասարակական պահանջն առկա է, նույնիսկ ավելի է ուժեղացել, քանի որ պատճառները չեն վերացվել: Պարզապես այդ պահանջն առայժմ չի դրսեւորվում հանրահավաքների ձեւով: Բայց դա չի նշանակում, թե այդպես էլ շարունակվելու է: – Ընդդիմադիր ուժերը արդեն մեկ տարի ութ ամիս իշխանություններից պահանջում են, որ պատժվեն 2003-ին ապօրինություններ եւ կեղծիքներ կատարածները, սակայն իշխանություններն էլ ճիշտ նույնքան ժամանակ է՝ անուշադրության են մատնում այդ պահանջը: Հետո ի՞նչ է լինելու: Նույնիսկ օրերս դատախազության ներկայացուցիչը հայտարարեց, որ բավականին ժամանակ է անցել եւ անհնար է ջոկել մեղավոր եւ անմեղ: – Անհնարին որեւէ բան չկա, նախեւառաջ ցանկություն է պետք: Իշխանությունների նման գործելակերպը ավելորդ անգամ ապացուցում է, որ իրենք են ծրագրել կեղծիքները: Այն, որ իշխանությունները հետեւողականորեն պատասխանատվության չեն ենթարկում մեղավորներին, չի նշանակում, որ մենք պետք է փոխենք մեր պահանջները: Պահանջները ուժի մեջ են, եւ վաղ թե ուշ այդ մարդիկ պատասխանատվության են ենթարկվելու: Նաեւ Եվրոպայի խորհուրդն է Հայաստանի իշխանությունների առջեւ դրել այդ պահանջը: Այնպես որ, այլընտրանք չկա՝ մեղավորները պետք է պատժվեն, քանի որ դա է ապագա արդար ընտրությունների երաշխիքը: Դուք հարցնում եք, թե հետո ի՞նչ է լինելու, եթե մեղավորները չպատժվեն: Հետո նոր իշխանությունների գործն է լինելու պատասխանատվության ենթարկել ոչ միայն կեղծիքներ կատարողներին, այլեւ՝ հրահանգ տվողներին եւ կազմակերպիչներին: – «Հոկտեմբերի 27»-ի գործից անջատված մասի կարճման անհրաժեշտության մասին գլխավոր դատախազության կոլեգիայի որոշմանը հետեւեց «Արդարություն» դաշինքի հայտարարությունը, եւ, փաստորեն, այլ գործողություններ չեղան: Ոմանք էլ նկատեցին, որ քանի դեռ հասարակությունը չի ընդվզել այդ որոշման դեմ, ուրեմն դա պետք է ընդունել ինչպես որ կա: – Այդ տրամաբանությամբ ամեն ինչ կարելի է արդարացնել, իսկ դատախազության որոշումը մենք ընդունում ենք հենց այնպես, ինչպես կա, այն է՝ դատախազությունը քաղաքական որոշում է կայացրել: «Արդարություն» դաշինքն իր գնահատականները տվել է: Համապատասխան գնահատականներ տրվեցին նաեւ փաստաբան Աշոտ Սարգսյանի կողմից: Իսկ եթե այդ կապակցությամբ այլ գործողություններ չեղան, դա չի նշանակում, որ վերջակետ է դրվել «Հոկտեմբերի 27»-ի գործում: «Հոկտեմբերի 27»-ը եթե նույնիսկ կարճվի, չի փակվի: – Հայաստանում հնարավո՞ր է նոր հեղափոխական իրավիճակ: – Իհարկե հնարավոր է: Սակայն պետք է նշեմ, որ անտեղի շատ է չարչրկվում այդ բառը: Ես գերադասում եմ խոսել սահմանադրական կարգի վերականգնման մասին, ինչը պետք է իրականացվի ամբողջ հասարակության մասնակցությամբ: – Ի՞նչ ազդակներ կարող են կրկին ոտքի հանել հասարակությանը: -Ազդակները կարող են տարբեր լինել, սակայն պատճառները մնում են նույնը՝ ոչ լեգիտիմությունը եւ իրականացվող քաղաքականությունը: – Զուգահեռներ անցկացնելով ԱՄՆ-ի եւ Հայաստանի նախագահական ընտրությունների միջեւ՝ որոշ լրատվամիջոցներ նկատեցին, որ մեզանում մրցակիցը չշնորհավորեց մյուսին: Փաստորեն, իրոք, մեզանում նման ավանդույթ չկա: – Համեմատությունը բացարձակապես կոռեկտ չէ եւ ցինիզմի դրսեւորում է, քանի որ այն ամենը, ինչ տեղի է ունենում Հայաստանում, հնարավոր չէ պատկերացնել ոչ միայն Միացյալ Նահանգներում, այլեւ որեւէ այլ ժողովրդավարական երկրում: Իսկ կեղծիքներով եւ բռնություններով «հաղթողին» շնորհավորելը նշանակում է խրախուսել այդ կեղծիքներն ու բռնությունները: Որպեսզի շնորհավորելու ավանդույթ լինի, պետք է նախ ձեւավորվի արդար ընտրությունների ավանդույթ: – «Ագո»-ի խմբի հետ հանդիպման ժամանակ ԱԺ նախագահն ասաց, թե վերսկսելու է քաղաքական կոնսուլտացիաները ընդդիմության հետ, որպեսզի գարնանային նստաշրջանին ընդդիմությունը վերադառնա խորհրդարան: Ձեզ առաջարկ արվե՞լ է: – Ոչ: – Վազգեն Մանուկյանը օրերս խոսեց հակակոռուպցիոն նախարարության մասին. դուք ինչպե՞ս եք սա գնահատում: – Ես կարծում եմ, որ կոռուպցիայի մեջ խրված իշխանության պարագայում այդպիսի նախարարության ստեղծումը ոչինչ չի փոխի: Հայաստանին արմատական փոփոխություններ են անհրաժեշտ: Հարցազրույցը՝ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել