Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՑՈՒՑՈՒՄ՝

Նոյեմբեր 18,2004 00:00

ՑՈՒՑՈՒՄ՝ ՔՎԵԱՐԿԵԼ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՕԳՏԻՆ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ պատվիրակ Արմեն Ռուստամյանը թեեւ չէր մասնակցում Փարիզում երեկ գումարված ԵԽԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստին, սակայն ծանոթ էր ԼՂ հարցով զեկուցող Դեյվիդ Աթկինսոնի կազմած փաստաթղթին: «Աթկինսոնի նախնական զեկույցը լուրջ, էական փոփոխություններ չի կրել Թերի Դեւիսի զեկույցի համեմատ: Եվ անգամ անտեղի են նոր մեկնաբանությունները, քանի որ դրանք նույնը կլինեին, ինչ Դեւիսի զեկույցի պարագայում,- ասաց Արմեն Ռուստամյանը:- Աթկինսոնի արած փոփոխություններն ընդամենը խմբագրական են: Մի 2-3 ոչ էական փոփոխություններ կան: Օրինակ՝ պահպանվել է նույն միտքը, թե Ղարաբաղի հակամարտությունը դեռ մնում է չլուծված, բայց Թերի Դեւիսի զեկույցում ձեւակերպումը փոքր-ինչ այլ էր»: Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի նախապատրաստած բանաձեւի նախագծում մի դրույթ կար, թե Վեհաժողովը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին քննարկել Լեռնային Ղարաբաղի քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ կապեր հաստատելու հարցը՝ «քննարկելու համար Ղարաբաղի ապագա կարգավիճակը»: Ըստ պրն Ռուստամյանի՝ Աթկինսոնն այս կետից հետո ավելացրել է, թե ԵԽԽՎ-ն տրամադիր է իր մասնակցությունը բերել, որ իրականացվի այդ գործընթացը. «Այսինքն՝ դա կատարվի, օրինակ, Ստրասբուրգում: Հիշեցվել է այն փաստը, որ եղել է նման նախաձեռնություն»: Նախնական զեկույցում մյուս փոփոխությունն այն է, որ հղում է արվել 2002-ին ընդունված՝ Հարավային Կովկասի երկրների փախստականներին եւ տեղահանված անձանց վերաբերող 1570 բանաձեւին: Եվ վերջապես՝ երաշխավորությունների բանաձեւում ավելացված է մի նոր պարբերություն, որում նշված է, թե 1994-ին ընդունված 1251 բանաձեւում Ղարաբաղի հարցի շուրջ եղել է նման ձեւակերպում, որ Հայաստանին ու Ադրբեջանին կարող են տրամադրվել փորձագետներ, որոնք կարող են մասնակցել ԼՂ կարգավիճակի քննարկմանը: Վերջին առաջարկը դրական գնահատելով՝ Արմեն Ռուստամյանն այսուհանդերձ կրկնեց, թե ինչպես եւ Դեւիսի զեկույցը՝ Աթկինսոնի նախապատրաստած փաստաթուղթը եւս վտանգավոր է եւ անընդունելի. «Երկու պատճառով է անընդունելի, որոնք չեն վերացվել այս զեկույցում: Առաջինը՝ հակամարտության կենսագրությունից հանված են 1988-1992-ի հիմնական փաստերը, այսինքն՝ կորսված է մոտիվացիոն դաշտը: Եվ դրանից էլ բխել են իր սխալ հետեւությունները: Իսկ երկրորդ մեծ սխալն այն է, որ հակամարտության կողմեր են դիտարկված Հայաստանն ու Ադրբեջանը»: Հետաքրքրվեցինք, թե ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագա՞հն էլ կպնդի, որ Դեյվիդ Աթկինսոնի նախապատրաստած նման փաստաթղթի պատճառը Մեծ Բրիտանիայի ոչ լոյալ վերաբերմունքն է Ադրբեջանի նկատմամբ: «Փաստ է, որ Մեծ Բրիտանիան իսկապես ունի իր մոտեցումը ԼՂ հարցի վերաբերյալ, որը մեզ համար անընդունելի է,- ի պատասխան ասաց պրն Ռուստամյանը:- Այն, որ Մեծ Բրիտանիայի պատգամավորը, բնական է, ավելի շատ հակված է պաշտպանել իր պետության տեսակետը՝ նույնպես նորություն չէ եւ, կարծում եմ, շատ հավանական է: Եվ այն, որ Թերի Դեւիսը չնայած այլեւս զեկուցող չէր, այլ Եվրախորհրդի գլխավոր քարտուղար, բայց ներկայացրեց իր նախապատրաստած փաստաթուղթը եւ հենց իր հեղինակությունը բավարար էր հետագա քննարկումն արդեն իսկ ուղղորդելու համար՝ նույնպես փաստ է»: Արմեն Ռուստամյանը նաեւ նշեց. «Աթկինսոնի զեկույցը շատ լուրջ մտահոգություն է առաջացնում նաեւ այն պատճառով, որ նա հրաժարվեց այցելել տարածաշրջան: Թեեւ ճիշտ կլիներ, որ զեկուցողը հաշվի առնելով մանավանդ հայկական կողմի լուրջ դիտողությունները՝ գար տարածաշրջան եւ փորձեր ավելի հղկել զեկույցը եւ արձագանքեր արտահայտված մտահոգություններին: Մեր երկրորդ առաջարկը պետք էր նույնպես իրականացնել՝ զեկույցն ամբողջական դարձնելու համար. ճիշտ կլիներ Ղարաբաղի մասնակցությամբ կլոր սեղան հրավիրել, որը նույնպես չկատարվեց: Ենթադրում եմ, թե Աթկինսոնը համարել է, որ Դեւիսը բավականաչափ աշխատել է այս զեկույցի վրա եւ ճիշտ չի լինի որեւէ բան փոխելը: Ահա այս ճնշումն ազդեց՝ շատ մեծ խիզախություն պետք է պահանջվեր հաջորդ զեկուցողից լուրջ փոփոխություններ անելու համար»: Իսկ երեկվա քննարկման առնչությամբ ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանը Փարիզից հեռախոսով հաղորդել է ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությանը. «Ակնհայտ էր, որ մի շարք երկրների ներկայացուցիչներ ցուցում էին ստացել իրենց երկրներից քվեարկել ադրբեջանցիների օգտին, եւ, ի վերջո, փաստորեն, դա ադրբեջանցիներին հնարավորություն տվեց խանգարել, որ ընդունվեն Հայաստանի ներկայացուցչի մյուս 3 առաջարկները: Դրանցից մեկի դեպքում, որը վերաբերում էր բանաձեւի նախնական նախագծից «անջատողական ուժեր» արտահայտությունը հանելուն, ձայները հավասար բաշխվեցին, եւ այդ պատճառով չընդունվեց առաջարկը»: Տիգրան Թորոսյանի գնահատականով՝ «Բանաձեւի նախնական նախագիծը բարելավվեց հանձնաժողովին ներկայացված տարբերակի համեմատ, սակայն, ցավոք սրտի, ոչ այն բոլոր կետերով, որոնց հետ կապված Հայաստանի ներկայացուցիչը ներկայացրել էր իր առաջարկները»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել