Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱԶԱՏԱՄԱՐՏԻ ՀԵՐՈՍՆԵՐՆ ԱՐՀԱՄԱՐՀՎԱԾ ԵՆ

Նոյեմբեր 18,2004 00:00

Այս մասին է պատմում կինոռեժիսոր
Գագիկ Հարությունյանի «Յարխուշտա» ֆիլմը Օրերս կինոյի տանը տեղի ունեցավ
«Յարխուշտայի» պրեմիերան: Ֆիլմը դեռ չսկսած՝ դահլիճով մեկ աշխուժության ալիք բարձրացավ.
էկրանին «Հայֆիլմի»՝ բոլորին ծանոթ լոգոն էր: «Չնայած սուղ պայմաններին, այսօր «Հայֆիլմում»
տարեկան 5-6 ֆիլմ է նկարահանվում: «Յարխուշտան» երիտասարդ ռեժիսորի առաջին մեծ գործն
է: Ուրախ եմ, որ այն լավ ընդունվեց եւ որ Գագիկը կշարունակի աշխատել «Հայֆիլմում»,-ասաց
ստուդիայի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը: «Յարխուշտան» (սասունցիների եւ մշեցիների
մեջ տարածված ռազմական պարի անուն է) Գ. Հարությունյանի առաջին գեղարվեստական ֆիլմն
է: Մինչ այդ նա հեղինակել է մի շարք վավերագրական ֆիլմեր («Ագիենկոյի փշե պսակը»,
«Տարազ», «Ով է սա»): «Յարխուշտա» ֆիլմի սցենարի հեղինակն է Ղուկաս Սիրունյանը, երաժշտությունը
գրել է Արա Գեւորգյանը, Հայաստանում կատարված նկարահանումները տեւել են 9 ամիս: Ֆիլմը
պատմում է արցախյան գոյամարտի մասնակից Պարգեւի (Ռուդոլֆ Ղեւոնդյան) մասին, որ տուն
է վերադարձել ոտքը կորցրած: Հաշմանդամ ազատամարտիկը Հոլանդիայում գտնվող աղջկան զանգահարելու
համար ստիպված է կնոջ (Սոֆիկ Սարգսյան) հետ ոտքով ճանապարհ ընկնել գյուղից քաղաք:
Ճանապարհին նրանք հանդիպում են մարդկանց անտարբեր, երբեմն էլ արհամարհական վերաբերմունքին:
Քաղաքում Պարգեւին մուրացկանի տեղ են դնում, անգամ մի արվամոլ դրամ է նետում նրա
գլխարկի մեջ, ինչից Պարգեւի համբերությունը հատում է եւ նա հարվածում է արվամոլին:
Պարգեւը, որ երբեւէ թշնամու առաջ չէր թուլացել, հանկարծ թեւաթափ է լինում: «Երեխեքի
հետ հայերեն խոսեք, թող լեզուն չմոռանան»,- պահանջում է նա աղջկանից: «Ֆիլմում
լաց կա, որ այսօր մեզ շատ է պետք, բայց դա ոչ թե հուսահատ լաց է, այլ բուժիչ, ամոքիչ»,-
կարծում է Գ. Հարությունյանը: «Յարխուշտայի» մեջ կռիվ կա, բողոք, ցասում, պայքար,
ազնվություն, ըմբոստություն կա: Մեր պապերը յարխուշտա պարելով պայքարել են թուրքական
յաթաղանի դեմ: Այսօր Պարգեւը ներքին «թրքության» դեմ է կռվում: Թրքությունը
ազգ չի, երեւույթ է, որ այսօր մեզանում ամենուր է՝ վերեւներում է, որ պարգեւների
շնորհիվ պետություն ու երկիր են ձեռք բերել, պարգեւների դիակների վրայով բարձրացել
են ու լափում են, լափում են, լափելու են: Պարգեւների կռիվը ավարտված չէ, նրանք կռվի
դաշտում ձեռքները չբարձրացրին վեր, չհանձնվեցին, հիմա են հանձնվում: Հանձնվում են
իրենց հանդեպ անտարբերության պատճառով, արտագաղթի, «Եհովայի վկաներին» գրանցելու,
արվամոլների ակումբներ բացելու համար»,-կարծում է դերասան Ռ. Ղեւոնդյանը: Ֆիլմի
վերջում Պարգեւի դուստրը հորը առաջարկում է՝ թողնել ամեն ինչ ու գալ Հոլանդիա: Հայաստանի
համար արյուն թափած Պարգեւը բնականաբար դեմ է: Դուստրը հորը խոստանում է հոլանդական
պրոթեզ ուղարկել. «Այդ պրոթեզով դու կարող ես նույնիսկ յարխուշտա պարել»,- համոզում
է հորը: Բայց Պարգեւը այլ կարծիքի է. «Հայ տղամարդը հայկական պրոթեզով պետք է իր
պարը պարի»: Ու պարում է Պարգեւը հայկական պրոթեզով, հայրենի հողում, հայկական յարխուշտա՝
կռվի, ըմբոստության, պայքարի պարը: Գ. Հարությունյանը մտադիր է առաջիկայում
մի պրեմիերա էլ կազմակերպել «Մոսկվա» կինոթատրոնում: ԱՇԽԵՆ
ՔԵՇԻՇՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել