Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ՝ ՃԱՇ, ՍԵՂԱՆԻ ՎՐԱ՝ «ՔՐՋԻԿ»

Նոյեմբեր 18,2004 00:00

Ըստ ականատեսի՝ «Էրեբունի» քրեակատարողական
հիմնարկի կալանավորները կիսասոված են «Առավոտը» վերջերս հրապարակել էր «Արթիկ»
քրեակատարողական հիմնարկում 80 կգ մսի յուրացման փաստը: Հասկանալի է, որ նույնատիպ,
սակայն պաշտոնապես չբացահայտված պատմություններ կան համարյա բոլոր քրեակատարողական
հիմնարկներում: «Էրեբունի» քրեակատարողականի ճաշարանում աշխատած նախկին կալանավորը
«Առավոտին» պատմեց, որ հիմնարկ մուտք գործող միսը, որի գինը սահմանված է 1300 դրամ,
կալանավորին չի հասնում: Կալանավորներին, լավագուն դեպքում, տրվում է սառեցրած միս՝
նախատեսված կենդանիների համար: Ըստ «Առավոտի» զրուցակցի, 1 տոննա 800 կգ գնված մսից
միայն 300 կգ-ն է բերվել հիմնարկ: Դա էլ բաժանվել է գնման փաստաթղթերը ստորագրած
անձանց միջեւ: Եղել է դեպք, որ մսի փոխարեն թոք է բերվել, իսկ դրանց գները նույնը
չեն: Հիշեցնենք, որ կալանավորի սննդի չափաբաժինն է՝ 650 գ հաց, 40 գ ոլոռ,
40 գ հաճար, 40 գ լոբի, 10 գ գարեձավար, 30 գ մակարոն, 180 գ միս, 20 գ աղ, 45 գ
մարգարին կամ կարագ, 40գ շաքարավազ, 2գ թեյ, 5 գ տոմատ, 50 գ պանիր, 550 գ կարտոֆիլ,
200 գ կաղամբ, 50 գ սոխ, ընդամենը՝ օրական 561 դրամ, որն էլ ամսական կազմում է մոտ
30 դոլար: Սակայն «Էրեբունու» նախկին կալանավորը նշում է, որ այս ցանկից պանիր կամ
կարագ կալանավորներն ընդհանրապես չեն տեսնում: Փաստաթղթային մի շարք «կոմբինացիաների»
արդյունքում՝ մատյաններում կամ ստուգումների համար նախատեսված փաստաթղթերում ամեն
ինչ կարգին է: Իսկ կալանավորին օրական երեք անգամ տալիս են փտած կարտոֆիլ, ցորենի
կամ գարու ձավարով ու կաղամբով պատրաստված «քրջիկ», որը եւ կազմում է կալանավորի
հիմնական սնունդը: «Մինչեւ 2003թ. նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները,
նույնիսկ մինչեւ հիմնարկի պետի փոխվելը,- պատմում է նախկին կալանավորը,- գոնե մթերքը
գալիս էր պահեստ: Այժմ պահեստ էլ չի մտնում»: Հիմնարկի մյուս ոլորտներում
եւս վիճակը անմխիթար է: Այնտեղ դեղորայքի աշխույժ բիզնես է ծավալված: Քանդել են արհեստավորների
կրպակները, ուր կալանավորները գոնե զբաղվում էին: Բիզնեսի մեկ այլ՝ կայուն աղբյուր
է կալանավորի վաղաժամկետ ազատումը: Քանի որ հիմնարկի ադմինիստրացիան է ներկայացնում
կալանավորին ազատման, յուրաքանչյուր տարվա համար՝ կախված հոդվածից, դրա համար սահմանված
է որոշակի կաշառք: Ամիսը երկու անգամ տեղի ունեցող դատական նիստերին պետք է նախապես
«պատրաստվես»: Եթե փող չունես, պետք է որոշակի ծառայություն մատուցես (արհեստավորի
կամ բանվորի): Այլապես ազատման չես ներկայացվի եւ պատիժդ կկրես մինչեւ վերջ: Ըստ
մեր զրուցակցի, անցյալ տարվա դեկտեմբերին տեղի է ունեցել միջադեպ, երբ կիսաքաղց մարդկանց
բողոքը վերածվել է զանգվածային անկարգության: «Զոն նայողը»՝ Արծրունին, որը Էդվարդ
Մադաթյանի ազգականն է, արտոնյալ կալանավորների մի խմբի հետ մտել է ճաշարան, ծեծի
ենթարկել ավագ խոհարարին (հասկանալով, իհարկե, որ նրա դերն այդտեղ չնչին է), հաշիվ
պահանջել կալանավորներին քաղցած պահելու համար: Ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ
իր դիմումի համաձայն ազատվել է նաեւ ճաշարանի վարիչը: Հիմնարկի ղեկավարությանը հաջողվել
է հանդարտեցնել հուզումը՝ պայմանով, որ «զոն նայողի» ներկայացուցիչը լինի ավագ խոհարար:
Ճիշտ է, դրանից հետո մոտ մեկ ամիս ստուգումներ են անցկացվել եւ վիճակը կայունացել
է, սակայն՝ ժամանակավորապես: Արծրունին ծեծկռտուք սարքելու համար մեկ ամսով տեղափոխել
են բերդի մեկուսարան եւ հանել նրա նշանակած խոհարարին: Սեփ.
լր.Տվյալ դեպքում անիմաստ ենք համարում դիմել «Էրեբունի» քրեակատարողականի
ղեկավարությանը, որը, բնականաբար, կասի, թե հոդվածում բերված բոլոր փաստերը սուտ
են, հերյուրանք են եւ իրականությանը չեն համապատասխանում: Անկասկած է նաեւ, որ այդ
հերքումները «ամրապնդված» կլինեն թղթերի հաստ տրցակով, որոնք կհաստատեն, որ կալանավորներն
ամեն օր սեւ խավիար են ուտում: Այնպես որ, համարենք, թե հակառակ կողմի տեսակետը մենք
արդեն տպագրել ենք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել