Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մեր հայրենիք՝ ազատ, անկախ

Նոյեմբեր 18,2004 00:00

Հանրապետության
տարբեր բնակավայրերի առաջնային հոգսերը՝ ուսանողների աչքերով Արարատի մարզի
Տափերական գյուղը խմելու ջուր չունի: Ջուրը տալիս են երեք օրը մեկ անգամ՝ մի քանի
ժամով, սակայն ջրաչափեր տեղադրել պահանջում են ամեն օր: Այս տարի Մեղրիում ցրտահարվել
է պտղատու ծառերի մեծ մասը, սակայն «մեր կառավարությունը սատար չկանգնեց մեղրեցիներին»,
թեպետ նրանց եկամտի միջոցը այգիներն են: Արագածոտնի մարզի ամենափոքր գյուղում՝ Նորաշենում,
մի քանի տարի է՝ մանկապարտեզը չի գործում: Թեեւ շենք կա, բայց չունի հովանավորներ
եւ մասնագետներ: Իսկ ակումբի շենք գյուղը չունի եւ մշակութային կյանքն այնտեղ մեռած
է: Բուժականում գյուղացիները բժշկական օգնություն ստանալու համար ստիպված են հասնել
Եղվարդ, իսկ ճանապարհներն անբարեկարգ են: Լոռու մարզի Մեծ Այրում գյուղում ապրում
է Ադրբեջանից գաղթած 1200 բնակիչ: Ցուրտ ու խավար տարիներին գյուղի այգիները չորացել
են ու հատվել: Գյուղն այժմ էլ ոռոգման ջուր է ստանում 3 օրը մեկ՝ 4 ժամով: Ճանապարհներն
անանցանելի են դառնում հատկապես անձրեւներին: Բնակիչների գերակշիռ մասը աղքատության
նպաստ է ստանում: Ադրբեջանից բռնագաղթածների մի ստվար զանգված էլ ապրում է Աբովյան
քաղաքի հանրակացարաններում՝ զուրկ կոմունալ հարմարություններից, իսկ նրանցով հետաքրքրվող
չկա: Կոտայքի մարզի Գողթ գյուղն էլ չունի հեռախոսակապ: «ԱրմենՏելին» ուղղված բողոքները
մնացել են անպատասխան: Արագածոտնի մարզի Ագարակ գյուղը վերջին տարիներին անընդհատ
տուժում է կարկուտներից, ոռոգման ջրի պակասից: Գյուղը չունի մանկապարտեզ, մարզադահլիճ,
հեռախոս: Հասանք Երեւան. չկա մի թաղամաս, որ հոգս չունենա: Շենգավիթ թաղապետարանին
կից փողոցը մաքրվում է այն ժամանակ, երբ ինչ-որ պաշտոնյա պետք է այցելի, իսկ տեղ-տեղ
ասֆալտապատվում է ընտրություններից առաջ: Արշակունյաց փողոցի 8 շենքի տանիքը «չռռում»
է, վերջին հարկի բնակիչների տներում չոր անկյուն չկա, իսկ պաշտոնյաներն ասում են,
որ նորոգման համար բյուջեով գումար նախատեսված չէ: Գոգոլի փողոցի 5 շենքի բակը կորած
է աղբի ու փոշու մեջ, ծառերն էլ չոռոգվելուց չորացել են: Զեյթունի Էմինեսկու 1-ին
փողոցի աղբանոցից նոստալգիկ հիշողություններ ունեն նույնիսկ այսօրվա երիտասարդները.
«Ժամանակին այդտեղ ծաղկաստան էր ու ես մայրիկիս համար ծաղիկներ էի հավաքում, իսկ
հիմա, կողքով անցնելիս՝ գարշահոտությունից խեղդվում եմ»: Ուսանողներից երկուսին
էլ մտահոգել է մուրացկանների եւ աղբարկղերը փորփրող տարեց մարդկանց ճակատագիրը. «Նրանք
կորցրել են իրենց հպարտությունը: Կարծես հենց մուրացիկ էլ ծնվել են»: «Վիլյամ
Սարոյան» համալսարանի լրագրության բաժնի ուսանողներ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել