Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԹՌՉՈՒՆԻՉԻ ԿՈՒՍՏՈՄՍԸ ՊԱՐՏԻԱՅԻ ՆՎԵՐՆ Է

Նոյեմբեր 18,2004 00:00

Կոմունիստները
համագումարի են պատրաստվում «Կուսակցությունից հանձնարարական է տրված այն
կոմունիստներին, շրջկոմների քարտուղարներին, ովքեր ինչ-որ ձեւով կապված են իշխանությունների
հետ, համագումարին բերել ոչ կոմունիստների, նրանցով դահլիճը լցնել՝ անունը դնելով
պատգամավորներ: Նրանք կաշխատեն մեզ էլ թույլ չտալ ներս մտնել, բայց չի հաջողվի: Մենք
ամեն ինչ կանենք այս կուսակցությունը պահելու համար: Թովմասյանը կոմունիստ լինել
չի կարող, նա պետք է հեռացվի կուսակցության շարքերից»,- երեկ «Առավոտին» այս տեղեկությունները
եւ իրենց մտահոգությունները փոխանցեցին Նորիկ Պետրոսյանը, Խորեն Սարգսյանը եւ Սանատրուկ
Սահակյանը: Հիշեցնենք, որ դեռեւս սեպտեմբերի 29-ին ՀԿԿ բյուրոն վերոհիշյալ ընկերներին
եւ Արթիկի շրջկոմի քարտուղար Պավել Գրիգորյանին կուսակցությունից վտարելու որոշում
էր կայացրել: Օրերս ՀԿԿ պլենումը հաստատել է բյուրոյի որոշումը, ընդ որում, «հեռացվածների»
հավաստմամբ, պլենումն ընթացել է կանոնադրական կոպիտ խախտումներով: «Կուսակցության
ամեն մի կոմունիստի ընտանիքում գոնե երկու կոմունիստ կա, բարեկամներից գոնե մի քանիսն
են, իսկ Թովմասյանի ընտանիքում մենակ ինքն է: Ազգության մեջ կոմկուսի տոմս կրող չկա:
Իսկ եթե նա իր տղային չի կարողանում կոմունիստ դարձնել, ուրեմն դրսից մի երիտասարդի
իր գաղափարները համոզելու բարոյական իրավունք չունի: Ի վերջո, շրջկոմի քարտուղար
եղած ժամանակ այդպես ճոխ որ ապրել է իր ընտանիքը եւ այսօր չի ցանկանում գալ այդ կուսակցություն,
ուրեմն նա այդտեղ էլ անելիք չունի»,- ասում է Խորեն Սարգսյանը: Իսկ համագումարի
հետ «մարտիկները» մեծ հույսեր են կապում: «Համագումարը բոլոր հարցերը կլուծի, կուսակցությունը
մնալու է, տեր է կանգնելու իր գաղափարներին եւ դառնալու է ամենամարտունակ քաղաքական
կազմակերպությունն ու ամենախոր ընդդիմությունը՝ այս չարաբաստիկ կապիտալիստական երկրի:
Եթե նույնիսկ անբարոյականությունն այնքան թանձր լինի, որ մեզ իսկապես մերժեն՝ որպես
կոմունիստների, մենք մեր աշխատանքը շարունակելու ենք, պիտի հիմնարար կադրային փոփոխություններ
լինեն կոմկուսում»,- ասում են նրանք: Իսկ Սանատրուկ Սահակյանը Ռ. Թովմասյանին համեմատում
է Գորբաչովի հետ. «Գորբաչովը թուրքական թերթերից մեկին ասել էր, որ իր կյանքի ընթացքում
ամեն ինչ արել է, որ հասնի բարձր դիրքերի եւ հեշտությամբ կործանի ՍՍՀՄ-ը, այսօր Թովմասյանն
է դա անում ՀԿԿ-ի գլխին՝ իշխանությունների աջակցությամբ: Հիմա Թովմասյանը շատ էլ
ցանկանա, չի կարող այդ ճանապարհից ետ կանգնել, որովհետեւ դրա դիմաց պարգեւատրումներն
արդեն ստացել է: Համագումարում ինչ ոճ եւ միջոցներ էլ օգտագործեն, միեւնույն է՝ մենք
հաղթելու ենք: Պլենումի այդ խայտառակ «որոշումը» շատերի մեջ է անհանգստություն առաջացրել:
Նվիրյալ կոմունիստները մեզ հետ են, մենք ընկճվելու եւ ետ կանգնելու բարոյական իրավունք
էլ չունենք»: Ի դեպ, Նորիկ Պետրոսյանը իր բախտակից ընկերների՝ կոմկուսի շարքերն
ընդունվելու հետ կապված հետաքրքիր պատմություններ արեց. «1969 թվականին Արփա-Սեւան
թունելի շինարարության ժամանակ փլուզում եղավ: Փրկարարների առաջամարտիկը եղել է Խորեն
Թռչունի Սարգսյանը: Փրկարարական աշխատանքների ընթացքում երկրորդ փլուզումն է լինում:
Խ. Սարգսյանը այդ ժամանակ ծանրագույն մարմնական վնասվածքներով ինքնաթիռով տեղափոխվում
է Լենինգրադ: Վիրահատություններից եւ ապաքինումից հետո երբ վերադառնում է, ի նշան
համապետական, համաժողովրդական երախտագիտության՝ ժամանակի թիվ մեկ դեմքերից մեկը՝
Բադալ Մուրադյանը, որը կառավարությունն էր ղեկավարում, Խորենին պարգեւատրում է կուստոմսով:
Դա այդ վիթխարի երկրի կոմկուսի նվերն էր Սարգսյանին, այդպիսի նվեր էլ ոչ ոք չի ստացել,
եւ ոչ ոք էլ իրավունք չունի այն վերցնելու: Իսկ Սանատրուկ Սահակյանը կուսակցության
մեջ է մտել 1988 թվականին, երբ Ռուբեն Թովմասյանի նմանները դավաճանում էին իրենց
գաղափարներին: Երբ առնետները փախնում էին, նա եկավ նավապետին օգնելու՝ դեռ 20 տարեկանում»:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել