Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԻ՛ ՀԱՐՁԱԿՎԵՔ ՀՈՎԵՅԱՆԻ ՎՐԱ

Նոյեմբեր 18,2004 00:00

ՄԻ՛
ՀԱՐՁԱԿՎԵՔ ՀՈՎԵՅԱՆԻ ՎՐԱ Առանձնակի վերլուծական կարողություններ
պետք չէին՝ կանխատեսելու համար, որ ԱԺ բյուջետային քննարկումների ընթացքում ամենայուրօրինակ
ելույթը լինելու է մշակույթի եւ երիտասարդության նախարար Հովիկ Հովեյանինը: Նա
երեկ, ասենք, դժգոհեց, որ լրագրողներին եւ հանրությանը երբեմն թվում է, թե իրենց
նախարարությանն են պատկանում մշակութային բոլոր հիմնարկները, մինչդեռ իրենցն են հազիվ
4-5-ը: «Գնում ենք գյուղերն այցի՝ մարդիկ գալիս, ասում են՝ մեզ տվել եք մարզերին,
քաղաքներին, դժգոհում են՝ ոչինչ չի արվում: Ի՞նչ անեմ, 1998-ին տվել են մարզային,
համայնքային պատկանելության, ե՞ս ի՜նչ անեմ,- տարակուսեց պրն Հովեյանը:- Անցյալ օրն
էլ թատրոններն էին եկել, ասում էին՝ մեզ վերցրեք ձեր ենթակայության տակ: Կարծես թե՝
մենք որ վերցրեցինք, պիտի ինչ-որ բան ավելանա… Ես դժգոհում եմ 1998-ի այդ վերաբաշխումից,
եթե պիտի տային ու դարձնեին լոտո խաղալու տեղ եւ հետո էլ ամեն մարզ գնալուց հարձակվեին
ինձ վրա ու ասեին, թե ինչու դուք տիրություն չեք անում: Դե, արի՛ ու պատասխանի»:
Պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը հարցրեց, թե նախարարին բավարարո՞ւմ է ոլորտին հատկացված
բյուջեն՝ սակայն Հովիկ Հովեյանն ի պատասխան սկսեց դատողություններ անել, թե դժգոհելը
հեշտ է. «Կարող եմ ասել, թե Էստոնիայի մշակույթի նախարարության տարվա բյուջեն 100-120
մլն դոլար է: Դրանից ի՞նչ պիտի փոխվի մեր կյանքում»: Վահրամ Բաղդասարյանը նորից կրկնեց
հարցը՝ այս անգամ «որքա՞ն է ձեզ պետք երջանիկ լինելու համար» ձեւակերպմամբ: «Ասեմ
ձեզ՝ երջանիկ լինելու համար պետք չէ մշակույթի նախարարության գործերին, մասնավորապես՝
կադրային քաղաքականությանը միջամտել, համատարած խառնվել, թե էսպե՜ս պիտի անեք, էնպե՜ս
պիտի անեք: Թույլ տվեք՝ մենք մեր աշխատակազմով կաշխատենք,- ի պատասխան ասաց պրն Հովեյանը:-
Մեր 8 մլն դոլարը Էստոնիայի մշակույթի նախարարության 100-120 մլնի դիմաց մեզ ձեռք
է տալիս, եթե մենք աղավնի կամ փուչիկ չթռցնենք, այլ նորմալ ծրագրեր իրականացնենք»:
Ի դեպ, ՄԱԿ խմբակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը ենթադրեց, թե Էստոնիայի հետ համեմատություններն
այդ երկրի նախագահի այցելության հետեւանքն էին: Հիշեցնենք, որ Հովիկ Հովեյանը Առնոլդ
Ռյուիթելին ուղեկցում էր կոնյակի գործարան այցի ընթացքում: Գուրգեն Արսենյանը ենթադրեց,
որ եթե Չինաստանի ղեկավարը գա Հայաստան՝ համեմատությունները կարվեն այդ երկրի հետ:
Ի դեպ, ըստ Հովիկ Հովեյանի՝ Չինաստանի մշակույթի բյուջեն 1,3 մլն է: Ա.
Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել