Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պուտինը կդառնա՞ «Ռուսբաշի»

Նոյեմբեր 18,2004 00:00

Պուտինը
կդառնա՞ «Ռուսբաշի» «Վլադիմիր Պուտինը բազմիցս հայտարարել է,
որ չի պատրաստվում նախագահ մնալ երրորդ ժամկետով, բայց դա դեռ ոչինչ չի նշանակում:
Միանգամայն հնարավոր է, որ նա Ռուսաստանը ղեկավարի նաեւ 2008 թվականից հետո»: Այսպիսի
կանխատեսում է արել Reuters-ը՝ համոզմունք հայտնելով, որ այդ հայտարարություններով
Պուտինն ընդամենը հասարակությանը մոլորեցնելու փորձեր է անում, իսկ իրականում բոլորովին
այլ խաղ է խաղում: Հենվելով բազմաթիվ փորձագետների դիտարկումների վրա՝ Reuters-ը
նկատել է տալիս, որ նման մտահանգումն ապացուցվում է Կրեմլի ներկայիս քաղաքականությամբ:
Ըստ այդմ, հնարավոր չէ, որ հետխորհրդային Ռուսաստանի իշխանական համակարգում այդքան
վիթխարածավալ փոփոխություններ սկզբնավորելուց հետո, ընդամենը չորս տարուց, նա հեռանա
նախագահական պոստից: «Ամբողջությամբ իրեն ենթարկելով խորհրդարանը, գործնականում զրոյի
հասցնելով կուսակցությունների դերակատարումը եւ խեղդելով օլիգարխներին՝ Պուտինն իր
շուրջը քաղաքական անապատ է ստեղծել, եւ այդ պայմաններում նրա համար շատ դժվար կլինի
ժառանգորդ գտնելը»,- հիմնավորում է Reuters-ը՝ նաեւ կասկած հայտնելով, որ ներկայիս
ժամկետի ավարտին իր տակավին անավարտ ծրագրերը Պուտինը հեշտությամբ կթողնի եւ կհեռանա:
«Հատկապես, որ նախագահական երրորդ ժամկետի սկզբին Պուտինը կլինի ընդամենը 55 տարեկան»:
Միեւնույն ժամանակ, Reuters-ը վկայաբերում է հասարակական կարծիքի մի շարք
հետազոտությունների արդյունքներ, ըստ որոնց՝ ռուսաստանյան հանրությունն ընդհանուր
առմամբ դեմ չէ, որ ներկայիս նախագահը պաշտոնավարի նաեւ երրորդ ժամկետով: Իսկ այդ
հնարավորության ֆորմալ կողմն ապահովելն ամենեւին դժվար չէ, քանզի խորհրդարանը նախագահի
լիակատար վերահսկողության տակ է, հետեւաբար՝ երկրի Սահմանադրության մեջ համապատասխան
փոփոխություններ կատարելն առանձնապես խոչընդոտների չի հանդիպի: «Բայց այդ դեպքում
Պուտինը հանդգնում է հայտնվել Արեւմուտքի կողմից մերժված եւ իշխանությունն ամեն գնով
պահել կամեցող Լուկաշենկոյի հետ միեւնույն շարքում, ինչը Ռուսաստանի համար հղի է
քաղաքական տխուր հետեւանքներով»,- բխեցնում է Reuters-ը՝ որպես այդպիսիք նշելով միջազգային
մեկուսացումն ու քաղաքացիական ինստիտուտների բարոյալքումը: Վլադիմիր Պուտինը
նախագահական աթոռը կթողնի միայն այն դեպքում, երբ համոզված լինի, որ Ռուսաստանի նման
ահռելի ու ներքին քաոսով բնորոշվող երկրում իշխանության կենտրոնացման գործընթացն
ամբողջությամբ ավարտվել է, իսկ այդ ընթացքում կրեմլյան վարչակազմի ժողովրդականությունն
առանձնապես չի նվազել, վկայակոչելով հեղինակավոր փորձագետների՝ ամփոփում է Reuters-ը:
«Միայն այդժամ Պուտինը լրջորեն կփնտրի ու կգտնի իր քաղաքականության շարունակողին,
որին, սակայն, դեռեւս վիճակված է հեղինակության համապատասխան պաշար հավաքել եւ հաղթել
ընտրություններում»: Պատրաստեց ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել