Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պալատական շինարարը

Նոյեմբեր 18,2004 00:00

Արամայիս Որսկանյանին հանգիստ կարելի է օլիգարխների շարքին դասել

ՀՀ կառավարական ամառանոցների տնտեսությունը մինչեւ 2000թ.-ն եղել է ՀՀ կառավարության ենթակայության տակ, ապա անցել է ՀՀ նախագահի աշխատակազմի ենթակայության տակ: Քաջատեղյակ մեր աղբյուրը հետաքրքիր մանրամասներ պատմեց այդ ամառանոցների կյանքից:

Իշխանափոխությունից անմիջապես հետո Ռ. Քոչարյանին հատկացված մասնաշենքը, որը նախկինում զբաղեցրել էր ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ՀՀ կառավարությունը վերանորոգել էր: Ռ. Քոչարյանին կատարված աշխատանքները չէին բավարարել, ու նա սկսել էր նոր կապիտալ վերանորոգում՝ այդ աշխատանքներն իրականացնելու համար հրավիրելով ՀՀ նախագահի վարչական շենքը վերանորոգող «Այգեձոր» ՍՊԸ-ին: Վերջինիս տնօրենը Արամայիս Որսկանյանն էր: Վերանորոգումը բարեհաջող իրականացնելուց, մասնաշենքում եղած ողջ կահ-կարասին թարմացնելուց հետո աշխատանքից գոհ ՀՀ նախագահը պարոն Որսկանյանին նշանակում է կառավարական ամառանոցային տնտեսության տնօրեն: Ավելի քան մեկ տարի առաջ մամուլի հրապարակումների նյութ էր դարձել հենց Որսկանյանի կողմից կառավարական ամառանոցի տարածքում Ռ. Քոչարյանի ձիերի համար ախոռի կառուցումը: Գրեթե նույն ժամանակահատվածում ընթացիկ վերանորոգման էր ենթարկվել նաեւ Ռ. Քոչարյանի մասնաշենքը:

Կառավարական ամառանոց տնօրինելը, պարզվում է, բավական եկամտաբեր գործ է՝ դատելով նրանից, որ Ա. Որսկանյանը անցած 6 տարիների ընթացքում շին-վերանորոգման աշխատանքներ կատարող ՍՊԸ-ի տնօրենից խոշոր կապիտալիստ է մեծացել: Այսպես, իր քրտնաջան աշխատանքով նա հասցրել է կառուցել Ավան-Առինջ տանող ճանապարհին այսօր արդեն գործող մի ամբողջ համալիր՝ «Ֆասքարտը», որի սեփականատերը նրա ավագ դուստրն է: Կրտսեր դստեր անունով սեփականաշնորհել է երբեւէ ՀՀ կառավարությանը պատկանող «Կապուտակ Սեւան» համալիրը: Ընդ որում, երկու օբյեկտներում էլ շինարարական եւ վերանորոգման աշխատանքներն իրականացրել է նրա սեփական ՍՊԸ-ն:

ՀՀ նախագահի վարչական շենքի վերանորոգումն իրականացնելուց հետո էլ պետությունը նրա ՍՊԸ-ին պարտք է մնացել եւ փոխարենը որպես փոխհատուցում եւ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանի գործուն աջակցությամբ նրան սեփականաշնորհվել է Պարոնյան 6 հասցեում նախկինում աշխատող «Նոր տարազ» տպարանի շենքը, ուր հիմա արդեն ակտիվ շինարարություն է ընթանում:

Իսկ բոլորովին վերջերս, մեր աղբյուրների ասելով, որպես «մաշված» կահույք նա դուրս է գրել Վազգեն Սարգսյանի՝ նրա սպանությունից հետո այսօր դեռ չբնակեցված մասնաշենքի կահ-կարասին: Թե որտեղ է այդ ապրանքը՝ դժվար է ասել: Սակայն նորընծա օլիգարխը փոխարենը պետբյուջեի հաշվին նոր կահույք է գնել: Պետությունը հոգ է տանում նաեւ կառավարական ամառանոցում բնակվողների համար զանազան ապրանքներ գնել: Դրանց գնի վերաբերյալ տեղեկությունները նույնպես, կարծես թե, փակ են:

Ի դեպ, հարկ է թերեւս նշել, որ ՀՀ առաջին նախագահի օրոք նրա տրամադրության տակ գտնվող կահ-կարասին, որ նա ժառանգել էր դեռ խորհրդային ժամանակներից, ոչ մի անգամ չի փոխվել, ու նրա մասնաշենքն էլ չէր նորոգվել ճիշտ այնպես, ինչպես Վազգեն Սարգսյանինը:

Երեկ մենք փորձեցինք մեր ստացած այս տեղեկությունների վերաբերյալ ստանալ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանի մեկնաբանությունը: Մեզ փոխանցեցին, թե նա զբաղված է: Հուսով ենք՝ պարոն Թումանյանը ժամանակ կգտնի սույնի մասին պարզաբանումներ տալու:

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել