Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27»-Ը ԿԱՐՃՎԱԾ Է, ԲԱՅՑ ՓԱԿՎԱԾ ՉԷ»

Նոյեմբեր 18,2004 00:00

Հարցազրույց
«Արդարության» ղեկավար, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի հետ – Պարոն Դեմիրճյան,
փաստորեն ընդդիմությունն այս պահին ոչնչով զբաղված չէ, թերեւս միայն հայտարարություններ
են արվում այս կամ այն առիթով: Որքա՞ն է սա շարունակվելու: Տպավորություն կա, թե
ընդդիմությունը պատրաստվում է 2008-ի ընտրություններին: – Եթե ընդդիմությունը
հանրահավաքներ չի կազմակերպում, դա չի նշանակում, որ ոչնչով զբաղված չէ եւ պատրաստվում
է 2008-ի ընտրություններին: Հենց ձեր նշած հայտարարությունները նույնպես կարեւոր
են եւ մեր գործունեության բաղկացուցիչ մասն են կազմում: Մենք հետեւողական ենք լինելու
մեր երկրում սահմանադրական կարգը վերականգնելու հարցում: Նաեւ պետք է նշեմ, որ իշխանությունների
կողմից իրականացվող քաղաքականությունը զրկում է նրանց մինչեւ 2008 թվականը մնալու
որեւէ հնարավորությունից: – Դուք եւ ընդդիմության ձեր գործընկերները տարբեր
առիթներով ասում եք, թե իշխանափոխության համար պետք է լինի հասարակական պահանջ, եւ
ընդդիմությունը միայնակ չի կարող իրականացնել իշխանափոխությունը: Փաստորեն, դատելով
այժմյան խաղաղ իրավիճակից՝ կարելի՞ է ենթադրել, որ չկա այդ հասարակական պահանջը:
– Այսօրվա հանդարտ իրավիճակը թվացյալ է: Հասարակական պահանջն առկա է, նույնիսկ
ավելի է ուժեղացել, քանի որ պատճառները չեն վերացվել: Պարզապես այդ պահանջն առայժմ
չի դրսեւորվում հանրահավաքների ձեւով: Բայց դա չի նշանակում, թե այդպես էլ շարունակվելու
է: – Ընդդիմադիր ուժերը արդեն մեկ տարի ութ ամիս իշխանություններից պահանջում
են, որ պատժվեն 2003-ին ապօրինություններ եւ կեղծիքներ կատարածները, սակայն իշխանություններն
էլ ճիշտ նույնքան ժամանակ է՝ անուշադրության են մատնում այդ պահանջը: Հետո ի՞նչ է
լինելու: Նույնիսկ օրերս դատախազության ներկայացուցիչը հայտարարեց, որ բավականին
ժամանակ է անցել եւ անհնար է ջոկել մեղավոր եւ անմեղ: – Անհնարին որեւէ բան
չկա, նախեւառաջ ցանկություն է պետք: Իշխանությունների նման գործելակերպը ավելորդ
անգամ ապացուցում է, որ իրենք են ծրագրել կեղծիքները: Այն, որ իշխանությունները հետեւողականորեն
պատասխանատվության չեն ենթարկում մեղավորներին, չի նշանակում, որ մենք պետք է փոխենք
մեր պահանջները: Պահանջները ուժի մեջ են, եւ վաղ թե ուշ այդ մարդիկ պատասխանատվության
են ենթարկվելու: Նաեւ Եվրոպայի խորհուրդն է Հայաստանի իշխանությունների առջեւ դրել
այդ պահանջը: Այնպես որ, այլընտրանք չկա՝ մեղավորները պետք է պատժվեն, քանի որ դա
է ապագա արդար ընտրությունների երաշխիքը: Դուք հարցնում եք, թե հետո ի՞նչ է լինելու,
եթե մեղավորները չպատժվեն: Հետո նոր իշխանությունների գործն է լինելու պատասխանատվության
ենթարկել ոչ միայն կեղծիքներ կատարողներին, այլեւ՝ հրահանգ տվողներին եւ կազմակերպիչներին:
– «Հոկտեմբերի 27»-ի գործից անջատված մասի կարճման անհրաժեշտության մասին
գլխավոր դատախազության կոլեգիայի որոշմանը հետեւեց «Արդարություն» դաշինքի հայտարարությունը,
եւ, փաստորեն, այլ գործողություններ չեղան: Ոմանք էլ նկատեցին, որ քանի դեռ հասարակությունը
չի ընդվզել այդ որոշման դեմ, ուրեմն դա պետք է ընդունել ինչպես որ կա: – Այդ
տրամաբանությամբ ամեն ինչ կարելի է արդարացնել, իսկ դատախազության որոշումը մենք
ընդունում ենք հենց այնպես, ինչպես կա, այն է՝ դատախազությունը քաղաքական որոշում
է կայացրել: «Արդարություն» դաշինքն իր գնահատականները տվել է: Համապատասխան գնահատականներ
տրվեցին նաեւ փաստաբան Աշոտ Սարգսյանի կողմից: Իսկ եթե այդ կապակցությամբ այլ գործողություններ
չեղան, դա չի նշանակում, որ վերջակետ է դրվել «Հոկտեմբերի 27»-ի գործում: «Հոկտեմբերի
27»-ը եթե նույնիսկ կարճվի, չի փակվի: – Հայաստանում հնարավո՞ր է նոր հեղափոխական
իրավիճակ: – Իհարկե հնարավոր է: Սակայն պետք է նշեմ, որ անտեղի շատ է չարչրկվում
այդ բառը: Ես գերադասում եմ խոսել սահմանադրական կարգի վերականգնման մասին, ինչը
պետք է իրականացվի ամբողջ հասարակության մասնակցությամբ: – Ի՞նչ ազդակներ
կարող են կրկին ոտքի հանել հասարակությանը: -Ազդակները կարող են տարբեր լինել,
սակայն պատճառները մնում են նույնը՝ ոչ լեգիտիմությունը եւ իրականացվող քաղաքականությունը:
– Զուգահեռներ անցկացնելով ԱՄՆ-ի եւ Հայաստանի նախագահական ընտրությունների
միջեւ՝ որոշ լրատվամիջոցներ նկատեցին, որ մեզանում մրցակիցը չշնորհավորեց մյուսին:
Փաստորեն, իրոք, մեզանում նման ավանդույթ չկա: – Համեմատությունը բացարձակապես
կոռեկտ չէ եւ ցինիզմի դրսեւորում է, քանի որ այն ամենը, ինչ տեղի է ունենում Հայաստանում,
հնարավոր չէ պատկերացնել ոչ միայն Միացյալ Նահանգներում, այլեւ որեւէ այլ ժողովրդավարական
երկրում: Իսկ կեղծիքներով եւ բռնություններով «հաղթողին» շնորհավորելը նշանակում
է խրախուսել այդ կեղծիքներն ու բռնությունները: Որպեսզի շնորհավորելու ավանդույթ
լինի, պետք է նախ ձեւավորվի արդար ընտրությունների ավանդույթ: – «Ագո»-ի
խմբի հետ հանդիպման ժամանակ ԱԺ նախագահն ասաց, թե վերսկսելու է քաղաքական կոնսուլտացիաները
ընդդիմության հետ, որպեսզի գարնանային նստաշրջանին ընդդիմությունը վերադառնա խորհրդարան:
Ձեզ առաջարկ արվե՞լ է: – Ոչ: – Վազգեն Մանուկյանը օրերս խոսեց հակակոռուպցիոն
նախարարության մասին. դուք ինչպե՞ս եք սա գնահատում: – Ես կարծում եմ, որ
կոռուպցիայի մեջ խրված իշխանության պարագայում այդպիսի նախարարության ստեղծումը ոչինչ
չի փոխի: Հայաստանին արմատական փոփոխություններ են անհրաժեշտ: Հարցազրույցը՝
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել