Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՑՈՒՑՈՒՄ՝ ՔՎԵԱՐԿԵԼ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՕԳՏԻՆ

Նոյեմբեր 18,2004 00:00

ԱԺ
արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ պատվիրակ Արմեն Ռուստամյանը
թեեւ չէր մասնակցում Փարիզում երեկ գումարված ԵԽԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովի
նիստին, սակայն ծանոթ էր ԼՂ հարցով զեկուցող Դեյվիդ Աթկինսոնի կազմած փաստաթղթին:
«Աթկինսոնի նախնական զեկույցը լուրջ, էական փոփոխություններ չի կրել Թերի
Դեւիսի զեկույցի համեմատ: Եվ անգամ անտեղի են նոր մեկնաբանությունները, քանի որ դրանք
նույնը կլինեին, ինչ Դեւիսի զեկույցի պարագայում,- ասաց Արմեն Ռուստամյանը:- Աթկինսոնի
արած փոփոխություններն ընդամենը խմբագրական են: Մի 2-3 ոչ էական փոփոխություններ
կան: Օրինակ՝ պահպանվել է նույն միտքը, թե Ղարաբաղի հակամարտությունը դեռ մնում է
չլուծված, բայց Թերի Դեւիսի զեկույցում ձեւակերպումը փոքր-ինչ այլ էր»: Եվրախորհրդի
գլխավոր քարտուղարի նախապատրաստած բանաձեւի նախագծում մի դրույթ կար, թե Վեհաժողովը
կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին քննարկել Լեռնային Ղարաբաղի քաղաքական ուժերի
ներկայացուցիչների հետ կապեր հաստատելու հարցը՝ «քննարկելու համար Ղարաբաղի ապագա
կարգավիճակը»: Ըստ պրն Ռուստամյանի՝ Աթկինսոնն այս կետից հետո ավելացրել է, թե ԵԽԽՎ-ն
տրամադիր է իր մասնակցությունը բերել, որ իրականացվի այդ գործընթացը. «Այսինքն՝ դա
կատարվի, օրինակ, Ստրասբուրգում: Հիշեցվել է այն փաստը, որ եղել է նման նախաձեռնություն»:
Նախնական զեկույցում մյուս փոփոխությունն այն է, որ հղում է արվել 2002-ին ընդունված՝
Հարավային Կովկասի երկրների փախստականներին եւ տեղահանված անձանց վերաբերող 1570
բանաձեւին: Եվ վերջապես՝ երաշխավորությունների բանաձեւում ավելացված է մի նոր պարբերություն,
որում նշված է, թե 1994-ին ընդունված 1251 բանաձեւում Ղարաբաղի հարցի շուրջ եղել
է նման ձեւակերպում, որ Հայաստանին ու Ադրբեջանին կարող են տրամադրվել փորձագետներ,
որոնք կարող են մասնակցել ԼՂ կարգավիճակի քննարկմանը: Վերջին առաջարկը դրական
գնահատելով՝ Արմեն Ռուստամյանն այսուհանդերձ կրկնեց, թե ինչպես եւ Դեւիսի զեկույցը՝
Աթկինսոնի նախապատրաստած փաստաթուղթը եւս վտանգավոր է եւ անընդունելի. «Երկու պատճառով
է անընդունելի, որոնք չեն վերացվել այս զեկույցում: Առաջինը՝ հակամարտության կենսագրությունից
հանված են 1988-1992-ի հիմնական փաստերը, այսինքն՝ կորսված է մոտիվացիոն դաշտը: Եվ
դրանից էլ բխել են իր սխալ հետեւությունները: Իսկ երկրորդ մեծ սխալն այն է, որ հակամարտության
կողմեր են դիտարկված Հայաստանն ու Ադրբեջանը»: Հետաքրքրվեցինք, թե ԱԺ արտաքին
հարաբերությունների հանձնաժողովի նախագա՞հն էլ կպնդի, որ Դեյվիդ Աթկինսոնի նախապատրաստած
նման փաստաթղթի պատճառը Մեծ Բրիտանիայի ոչ լոյալ վերաբերմունքն է Ադրբեջանի նկատմամբ:
«Փաստ է, որ Մեծ Բրիտանիան իսկապես ունի իր մոտեցումը ԼՂ հարցի վերաբերյալ, որը մեզ
համար անընդունելի է,- ի պատասխան ասաց պրն Ռուստամյանը:- Այն, որ Մեծ Բրիտանիայի
պատգամավորը, բնական է, ավելի շատ հակված է պաշտպանել իր պետության տեսակետը՝ նույնպես
նորություն չէ եւ, կարծում եմ, շատ հավանական է: Եվ այն, որ Թերի Դեւիսը չնայած այլեւս
զեկուցող չէր, այլ Եվրախորհրդի գլխավոր քարտուղար, բայց ներկայացրեց իր նախապատրաստած
փաստաթուղթը եւ հենց իր հեղինակությունը բավարար էր հետագա քննարկումն արդեն իսկ
ուղղորդելու համար՝ նույնպես փաստ է»: Արմեն Ռուստամյանը նաեւ նշեց. «Աթկինսոնի
զեկույցը շատ լուրջ մտահոգություն է առաջացնում նաեւ այն պատճառով, որ նա հրաժարվեց
այցելել տարածաշրջան: Թեեւ ճիշտ կլիներ, որ զեկուցողը հաշվի առնելով մանավանդ հայկական
կողմի լուրջ դիտողությունները՝ գար տարածաշրջան եւ փորձեր ավելի հղկել զեկույցը եւ
արձագանքեր արտահայտված մտահոգություններին: Մեր երկրորդ առաջարկը պետք էր նույնպես
իրականացնել՝ զեկույցն ամբողջական դարձնելու համար. ճիշտ կլիներ Ղարաբաղի մասնակցությամբ
կլոր սեղան հրավիրել, որը նույնպես չկատարվեց: Ենթադրում եմ, թե Աթկինսոնը համարել
է, որ Դեւիսը բավականաչափ աշխատել է այս զեկույցի վրա եւ ճիշտ չի լինի որեւէ բան
փոխելը: Ահա այս ճնշումն ազդեց՝ շատ մեծ խիզախություն պետք է պահանջվեր հաջորդ զեկուցողից
լուրջ փոփոխություններ անելու համար»: Իսկ երեկվա քննարկման առնչությամբ ԵԽԽՎ-ում
մեր պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանը Փարիզից հեռախոսով հաղորդել է ԱԺ հասարակայնության
հետ կապերի վարչությանը. «Ակնհայտ էր, որ մի շարք երկրների ներկայացուցիչներ ցուցում
էին ստացել իրենց երկրներից քվեարկել ադրբեջանցիների օգտին, եւ, ի վերջո, փաստորեն,
դա ադրբեջանցիներին հնարավորություն տվեց խանգարել, որ ընդունվեն Հայաստանի ներկայացուցչի
մյուս 3 առաջարկները: Դրանցից մեկի դեպքում, որը վերաբերում էր բանաձեւի նախնական
նախագծից «անջատողական ուժեր» արտահայտությունը հանելուն, ձայները հավասար բաշխվեցին,
եւ այդ պատճառով չընդունվեց առաջարկը»: Տիգրան Թորոսյանի գնահատականով՝ «Բանաձեւի
նախնական նախագիծը բարելավվեց հանձնաժողովին ներկայացված տարբերակի համեմատ, սակայն,
ցավոք սրտի, ոչ այն բոլոր կետերով, որոնց հետ կապված Հայաստանի ներկայացուցիչը ներկայացրել
էր իր առաջարկները»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել