Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր

Նոյեմբեր 17,2004 00:00

Մեր հարեւանների փորձը Վրաստանում «Եհովայի վկաներին» խաչով ծեծում են Վրաստանում առ այսօր գոյություն չունի խղճի եւ ազատության մասին օրենք: Թբիլիսիի Սուրբ Գեւորգ եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Նարեկ քահանա Ղուշչյանից տեղեկացանք, որ նման օրենք միտումնավոր չի ընդունվում: «Ուզենք թե չուզենք՝ այսօր Վրաստանում դե ֆակտո աղանդները գործում են: Նույն վիճակում են տեղի ավանդական եկեղեցիները, մասնավորապես հայկականը: Օրինակ, 6-րդ դարի հայկական Սբ. Գեւորգ եկեղեցին: Փաստորեն, մենք արդեն 14 դար դե ֆակտո գործում ենք, բայց դե յուրե գոյություն չունենք»,- ասում է տեր Նարեկը: Ըստ հոգեւորականի, Վրաստանում առանձնահատուկ դեր է տրվում միայն վրացական ուղղափառ եկեղեցուն, իսկ աղանդավորական շարժումներին շատ ավելի խիստ են վերաբերվում, քան Հայաստանում: Նա առանձնացրեց «Եհովայի վկաներին», որոնց վրացիներն ամենավատ վերաբերմունքին են արժանացնում. «Նույնիսկ եղել են դեպքեր, երբ վրաց հոգեւորականները իրենք են հայտնաբերել ու խաչերով ծեծել վերջիններիս: Օրերս էլ Մամաբասիլ անունով մի հոգեւորականի ձերբակալել են Եհովայի վկային ծեծելու համար»: Այլ է վիճակը հայաբնակ մյուս բնակավայրերում: Վրաստանի Բոլնիս (նախկինում Բոլնիս- Խաչեն) գյուղի բնակիչներից տեղեկացանք, որ իրենց մեծ մասը անհավատներ են. հազվադեպ են գնում եկեղեցի, մկրտվում եւ այլն: Չնայած գյուղի փոքր բնակչությանը, այստեղ բազմաթիվ աղանդավորական խմբավորումներ են գործում: Բոլնիսցի Նազիկ Հովհաննիսյանը նշեց, որ «Եհովայի վկաները» շաբաթը մի քանի անգամ Ախալքալաք են գնում ու հոգեւորսությամբ զբաղվում: Քանի որ Բոլնիս գյուղի փոքրիկ մատուռում մշտական քահանա չկա, հայ հարուստներն իրենց երեխաներին ստիպված վրացական Սիոնի եկեղեցում են պսակում: «Նման պսակադրությունը սովորական գյուղացու համար թանկ հաճույք է»,- պատմեց տիկին Նազիկը: Տեր Նարեկը նշեց, որ չնայած խոչընդոտներին, Թբիլիսիի հայ առաքելական եկեղեցու քահանաները միշտ պատրաստ են իրենց միջոցներով գալ գյուղեր եւ կատարել եկեղեցական ծիսակատարություններ: Նրանք իսկապես 15 օրը մեկ այցելում են Բոլնիս: Ի դեպ, այսօր Բոլնիսի շրջանում 42 հայկական մատուռ ու եկեղեցի կա: Հոգեւորականը նշեց, որ վերջերս Վիրահայոց թեմից Աբգար աբեղա Հովակիմյանը եւ Սուրբ Գեւորգ եկեղեցու քահանա տեր Եղիշեն հայկական Ախքյորփի գյուղում 60 երեխա են մկրտել, իսկ մեկ ամիս առաջ եւս 200-ին: Ընդ որում, երեխաների մի մասը նախկինում «Եհովայի վկաներ» էին: Ցավոք, Վրաստանի հայաբնակ գյուղերում մարդիկ հետաքրքիր զբաղմունք չունեն: Օրվա ընթացքում ընդամենը մի քանի ժամ են հոսանք ունենում եւ չեն հասցնում հեռուստացույց դիտել: Այդ իսկ պատճառով այս կամ այն աղանդավորական շարժմանը մասնակցելը, ըստ տեր Նարեկի, պարզապես ժամանց է: ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ Լուսանկարը՝ Վ. Սանթրյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել