ՄԵՐ ՊԱՅՔԱՐԸ ԱՆՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ ՉԷ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը Հայ եկեղեցու գլխավոր Սուրբն է եւ Հայ Ժողովրդի Հայրապետը Օրերս «Առավոտ» թերթում ցավով ընթերցեցինք «Լուսավորիչը՝ հոգեորս» հրապարակումը եւ հաղորդ դարձանք «Armenianow» կայքից արտատպված խմբագիր Ջոն Հյուզի մտորումներին եւ թյուր ըմբռնումներին, ըստ որոնց, ի թիվս այլ խոտոր մտքերի, անընդունելիորեն վերտառվում է, թե Գրիգոր Լուսավորիչը հոգեորս է: Եթե մարդն անհավատ է եւ չի կարողանում ընկալել ճշմարիտ լուսաբեր առաքելության էությունը՝ համեմատելով ու միեւնույն հարթության վրա դնելով այն պատահական կրոնական շարժման հետ, ասելիք չունեմ: Իսկ եթե նա փորձում է նպատակայնորեն ջուր լցնել ոմանց ջրաղացին եւ թյուր կարծիք ստեղծել ընթերցող հասարակության մեջ, պիտի նշեմ, որ այս հայտարարությունը չափազանց վտանգավոր է: Նկատի ունենալով ազատության քրիստոնեական սկզբունքները՝ հարկ եմ համարում շեշտել, որ Հայ եկեղեցու եւ իր զավակների մասին արտաբերված շատ տեսակետներ, ինչպիսիք պարոն Ջոն Հյուզինն են, կեղծ են ու անիրական: Թույլ տվեք ավելացնել, որ հոգեւոր պապակին հագուրդ տալը եւ այդ ծարավը հագեցնելը՝ Մայր եկեղեցուն եւ իր ժողովրդին եռանդով ասխնդելու փորձերի մեջ չէ, այլ՝ հնազանդության, խոնարհության, խոհեմության եւ այլ առաքինությունների, որոնք արտահայտվում են խոսքով եւ գործով: Միգուցե վերոնշյալը ոմանց համար քսանմեկերորդ դարում հոգեւոր սննդի «աղբյուր» է։ Չեմ առարկում, բայց զավեշտական է: Եկեղեցու պատմությունը հարուստ է օրինակելի փաստերով: Ջատագովության եւ հակաճառության շրջանը 2-րդ դարում էր: Մենք ապրում ենք 21-րդ դարում: Սինկրետիզմին ու օկուլտիզմին, ազատականության քողի տակ հանդես եկող մոտեցումներին քրիստոնեությունը վաղուց տվել է իր պատասխանը՝ թե Արեւելքում եւ թե Արեւմուտքում, որին անմասն չենք մնացել մենք՝ հայերս, անցնելով պատմության քառուղիներով ու մաքառելով Ավարայրից մինչեւ Արցախ: Հուշում եմ ձեզ, որ Հայաստանն ուղղափառ երկիր է, իսկ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը Հայ եկեղեցու գլխավոր Սուրբն է՝ ճանաչված Ընդհանրական եկեղեցում։ Տեղին է հիշատակել նաեւ 17-րդ դարի հայ երախտավորներից մեկի՝ Առաքել Դավրիժեցու խոսքը Հայոց Հայրապետի մասին. «Ի վերայ Աջոյն Սրբոյն Գրիգորի կապեալ կայ ազգս Հայոց»: Անընդունելի է 4-րդ դարում աստվածային հայտնության դրսեւորումն ընդունել որպես հոգեորսություն, եւ 1700 երկար ու ձիգ տարիների վաստակ ունեցող, հինավուրց, բայց կենդանի հավատքով վկայված եկեղեցու առաջնորդի գործունեությունը համեմատել նորելուկ եւ անհասկանալի շարժումների հետ: Մի՞թե այդքան հեշտությամբ կարելի է Լուսավորչահաստատ առաքելությունը, որ պետականության աստիճանին բարձրացրեց Հայաստանում արդեն իսկ երեք հարյուր տարիների իր գոյությունը փաստած քրիստոնեական եկեղեցին, համեմատել եւ նույնացնել կիսաքրիստոնեական եւ կիսաիսլամական, ազատությանը բռնացող եւ ժողովրդի զգացումները չհարգող ու չարժեւորող, քրիստոնեական ոչ մի եկեղեցու կողմից չընդունվող փերեզակների հետ։ Անհասկանալի է: Հարկ է հարթությունները չշփոթել եւ լրջորեն ընկալել ու ըմբռնել այն հավատքի էությունը, որը փոխանցել է մեր սուրբ հայրը՝ Գրիգոր Լուսավորիչը: Օտարների կողմից մեզ պարտադրված, մեր հոգեկերտվածքին անհարիր երեւույթների դեմ մեր արդար ու ազնիվ պայքարը անհանդուրժողականության դրսեւորում չէ: Ավելին, Հայ եկեղեցին ու Հայ ժողովուրդը, որպես անբաժանելի եւ անքակտելի միություն, 20-րդ դարավերջի հայ մտքի մեծանուն գործիչներից մեկի՝ Ամենայն Հայոց երջանկահիշատակ Գարեգին Առաջին կաթողիկոսի Հռոմում՝ Կոլիզեյում, Միջեկեղեցական աղոթքի ժամանակ արտաբերած խոսքերով՝ «ազդել եւ ազդվել է» իր հարեւաններից ու բարեկամներից: Հիշեք, մենք չէ, որ պարտավորված ենք միշտ մտածելու ուրիշի մասին: Հարկ է, որ նրանք եւս մտածեն մեր մասին: Ուրիշի ազատությունը չպետք է բռնանա իմ ազատությանը: Եվ ուրիշի զգացումներն ու իրավունքները չպետք է հարգվեն ու պաշտպանվեն իմ զգացումների ու իրավունքների հաշվին: Հայ ժողովուրդը գիտե իր սրբությունների գինը: Ազատությունը չպետք է շփոթել ամենաթողության հետ: Պիտի գիտակցել, որ խրատի ու ուղղվելու կոչերն անհանդուրժողական ոգու դրսեւորումներ չեն: Եկեղեցու համար մարդն ավելի մեծ է, քան պատկերացնում են նրա «արժանապատվության կեղծ պաշտպանները»: Մենք գիտենք եւ հավատում ենք, որ մարդը ստեղծված է՝ ըստ մեր Արարչի պատկերի ու նմանության: Պարոն Ջոն Հյուզ, դուք առաջինը չեք, որ սխալ եք ընկալում կրոնական հանդուրժողականությունը եւ ազատությունը: Վստահաբար, այսօր ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում, չարության, թշնամության, կրոնական անհանդուրժողականության աճը սնվում է ձեր ջատագոված գաղափարներից, որը ոչ միայն անտեսում է աստվածային հայտնությունն ու ճշմարտությունը, այլեւ մարդկությանը մղում է օկուլտիզմի եւ սինկրետիզմի: ՀՈՎԱԿԻՄ աբեղա ՄԱՆՈՒԿՅԱՆ Միաբան Սուրբ Էջմիածնի