Ամենակոռումպացված բուհը բժշկականն է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության կազմակերպած երեկվա քննարկման ընթացքում հրապարակվեցին «Կոռուպցիան ՀՀ պետական բուհերում» սոցհարցման արդյունքները: Երիտասարդ դաշնակցականները հայտարարեցին, որ ոլորտի ընտրությունը իրենց ավագ ընկերների՝ կոալիցիոն գործընկերների բոստանը քար գցել չի նշանակում. «Սա այն ոլորտն է, որի հետ շփվում ենք ամեն օր: Մասնավոր բուհերը չեն հետազոտվել ժամանակի եւ միջոցների սղության պատճառով»: Իսկ պատկերը հետեւյալն է. 11 բուհի 1100 ուսանողների 47 տոկոսի կարծիքով՝ բուհում կոռուպցիա կա եւ կլինի: Այս ցուցանիշը ամենամեծն է բժշկական համալսարանում՝ 72 տոկոս, ամենափոքրը՝ գեղարվեստի ակադեմիայում՝ 10 տոկոս: Արատավոր երեւույթի պատճառները ըստ ուսանողների հետեւյալն են. մեծ հնարավորություններով ուսանողներ, ցածր աշխատավարձ, բուհի ղեկավարության հովանավորչություն, զինծառայությունից խուսափում: Ըստ հարցվածների 22 տոկոսի՝ բուհերի ղեկավարությունը կարող է պայքարել կոռուպցիայի դեմ: Իսկ ուսանողական կազմակերպություններին պայքարողի դերում տեսնում է հարցվածների փոքրամասնությունը՝ 15 տոկոսը: Պետական 11 բուհերից 10-ի ռեկտորները երիտասարդ դաշնակցականներին հավաստիացրել են, թե 2000-04 հատվածում իրենց բուհում կոռուպցիայի դրսեւորումներ չեն եղել եւ չկան: Ամենաանկեղծը Ֆիզկուլտինստիտուտի ռեկտորն էր, որը տեղեկացրել է, որ 5 դասախոս հեռացվել է, հինգ ամբիոնի վարիչ՝ աստիճանազրկվել: Ծավալված քննարկման ժամանակ երիտասարդների կարծիքները բաժանվեցին: Կազմակերպիչների կարծիքով՝ համագործակցող երիտասարդությունը հաջողության կհասնի: Այլոց կարծիքով՝ ուսանողները ուսխորհուրդներին չեն վստահում, քանի որ այդ կառույցները «ոմանց համար տրամպլին են մագիստրատուրա ընդունվելու եւ այլնի համար»: Հավանաբար մտավախություն ունենալով, որ ասածները կհասնեն բուհի ղեկավարությանը, քննարկման մասնակիցները հայտարարեցին, որ գիտեն եւ կոռումպացված դասախոսների, եւ ուսանողների անուններ, բայց չհրապարակեցին: Առավել դիպուկ էր թերեւս «Նոր Հայաստան» ՀԿ նախագահ Էլեոնորա Մանանդյանի խոսքը. «Հայաստանում մի համակարգ է, որ բաժանված է զոնաների՝ իշխող կուսակցությունների միջեւ: Զոնաները փող են պահանջում, դա էլ կոռուպցիայի հիմք է: Ուսխորհուրդները չեն արտահայտում ուսանողության շահերը եւ կոռումպացված են այլ ձեւով. գրանտ են շահում»: ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ