Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՈՂ,

Նոյեմբեր 17,2004 00:00

ՀՈՂ, ԵՐԿԻՆՔ ԵՎ ԱՄԵՆԱՅՆ ԼԱՎԸ Երեկ Էստոնիայի նախագահ Առնոլդ Ռյուիթելն իր պաշտոնական այցի շրջանակներում հյուրընկալվեց նաեւ Երեւանի պետական համալսարանում, որտեղ էլ ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանը, ավանդույթի համաձայն, դոկտորի մի կոչում էլ նրան շնորհեց: Էստոնիայի նախագահի բավականաչափ բովանդակալից զեկույցին հաջորդեցին ուսանողների ոչ պակաս հետաքրքիր ու համարձակ հարցերը՝ ուղղված Առնոլդ Ռյուիթելին: Իր ելույթում Էստոնիայի նախագահը հիշատակեց հայ նոր գրականության հիմնադիր Խաչատուր Աբովյանի անունը, որ ուսում է ստացել Տարտուի համալսարանում, եւ նշեց, որ էստոնացիները հպարտությամբ են խոսում այդ մասին: Իհարկե՝ Խ. Աբովյանը միակը չէ: Տարտուի համալսարանում են ուսանել նաեւ բանաստեղծներ Ռափայել Պատկանյանը, Գեւորգ Դոդոխյանը եւ այլ հայ մտավորականներ: Ա. Ռյուիթելն արդարացիորեն նշեց նաեւ, որ թեպետ մեր երկու պետությունների հարաբերությունները հեռավորության պատճառով այնքան էլ սերտ չեն եղել, սակայն միշտ էլ լավ են եղել: Ի դեպ, Էստոնիայում այսօր 2000 հայ է ապրում, եւ երկրի կառավարությունը մի քանի տարի առաջ հայերին եկեղեցի է տրամադրել՝ մայրաքաղաքի հենց կենտրոնում: Իր ելույթում Ա. Ռյուիթելը հակված էր իր երկրի փորձը փոխանցել հայերին, եւ իբրեւ առաջին օրինակ ընդգծեց այն, որ «ժողովրդի ապագայի վերաբերյալ որոշումներում որոշիչ խոսքը հենց ժողովրդինը՝ դա բարձրագույն իշխանությանն է»: Ի դեպ, երեկ Էստոնիայի անկախության օրն էր, եւ Ռյուիթելն այս համատեքստում կարեւորեց համագործակցությունը, ինչի շնորհիվ էլ մերձբալթյան երկրներով իրենք հասել են անկախության: Եվ իրենց հաջողությունների գաղտնիքը, նախագահի խոսքերով, հենց խնդիրների՝ ժողովրդավարական ճանապարհով լուծումն է՝ առանց ճնշումների: Իր կողմից Էստոնիայի նախագահը վստահեցրեց, որ Եվրամիությունը եւ Էստոնիան՝ իբրեւ դրա անդամ, անում է ամեն հնարավորը՝ խթանելու Հայաստանում շուկայական տնտեսության եւ ժողովրդավարության զարգացումները: Հարցերի պատասխաններից պարզ դարձավ, որ Էստոնիայում մշակույթին հատկացվող գումարը կազմում է 100 միլիոն ԱՄՆ դոլար՝ պետբյուջեից: (Ի դեպ, Էստոնիայի 2004թ. բյուջեն մոտ 3.8 միլիարդ դոլար է): Բացի այդ, Էստոնիան ունի մշակույթի աջակցման այլ միջոց եւս՝ «Մշակույթի կապիտալ», որ կուտակվում է խմիչքի վաճառքից եւ մոլեխաղերից եկող հարկերից, ինչը, օրինակ, եկող տարի կկազմի 20 միլիոն դոլար: Դիվանագիտորեն սկսելով ցեղասպանության ճանաչման վերաբերյալ հնչած հարցի պատասխանը, Ա. Ռյուիթելն ի վերջո հստակ հնչեցրեց իր կարծիքը, այն է՝ «Ինչ եղել է հայերի նկատմամբ, ճիշտ է ճանաչել եւ դատապարտել»: Ինչ վերաբերում է ԼՂՀ հիմնախնդրի վերաբերյալ Էստոնիայի խորհրդարանի մի անդամի վերջերս հնչեցրած կարծիքին, թե հարցը պետք է լուծել՝ ելնելով Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքից, պրն Ռյուիթելը չմեկնաբանեց, ի դեպ, նշելով, որ ծանոթ չէ նման կարծիքի, եւ ասաց հետեւյալը. «Մենք կողմնակից ենք հարցի խաղաղ եւ կառուցողական լուծմանը՝ Մինսկի գործընթացների շրջանակներում, ինչպես նաեւ կոնֆլիկտի լուծման հարցում միջազգային կառույցների կողմից ցուցաբերվող ջանքերին»: Իսկ Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերություններին, ապա Էստոնիայի նախագահը միայն ասաց, որ դրանք պետք է բխեն «Կոպենհագենյան սկզբունքներից»՝ Եվրամիության պահանջներից: Ուսանողներից մեկին հետաքրքրում էր, թե ինչու Էստոնիայի դրոշն այդքան մռայլ գույներ ունի: Էստոնիայի նախագահի ցանկությամբ՝ հարցին պատասխանեց նախագահի կինը: Նա բացատրեց, որ դրոշի սեւ գույնը խորհրդանշում է հողը, կապույտը՝ երկինքը, իսկ սպիտակը՝ ազատությունը, սերը, հույսը, մի խոսքով՝ ամենայն լավը: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆՀ. Գ. Էստոնիայի բնակչության 37 տոկոսը տանը համակարգիչ ունի, իսկ Հայաստանում, օրինակ, այդ ցուցանիշը 5 տոկոսի էլ չի հասնում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել