Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՎԵՐԻ

Նոյեմբեր 17,2004 00:00

ՆՎԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ ՓՈՂԸ ՏՎԵՔ Ինչու են բուժհիմնարկները նախընտրում բյուջետային փողերը հումանիտար դեղերից «Ինչ դեղ կամ բժշկական սարքավորում որ ուղարկում են Հայաստան որպես մարդասիրական օգնություն, արդեն իրենց դարն ապրել են: Նորմալ ապրանքը գնվում է վարկերի, դրամաշնորհների եւ բյուջեի միջոցներով»: Սա առողջապահության նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Արարատ Մկրտչյանի կարծիքն է: Անշուշտ, նվեր տված ձիու ատամները չեն հաշվում: Սակայն երբ խոսքը վերաբերում է մարդու առողջությանը, ժողովրդական այս ասացվածքն արդիական չէ: Պարզ է, որ նորագույն պրեպարատները թանկարժեք են եւ «նվերացու» չեն կարող լինել: Հետեւաբար, դրանք չեն կարող մրցակցել դեղորայքի շուկայում՝ իրենց համեմատաբար թույլ արդյունավետության պատճառով: Զուր չէ, որ օգնության դեղերն ի սկզբանե նախատեսված են եղել պետպատվերով բուժվող անապահով խավի համար: Համաձայն կարգի, այն բաշխվում է բուժհիմնարկներին՝ առողջապահության նախարարության հետ կնքված պայմանագրով: Օգնության դեղերի սպասվող խմբաքանակի ցանկը նախապես հրապարակվում է նախարարության պաշտոնաթերթում, իսկ մաքսազերծումից հետո բուժհիմնարկներն իրենց ընտրությամբ գալիս-ստանում են անհրաժեշտ տեսականին ու քանակը: Սակայն պարզվում է, որ այս հարցում հիվանդանոցներն ու պոլիկլինիկաներն առանձնապես ակտիվություն հանդես չեն բերում, ինչը հաստատեցին նաեւ առողջապահության նախարարությունում: Բանն այն է, որ նախարարության եւ բուժհիմնարկների տնօրենների միջեւ կնքվող պայմանագրի համաձայն, որքան գումարի հումանիտար դեղորայք ստանա բուժհաստատությունը, այնքան էլ նվազում է դեղորայք ձեռք բերելու համար բյուջեից հատկացված գումարի չափը: Տրամաբանական է, որ տնօրենները ձգտում են «քոռուփուչ» չանել իրենց հասանելիք գումարը եւ այն ստանալ «քյաշ փողով», ոչ թե դեղորայքի սահմանափակ ցանկով: Կանխիկ գումարը կարելի է օգտագործել ոչ միայն պետպատվերով բուժվողների համար դեղորայք գնելու, այլեւ ուրիշ նպատակներով: Բացի այդ, չնայած նախարարության թույլ ջանքերին, «պետպատվերով անվճար բուժվել» հասկացությունը եղել եւ մնում է խորթ բոլոր բուժհիմնարկների համար: Այսօր էլ դեղերն այդ հիմնարկներում վաճառվում են, ոչ թե տրամադրվում, անկախ հիվանդի կարգավիճակից: Հետեւաբար, լիովին ըմբռնելի է բուժհիմնարկների տնօրենների ըմբոստությունն այս հարցում: Բյուջեի գումարները խնայելը իրենց հոգսը չէ: «Մեր ստացածը, իհարկե, դեֆիցիտ դեղեր չեն, բայց դրանց մեջ կարեւոր դեղեր էլ են լինում: Մենք դրանք բուժհիմնարկներին չենք պարտադրում, իրենք իրենց ցանկությամբ են ընտրում անհրաժեշտ տեսականին եւ չափը»,- խնդրի մասին «Առավոտին» տեղեկացրեց Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոնի տնօրեն Անանիա Մաղաքյանը: Նաեւ նշեց, որ այժմ դեղերի մաքսազերծման գործընթացն արագ է կատարվում, ինչը դեղերը ժամկետանց չդարձնելու հարցում կարեւոր պայման է: Իսկ թե ստացված խմբաքանակից ինչքանն է բաշխվում, ինչքանն է մնում՝ տնօրենը դժվարացավ պատասխանել՝ «խառն է, 6 տարի առաջ ստացածն էլ ենք բաշխում՝ նորի հետ միասին»: Վերջում ասենք, որ բուժհիմնարկները հումանիտար օգնությունից չուզելով, բայց, այնուամենայնիվ, օգտվում են: Նաեւ այն պատճառով, որ նախարարության հետ հարաբերությունները չփչացնեն եւ պետպատվերի պայմանագիրը չխզվի: Ի դեպ, այս տարվա ապրիլին նախարար Նորայր Դավիդյանը պայմանագրում մի կետ էլ է ավելացրել. պետպատվերով բուժվող հիվանդից բողոք ստանալուն պես՝ տվյալ հիմնարկի հետ պայմանագիրը կխզվի: Մինչ օրս նման դեպք չի արձանագրվել, բայց ոչ այն պատճառով, որ բողոք չի եղել: Պարզապես բուժհիմնարկներն ու նախարարությունը միմյանց ըմբռնումով են մոտենում: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել