Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԹԿԻՆՍՈՆԸ

Նոյեմբեր 17,2004 00:00

ԱԹԿԻՆՍՈՆԸ ԿՐԿՆԵԼ Է ԴԵՎԻՍԻՆ «Առավոտի» հարցին՝ ծանո՞թ է արդյոք ԵԽԽՎ ԼՂ հարցով զեկուցող Դեյվիդ Աթկինսոնի նախապատրաստած զեկույցին, որը քննարկվելու է այսօր Փարիզում ԵԽԽՎ քաղաքական կոմիտեի նիստում, արտգործնախարար Վարդան Օսկանյանը պատասխանեց. «Այո, իհարկե, ծանոթ եմ: Փաստաթղթում մի քանի կետեր կան, որոնք, կարծում եմ, դեռ պետք է փոփոխվեն, քանի որ ճիշտ չեն արտահայտում իրականությունը: Լավ կլինի, եթե դրանք փոխվեն, որպեսզի ավելի հավասարակշռված զեկույց լինի»: Մեր հարցին՝ արդյոք Աթկինսոնը կրկնե՞լ է Թերի Դեւիսի զեկույցի շեշտադրումները՝ պրն Օսկանյանը պատասխանեց. «Մեծ մասով՝ այո: Կան մանր-մունր փոփոխություններ»: ՄԱԿ խմբակցության ղեկավար Գուրգեն Արսենյանի խնդրանքով ԱԳ նախարարը երեկ նաեւ անդրադարձավ ՄԱԿ-ի գլխավոր նստաշրջանում սպասվելիք քննարկմանը «գրավյալ» տարածքների վերաբերյալ: Քանի որ Ադրբեջանի այս նախաձեռնությանը կողմ քվեարկողները հիմնականում «Իսլամական լիգայի» անդամ երկրներն էին՝ պրն Արսենյանը հետաքրքրվեց, թե արդյոք ԱԳՆ-ն չի՞ ծրագրում համապատասխան քարոզչական աշխատանք տանել այդ երկրներում, որ նրանց հասարակություններին բացատրվի, թե ԼՂ հակամարտությունը ոչ թե դավանանքների, այլ ինքնորոշման խնդիր է: Վարդան Օսկանյանը վստահեցրեց, թե աշխատանքներ տարվում են. «43 երկիր կողմ էր քվեարկել, որոնցից 38-39-ը «Իսլամական կոնֆերանսի» անդամ երկրներ են: Բայց չմոռանանք, որ այդ կազմակերպության կազմում 53-54 անդամ կա: Այնպես որ՝ ոչ բոլորն են կողմ քվեարկել, քանի որ հիմնականում աշխատել ենք այդ երկրների հետ»: Ինչ վերաբերում է սպասվելիք քննարկմանը՝ ԱԳ նախարարը հայտնեց. «Մոբիլիզացված են դեսպանատների ցանցը եւ մեր բոլոր հնարավորությունները: Եվ անում ենք ամեն ինչ, որ ԼՂ խաղաղ գործընթացը որեւէ կերպ չտուժի: Քանի որ կարծում ենք, թե բանաձեւի անցկացումը ՄԱԿ-ում կարող է իսկապես լուրջ հարված հասցնել գործընթացին, որի հետեւանքները կարող են անկանխատեսելի լինել»: Կասկած արտահայտեց, թե բանաձեւին կարող է կողմ քվեարկել նաեւ Ուկրաինան: Սակայն ԱԳ նախարարը չցանկացավ գնահատականներ տալ, թե ինչ արդյունք է ունենալու իրենց կատարած «լայնածավալ» աշխատանքը: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել