Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԵ,

Նոյեմբեր 17,2004 00:00

ԴԵ, ԿՈՌՈՒՊՑԻԱՆ ՀԻՄԱ ԴՈՒ ՏԵՍ «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» բրիտանական ոչ կառավարական հակակոռուպցիոն կազմակերպության ուսումնասիրությունների 2003 թ. հաշվետվության մեջ բավականին թափանցիկ է ներկայացված կոռուպցիան ՀՀ-ում: Ուսումնասիրության ամփոփման մեջ նշված է, որ կոռուպցիան թեպետ Հայաստանում կոմունիստական ժառանգություն է, սակայն այսօր գործող համակարգն էլ իր հերթին է այն խորացնում: Մասնավորապես նշված է, որ Հայաստանում իշխանության կառույցները միայն ձեւականորեն են անկախ եւ ինքնուրույն. «Իրականում հանրապետության օրենսդիր եւ դատական իշխանությունները, ինչպես նաեւ այլ ինստիտուտներ, ուժեղ կախվածության մեջ են ՀՀ նախագահից եւ գործադիր իշխանությունից: Այսպիսով, հայաստանյան պետական կառավարման համակարգում գոյություն չունի իշխանության ճյուղերի միջեւ իրական տարանջատում եւ բացակայում են իշխանության ճյուղերի արդյունավետ փոխզսպման մեխանիզմները»: Կոռուպցիայի տեսակների մեջ հատուկ շեշտված է՝ կոռուպցիան հեռահաղորդակցության ոլորտում, իբրեւ օրինակ բերվում է «ԱրմենՏելը»: Քաղաքական կոռուպցիայի ձեւերից նշված է ընտրական գործընթացների ժամանակ կիրառվող կոռուպցիան: Իբրեւ քաղաքական կոռուպցիայի օրինակ է նշված նաեւ խորհրդարանական կոռուպցիան, երբ պատգամավորները մի խմբից մյուսն են անցնում. «Ելնելով շահադիտական եւ ոչ թե գաղափարական դրդապատճառներից, խնամիության, հովանավորչության կամ կաշառքի միջոցով եւ ոչ թե արժանիքների շնորհիվ քաղաքական կամ հայեցողական պաշտոններին (նախարարներ, փոխնախարարներ, մարզպետներ, փոխմարզպետներ եւ այլն) նշանակելը»: Իբրեւ կոռուպցիայի պարարտ հող է դիտվում այն, որ կառավարության անդամները բացի պետական աշխատանքից ունեն նաեւ իրենց անձնական բիզնեսը. «Շատ հաճախ կառավարության անդամները բացահայտ կերպով արտոնյալ վերաբերմունք են ցույց տալիս իրենց բարեկամների, ընկերների կամ գործընկերների նկատմամբ՝ պետական պայմանագրեր կնքելիս կամ մրցույթներ անցկացնելիս»: Իրավական ոլորտի կոռումպացվածության մասին մեզ ուսումնասիրողները բավականին անվիճելի բացահայտումներ են արել՝ հայտարարելով, որ Հայաստանում քչերն են համարձակվում դիմել դատարան, քանի որ վախենում են հետագա հնարավոր պատիժներից. «Ոչ ոք չի վստահում դատական մարմիններին՝ հաշվի առնելով ինչպես այդ մարմինների կոռումպացվածությունը, այնպես էլ նրանց կախվածությունը այն մարմիններից, որոնց դեմ քաղաքացին պատրաստվում է դատական գործ հարուցել»: Կոռուպցիան գոյություն ունի նաեւ կուսակցություններում, եւ սա մեզ ուսումնասիրողների ուշադրությունից չի վրիպել: Նշված է, որ այսօր կուսակցությունները ամենախորը գաղտնիությամբ թաքցնում են իրենց ֆինանսավորման աղբյուրները. «Վերջին 2-3 տարում ավելի մեծ տարածում է գտնում կուսակցությունների ստեղծումը եւ կամ ֆինանսավորումը խոշոր գործարարների կողմից: Չնայած 2003 թ. ԱԺ ընտրությունների արդյունքում միայն այդպիսի մեկ կուսակցություն (ՄԱԿ) հաղթահարեց 5 տոկոսի արգելքը, կուսակցությունների կախվածությունը գործարար շահերից դառնում է միտում որոշ ավանդական կուսակցությունների դեպքում: Նվիրատվության՝ ներկայումս կիրառվող գործընթացը աղավաղում է երկրի կուսակցական համակարգը: Ավելի հաճախ նվիրատուն կուսակցությունից ակնկալում է շոշափելի օգուտ, եթե այդ կուսակցությունն անցնի իշխանության գլուխ»: Ուսումնասիրողները հայաստանյան մամուլում առկա հրապարակումները ի մի բերելով՝ եկել են այն եզրակացության, որ մեզանում չկան ոստիկանության կամ դատախազության համակարգում կոռուպցիան քննող անկախ մեխանիզմներ, որ առնվազն անհասկանալի է, երբ պետական մարմինը ինքն իրեն է վերահսկում. «Ոչ իշխանության մյուս ճյուղերը, ոչ էլ քաղաքացիական հասարակությունը որեւէ դեր չունեն ոստիկանության կամ դատախազության համակարգի ներսում կոռուպցիան կամ այլ տեսակի հանցագործությունները կանխարգելելու հարցում»: Ըստ այդմ, շահերի բախումը, խնամիությունը եւ հովանավորչությունը իրավապահ մարմինների կառույցներում անխուսափելիորեն հանգեցնում են կոռուպցիայի ծաղկմանը, անկախ նրանից, որ համանման երեւույթները կանխարգելող օրենքների պակաս մեզանում չկա: Սա եւս հակակոռուպցիոն կազմակերպության գնահատականն է: Պարզվում է՝ երբ մեզ դրսից են զննում, մի բարի պտուղ չենք: Հատկապես մի բարի պտուղ չեն դիտվել նաեւ հարկային մարմինները. «Օրինակ, հարկային մարմինների համար (որոնք իրենց հերթին պարտադրված են պետական կառավարման կենտրոնական ապարատի կողմից) վերջին ժամանակներս «բարի ավանդույթ» է դարձել եռամսյակը մեկ հարկային կանխավճար կատարելու պահանջը՝ պետական բյուջեի ճեղքվածքը լցնելու նպատակով: Որոշ դեպքերում հարկային տեսուչը փորձում է վախեցնել հարկատուին, եթե նա չի համաձայնում կատարել պահանջը, որը օրենքով չի պարտադրված»: «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» կազմակերպությունը նկատել է նաեւ, որ պաշտոնյաները (փոքր, մեծ եւ շատ մեծ) սովորություն ունեն իրենց ունեցվածքը իրենց կանանց, աներձագի, սիրելի զոքանչի կամ էլ հարեւանի անունով գրանցելու, հետեւաբար հայտարարագրման փաստաթղթերում պարոնայք իրենց իրական ունեցվածքը չեն հրապարակում: Սակայն ուսումնասիրողները նկատել են, որ Հայաստանը փոքր երկիր է, եւ շատ լավ երեւում է, թե որ նախարարը ինչպիսի ավտոմեքենա (ավտոմեքենաներ) է վարում, կամ ինչ տուն (տներ) եւ ամառանոց (ամառանոցներ) ունի: Զարմանալի մարդիկ են մեզ կողքից զննողները. թեպետ մեր մասին ամեն ինչ գիտեն, բայց զարմանք են հայտնում, որ համապատասխան մարմինները այս ամենով չեն զբաղվում: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել