Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ՝ ԽՈՇՈՐ ՀԱՇՎՈՎ

Նոյեմբեր 17,2004 00:00

Երեկ
Երեւանի «Նաիրի» ստադիոնում ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը ուժերը
չափեց Ռումինիայի հասակակիցների հետ եւ 0:5 խոշոր հաշվով պարտություն կրեց: Չնայած
Վարդան Մինասյանի սաների մեջ պայքարի ձգտումը նկատելի էր, սակայն թիմում կոլեկտիվ
խաղը միշտ չէ, որ ստացվում էր: Հանդիպման մեծ մասում մի տեսակ կտրվածություն էր զգացվում
պաշտպանության, կիսապաշտպանության եւ հարձակման գծերի միջեւ, որի հետեւանքով էլ մեր
թիմը գնդակին տիրելով հապաղում էր արագ հատել դաշտի կենտրոնը՝ մրցակցին պաշտպանությունը
կազմակերպել հասցնելու հնարավորություն ընձեռելով: Բացի դա, մեր տղաների գործողություններում
մեծ էր խոտանը, որի պատճառով գրոհները մեծամասամբ կամ մարում էին մրցակցի տուգանային
հրապարակի մատույցներում, կամ էլ ընդհատվում էին դեռ կարգին չսկսված: Դրա փոխարեն
ռումինացիները հենց սկզբից դիմելով ակտիվ ու վճռական քայլերի, արդեն հինգերորդ րոպեին
հաջողության հասան: Ճիշտ է, մոտ չորս րոպե անց հայաստանցիները հավասարակշռությունը
վերականգնելու հիանալի հնարավորություն ստացան, սակայն 11 մետրանոցից Գրիգորյանի
հարվածը բարձր ստացվեց: Ու այդ պահից գործեց ֆուտբոլային չգրված կանոնը. եթե դու
չես խփում՝ քեզ են խփում: Հյուրերից Գաբրիել Սեբաստյան Տամասը 14-րդ րոպեին մոտ 25
մետր հեռավորությունից տուգանային բացառիկ գեղեցիկ հարվածով կրկնապատկեց հաշիվը:
Երկրորդ գոլից հետո մեր տղաները բավականին ջանքեր գործադրելով՝ որոշ չափով
խաղը հավասարեցրին, սակայն ընդմիջումից մոտ երեք րոպե առաջ պաշտպանի կոպիտ սխալից
հետո Նիկոլաե Միտեան երրորդ անգամ մերոնց ստիպեց խաղը վերսկսել դաշտի կենտրոնից՝
0:3: Երկրորդ խաղակեսի սկիզբը գրեթե նույն զարգացումն ունեցավ, ինչ առաջինը:
Հյուրերն այս անգամ էլ արագ գոլ խփեցին: Հինգ րոպե էլ չանցած, անկյունայինի խաղարկումից
հետո գնդակին առաջինը հասավ Իոսիֆ Մոտին՝ գլխով գնդակը շեղելով ցանցի մեջ՝ 0:4: Եվ
հանդիպման վերջակետը 80-րդ րոպեին դրեց նույն Միտեան՝ ապահովելով իր թիմի խոշոր հաշվով
հաղթանակը: Այսօր «Հանրապետական» ստադիոնում ժամը 19-ին կայանալու է Հայաստանի
եւ Ռումինիայի ազգային հավաքականների հանդիպումը: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել