Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենակոռումպացված բուհը բժշկականն է

Նոյեմբեր 17,2004 00:00

ՀՅԴ
«Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության կազմակերպած երեկվա քննարկման ընթացքում հրապարակվեցին
«Կոռուպցիան ՀՀ պետական բուհերում» սոցհարցման արդյունքները: Երիտասարդ դաշնակցականները
հայտարարեցին, որ ոլորտի ընտրությունը իրենց ավագ ընկերների՝ կոալիցիոն գործընկերների
բոստանը քար գցել չի նշանակում. «Սա այն ոլորտն է, որի հետ շփվում ենք ամեն օր: Մասնավոր
բուհերը չեն հետազոտվել ժամանակի եւ միջոցների սղության պատճառով»: Իսկ պատկերը հետեւյալն
է. 11 բուհի 1100 ուսանողների 47 տոկոսի կարծիքով՝ բուհում կոռուպցիա կա եւ կլինի:
Այս ցուցանիշը ամենամեծն է բժշկական համալսարանում՝ 72 տոկոս, ամենափոքրը՝ գեղարվեստի
ակադեմիայում՝ 10 տոկոս: Արատավոր երեւույթի պատճառները ըստ ուսանողների հետեւյալն
են. մեծ հնարավորություններով ուսանողներ, ցածր աշխատավարձ, բուհի ղեկավարության
հովանավորչություն, զինծառայությունից խուսափում: Ըստ հարցվածների 22 տոկոսի՝ բուհերի
ղեկավարությունը կարող է պայքարել կոռուպցիայի դեմ: Իսկ ուսանողական կազմակերպություններին
պայքարողի դերում տեսնում է հարցվածների փոքրամասնությունը՝ 15 տոկոսը: Պետական 11
բուհերից 10-ի ռեկտորները երիտասարդ դաշնակցականներին հավաստիացրել են, թե 2000-04
հատվածում իրենց բուհում կոռուպցիայի դրսեւորումներ չեն եղել եւ չկան: Ամենաանկեղծը
Ֆիզկուլտինստիտուտի ռեկտորն էր, որը տեղեկացրել է, որ 5 դասախոս հեռացվել է, հինգ
ամբիոնի վարիչ՝ աստիճանազրկվել: Ծավալված քննարկման ժամանակ երիտասարդների
կարծիքները բաժանվեցին: Կազմակերպիչների կարծիքով՝ համագործակցող երիտասարդությունը
հաջողության կհասնի: Այլոց կարծիքով՝ ուսանողները ուսխորհուրդներին չեն վստահում,
քանի որ այդ կառույցները «ոմանց համար տրամպլին են մագիստրատուրա ընդունվելու եւ
այլնի համար»: Հավանաբար մտավախություն ունենալով, որ ասածները կհասնեն բուհի ղեկավարությանը,
քննարկման մասնակիցները հայտարարեցին, որ գիտեն եւ կոռումպացված դասախոսների, եւ
ուսանողների անուններ, բայց չհրապարակեցին: Առավել դիպուկ էր թերեւս «Նոր Հայաստան»
ՀԿ նախագահ Էլեոնորա Մանանդյանի խոսքը. «Հայաստանում մի համակարգ է, որ բաժանված
է զոնաների՝ իշխող կուսակցությունների միջեւ: Զոնաները փող են պահանջում, դա էլ կոռուպցիայի
հիմք է: Ուսխորհուրդները չեն արտահայտում ուսանողության շահերը եւ կոռումպացված են
այլ ձեւով. գրանտ են շահում»: ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել