Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՈՂ, ԵՐԿԻՆՔ ԵՎ ԱՄԵՆԱՅՆ ԼԱՎԸ

Նոյեմբեր 17,2004 00:00

Երեկ
Էստոնիայի նախագահ Առնոլդ Ռյուիթելն իր պաշտոնական այցի շրջանակներում հյուրընկալվեց
նաեւ Երեւանի պետական համալսարանում, որտեղ էլ ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանը, ավանդույթի
համաձայն, դոկտորի մի կոչում էլ նրան շնորհեց: Էստոնիայի նախագահի բավականաչափ
բովանդակալից զեկույցին հաջորդեցին ուսանողների ոչ պակաս հետաքրքիր ու համարձակ հարցերը՝
ուղղված Առնոլդ Ռյուիթելին: Իր ելույթում Էստոնիայի նախագահը հիշատակեց հայ նոր գրականության
հիմնադիր Խաչատուր Աբովյանի անունը, որ ուսում է ստացել Տարտուի համալսարանում, եւ
նշեց, որ էստոնացիները հպարտությամբ են խոսում այդ մասին: Իհարկե՝ Խ. Աբովյանը միակը
չէ: Տարտուի համալսարանում են ուսանել նաեւ բանաստեղծներ Ռափայել Պատկանյանը, Գեւորգ
Դոդոխյանը եւ այլ հայ մտավորականներ: Ա. Ռյուիթելն արդարացիորեն նշեց նաեւ, որ թեպետ
մեր երկու պետությունների հարաբերությունները հեռավորության պատճառով այնքան էլ սերտ
չեն եղել, սակայն միշտ էլ լավ են եղել: Ի դեպ, Էստոնիայում այսօր 2000 հայ է ապրում,
եւ երկրի կառավարությունը մի քանի տարի առաջ հայերին եկեղեցի է տրամադրել՝ մայրաքաղաքի
հենց կենտրոնում: Իր ելույթում Ա. Ռյուիթելը հակված էր իր երկրի փորձը փոխանցել
հայերին, եւ իբրեւ առաջին օրինակ ընդգծեց այն, որ «ժողովրդի ապագայի վերաբերյալ որոշումներում
որոշիչ խոսքը հենց ժողովրդինը՝ դա բարձրագույն իշխանությանն է»: Ի դեպ, երեկ Էստոնիայի
անկախության օրն էր, եւ Ռյուիթելն այս համատեքստում կարեւորեց համագործակցությունը,
ինչի շնորհիվ էլ մերձբալթյան երկրներով իրենք հասել են անկախության: Եվ իրենց հաջողությունների
գաղտնիքը, նախագահի խոսքերով, հենց խնդիրների՝ ժողովրդավարական ճանապարհով լուծումն
է՝ առանց ճնշումների: Իր կողմից Էստոնիայի նախագահը վստահեցրեց, որ Եվրամիությունը
եւ Էստոնիան՝ իբրեւ դրա անդամ, անում է ամեն հնարավորը՝ խթանելու Հայաստանում շուկայական
տնտեսության եւ ժողովրդավարության զարգացումները: Հարցերի պատասխաններից պարզ
դարձավ, որ Էստոնիայում մշակույթին հատկացվող գումարը կազմում է 100 միլիոն ԱՄՆ դոլար՝
պետբյուջեից: (Ի դեպ, Էստոնիայի 2004թ. բյուջեն մոտ 3.8 միլիարդ դոլար է): Բացի այդ,
Էստոնիան ունի մշակույթի աջակցման այլ միջոց եւս՝ «Մշակույթի կապիտալ», որ կուտակվում
է խմիչքի վաճառքից եւ մոլեխաղերից եկող հարկերից, ինչը, օրինակ, եկող տարի կկազմի
20 միլիոն դոլար: Դիվանագիտորեն սկսելով ցեղասպանության ճանաչման վերաբերյալ
հնչած հարցի պատասխանը, Ա. Ռյուիթելն ի վերջո հստակ հնչեցրեց իր կարծիքը, այն է՝
«Ինչ եղել է հայերի նկատմամբ, ճիշտ է ճանաչել եւ դատապարտել»: Ինչ վերաբերում է ԼՂՀ
հիմնախնդրի վերաբերյալ Էստոնիայի խորհրդարանի մի անդամի վերջերս հնչեցրած կարծիքին,
թե հարցը պետք է լուծել՝ ելնելով Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքից,
պրն Ռյուիթելը չմեկնաբանեց, ի դեպ, նշելով, որ ծանոթ չէ նման կարծիքի, եւ ասաց հետեւյալը.
«Մենք կողմնակից ենք հարցի խաղաղ եւ կառուցողական լուծմանը՝ Մինսկի գործընթացների
շրջանակներում, ինչպես նաեւ կոնֆլիկտի լուծման հարցում միջազգային կառույցների կողմից
ցուցաբերվող ջանքերին»: Իսկ Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերություններին, ապա Էստոնիայի
նախագահը միայն ասաց, որ դրանք պետք է բխեն «Կոպենհագենյան սկզբունքներից»՝ Եվրամիության
պահանջներից: Ուսանողներից մեկին հետաքրքրում էր, թե ինչու Էստոնիայի դրոշն
այդքան մռայլ գույներ ունի: Էստոնիայի նախագահի ցանկությամբ՝ հարցին պատասխանեց նախագահի
կինը: Նա բացատրեց, որ դրոշի սեւ գույնը խորհրդանշում է հողը, կապույտը՝ երկինքը,
իսկ սպիտակը՝ ազատությունը, սերը, հույսը, մի խոսքով՝ ամենայն լավը: ՀԱՍՄԻԿ
ԲՈՒԴԱՂՅԱՆՀ. Գ. Էստոնիայի բնակչության 37 տոկոսը տանը համակարգիչ
ունի, իսկ Հայաստանում, օրինակ, այդ ցուցանիշը 5 տոկոսի էլ չի հասնում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել