Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տվեք, որ տանք

Նոյեմբեր 17,2004 00:00

Գյումրիում ջեռուցման շրջանը սկսվում է քաղաքապետարան- բնակիչներ փոխադարձ սպառնալիքներով:

Օրինակ՝ Մուշ 2 թաղամասի որոշ բնակիչների ասելով, մինչեւ «ապրանքը» աչքով չտեսնեն, իրենք փող տվող չեն: Քաղաքապետարանի պաշտոնյաների պնդմամբ էլ՝ մինչեւ բնակիչները 30 տոկոս կանխավճարը չհավաքեն, իրենք ջերմություն ապահովող չեն:

Մի խոսքով, սկսվել է ավանդական «հակամարտությունը»՝ չնայած այս տարի դեռ անեծքներ չեն հնչել եւ ջեռուցման գրասենյակի վրա հարձակումներ չեն կատարվել: Հիշեցնենք, որ անցած տարի 120 օր շարունակ բնակիչները «Մուշջերմոյի» տնօրենի հետ համատեղ ժողով արեցին, սակայն 120 օրն էլ վիճաբանեցին՝ մեկը մյուսին «թաղել-հանելով»: Թեեւ այժմ էլ մշեցիները մի լավ օրի չեն. դարձյալ սկսել են «հազար հոգով» մի սենյակում ապրել (Գյումրիում ձմեռը շուտ է սկսվում), ավելին՝ «հագած-կապած» անկողին մտնել, սակայն առայժմ չեն կորցրել տաքանալու հույսը: Բանն այն է, որ քաղաքապետարանը ակտիվ տեմպերով շինմոնտաժային աշխատանքներ է կատարում՝ վերանորոգելով թալանված ցանցը: Իմիջիայլոց, քաղաքապետարանի պաշտոնյաները թալանի մեջ մշտապես մեղադրում են բնակիչներին, որոնք, ըստ նրանց, հասցրել են կտրել-վաճառել տների խողովակները եւ «թռցնել» նկուղներում աչքը տեսածը:

Իսկ թե որքանո՞վ է ջեռուցումն իրատեսական, արդյոք նախկին պարտքերն ու փակ դռները (Մուշի բնակարանների 30-40 տոկոսը անմարդաբնակ է) չե՞ն խափանի ծրագիրը, «Առավոտին» պարզաբանեց քաղաքապետարանի բնակկոմունալ եւ շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Հովհաննես Գրքիկյանը: Նա վստահեցրեց, որ իրենց կառույցը մշեցիների համար միշտ էլ չարչարվել է: Պրն Գրքիկյանի պատմելով, նախկին քաղաքաշինության նախարար Դավիթ Լոքյանը ժամանակին ժողովրդին խոստացել էր. «Թող քաղաքապետարանը 10 մլն դրամ ներդրում կատարի, մենք 2 օրից պարտքը կտանք: Ու էն տալն էր, որ պիտի տային»: 2 օրը 3 տարի է դարձել: Անցած տարի էլ քաղաքապետարանը փակ դռները կոտրել է (բուն իմաստով). վերանորոգման աշխատանքներ կատարել, փորձարկել է սառը ջուրը, անգամ «Մուշջերմոյի» աշխատակիցների հետ դռնեդուռ են ընկել, թե կաթսայատունը պատրաստ է, սակայն բնակիչները հրաժարվել են՝ ասելով, որ սակագինը շատ թանկ է: 4 ամսվա համար մեկ քառակուսի մետրը 1720 դրամ էր: Այս տարի սպառողների քանակի ավելացման պատճառով սակագինը մոտ 200 դրամով նվազել է՝ դառնալով 1572 դրամ: Սակայն Հովհաննես Գրքիկյանի ասելով, իրենք այլեւս փոխզիջման գնալու ցանկություն չունեն, քանի որ բնակիչները հասցրել են ջեռուցման համար գազ, լույս ու ջուր ապահովող կազմակերպությունների մոտ իրենց խայտառակ անել:

2002-ից պարտքը կազմում է 14 մլն դրամ: Բնակիչների ասելով, իրենք որոշակի մուծումներ կատարել են, այլ հարց է, որ տեղ չի հասել: Մինչդեռ քաղաքապետարանի պաշտոնյան այս խոսքերից շատ է զայրանում. «Իրենք այդ պարտքի 1 տոկոսն էլ չեն փակել»: Չնայած փոխադարձ մեղադրանքներին՝ քաղաքապետարանն այս տարի պատրաստ է թաղամասը ջեռուցել, բնակիչներն էլ պատրաստ են պայմանագրեր կնքել, եթե, իհարկե, շինմոնտաժային աշխատանքները «բարով-խերով» ավարտվեն:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել