Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆՎԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ ՓՈՂԸ ՏՎԵՔ

Նոյեմբեր 17,2004 00:00

Ինչու
են բուժհիմնարկները նախընտրում բյուջետային փողերը հումանիտար դեղերից «Ինչ
դեղ կամ բժշկական սարքավորում որ ուղարկում են Հայաստան որպես մարդասիրական օգնություն,
արդեն իրենց դարն ապրել են: Նորմալ ապրանքը գնվում է վարկերի, դրամաշնորհների եւ
բյուջեի միջոցներով»: Սա առողջապահության նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Արարատ Մկրտչյանի
կարծիքն է: Անշուշտ, նվեր տված ձիու ատամները չեն հաշվում: Սակայն երբ խոսքը
վերաբերում է մարդու առողջությանը, ժողովրդական այս ասացվածքն արդիական չէ: Պարզ
է, որ նորագույն պրեպարատները թանկարժեք են եւ «նվերացու» չեն կարող լինել: Հետեւաբար,
դրանք չեն կարող մրցակցել դեղորայքի շուկայում՝ իրենց համեմատաբար թույլ արդյունավետության
պատճառով: Զուր չէ, որ օգնության դեղերն ի սկզբանե նախատեսված են եղել պետպատվերով
բուժվող անապահով խավի համար: Համաձայն կարգի, այն բաշխվում է բուժհիմնարկներին՝
առողջապահության նախարարության հետ կնքված պայմանագրով: Օգնության դեղերի սպասվող
խմբաքանակի ցանկը նախապես հրապարակվում է նախարարության պաշտոնաթերթում, իսկ մաքսազերծումից
հետո բուժհիմնարկներն իրենց ընտրությամբ գալիս-ստանում են անհրաժեշտ տեսականին ու
քանակը: Սակայն պարզվում է, որ այս հարցում հիվանդանոցներն ու պոլիկլինիկաներն
առանձնապես ակտիվություն հանդես չեն բերում, ինչը հաստատեցին նաեւ առողջապահության
նախարարությունում: Բանն այն է, որ նախարարության եւ բուժհիմնարկների տնօրենների
միջեւ կնքվող պայմանագրի համաձայն, որքան գումարի հումանիտար դեղորայք ստանա բուժհաստատությունը,
այնքան էլ նվազում է դեղորայք ձեռք բերելու համար բյուջեից հատկացված գումարի չափը:
Տրամաբանական է, որ տնօրենները ձգտում են «քոռուփուչ» չանել իրենց հասանելիք գումարը
եւ այն ստանալ «քյաշ փողով», ոչ թե դեղորայքի սահմանափակ ցանկով: Կանխիկ գումարը
կարելի է օգտագործել ոչ միայն պետպատվերով բուժվողների համար դեղորայք գնելու, այլեւ
ուրիշ նպատակներով: Բացի այդ, չնայած նախարարության թույլ ջանքերին, «պետպատվերով
անվճար բուժվել» հասկացությունը եղել եւ մնում է խորթ բոլոր բուժհիմնարկների համար:
Այսօր էլ դեղերն այդ հիմնարկներում վաճառվում են, ոչ թե տրամադրվում, անկախ հիվանդի
կարգավիճակից: Հետեւաբար, լիովին ըմբռնելի է բուժհիմնարկների տնօրենների ըմբոստությունն
այս հարցում: Բյուջեի գումարները խնայելը իրենց հոգսը չէ: «Մեր ստացածը, իհարկե,
դեֆիցիտ դեղեր չեն, բայց դրանց մեջ կարեւոր դեղեր էլ են լինում: Մենք դրանք բուժհիմնարկներին
չենք պարտադրում, իրենք իրենց ցանկությամբ են ընտրում անհրաժեշտ տեսականին եւ չափը»,-
խնդրի մասին «Առավոտին» տեղեկացրեց Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոնի
տնօրեն Անանիա Մաղաքյանը: Նաեւ նշեց, որ այժմ դեղերի մաքսազերծման գործընթացն արագ
է կատարվում, ինչը դեղերը ժամկետանց չդարձնելու հարցում կարեւոր պայման է: Իսկ թե
ստացված խմբաքանակից ինչքանն է բաշխվում, ինչքանն է մնում՝ տնօրենը դժվարացավ պատասխանել՝
«խառն է, 6 տարի առաջ ստացածն էլ ենք բաշխում՝ նորի հետ միասին»: Վերջում
ասենք, որ բուժհիմնարկները հումանիտար օգնությունից չուզելով, բայց, այնուամենայնիվ,
օգտվում են: Նաեւ այն պատճառով, որ նախարարության հետ հարաբերությունները չփչացնեն
եւ պետպատվերի պայմանագիրը չխզվի: Ի դեպ, այս տարվա ապրիլին նախարար Նորայր Դավիդյանը
պայմանագրում մի կետ էլ է ավելացրել. պետպատվերով բուժվող հիվանդից բողոք ստանալուն
պես՝ տվյալ հիմնարկի հետ պայմանագիրը կխզվի: Մինչ օրս նման դեպք չի արձանագրվել,
բայց ոչ այն պատճառով, որ բողոք չի եղել: Պարզապես բուժհիմնարկներն ու նախարարությունը
միմյանց ըմբռնումով են մոտենում: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել