Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱԹԿԻՆՍՈՆԸ ԿՐԿՆԵԼ Է ԴԵՎԻՍԻՆ

Նոյեմբեր 17,2004 00:00

ԱԹԿԻՆՍՈՆԸ
ԿՐԿՆԵԼ Է ԴԵՎԻՍԻՆ «Առավոտի» հարցին՝ ծանո՞թ է արդյոք ԵԽԽՎ ԼՂ
հարցով զեկուցող Դեյվիդ Աթկինսոնի նախապատրաստած զեկույցին, որը քննարկվելու է այսօր
Փարիզում ԵԽԽՎ քաղաքական կոմիտեի նիստում, արտգործնախարար Վարդան Օսկանյանը պատասխանեց.
«Այո, իհարկե, ծանոթ եմ: Փաստաթղթում մի քանի կետեր կան, որոնք, կարծում եմ, դեռ
պետք է փոփոխվեն, քանի որ ճիշտ չեն արտահայտում իրականությունը: Լավ կլինի, եթե դրանք
փոխվեն, որպեսզի ավելի հավասարակշռված զեկույց լինի»: Մեր հարցին՝ արդյոք
Աթկինսոնը կրկնե՞լ է Թերի Դեւիսի զեկույցի շեշտադրումները՝ պրն Օսկանյանը պատասխանեց.
«Մեծ մասով՝ այո: Կան մանր-մունր փոփոխություններ»: ՄԱԿ խմբակցության ղեկավար
Գուրգեն Արսենյանի խնդրանքով ԱԳ նախարարը երեկ նաեւ անդրադարձավ ՄԱԿ-ի գլխավոր նստաշրջանում
սպասվելիք քննարկմանը «գրավյալ» տարածքների վերաբերյալ: Քանի որ Ադրբեջանի այս նախաձեռնությանը
կողմ քվեարկողները հիմնականում «Իսլամական լիգայի» անդամ երկրներն էին՝ պրն Արսենյանը
հետաքրքրվեց, թե արդյոք ԱԳՆ-ն չի՞ ծրագրում համապատասխան քարոզչական աշխատանք տանել
այդ երկրներում, որ նրանց հասարակություններին բացատրվի, թե ԼՂ հակամարտությունը
ոչ թե դավանանքների, այլ ինքնորոշման խնդիր է: Վարդան Օսկանյանը վստահեցրեց, թե աշխատանքներ
տարվում են. «43 երկիր կողմ էր քվեարկել, որոնցից 38-39-ը «Իսլամական կոնֆերանսի»
անդամ երկրներ են: Բայց չմոռանանք, որ այդ կազմակերպության կազմում 53-54 անդամ կա:
Այնպես որ՝ ոչ բոլորն են կողմ քվեարկել, քանի որ հիմնականում աշխատել ենք այդ երկրների
հետ»: Ինչ վերաբերում է սպասվելիք քննարկմանը՝ ԱԳ նախարարը հայտնեց. «Մոբիլիզացված
են դեսպանատների ցանցը եւ մեր բոլոր հնարավորությունները: Եվ անում ենք ամեն ինչ,
որ ԼՂ խաղաղ գործընթացը որեւէ կերպ չտուժի: Քանի որ կարծում ենք, թե բանաձեւի անցկացումը
ՄԱԿ-ում կարող է իսկապես լուրջ հարված հասցնել գործընթացին, որի հետեւանքները կարող
են անկանխատեսելի լինել»: Կասկած արտահայտեց, թե բանաձեւին կարող է կողմ քվեարկել
նաեւ Ուկրաինան: Սակայն ԱԳ նախարարը չցանկացավ գնահատականներ տալ, թե ինչ արդյունք
է ունենալու իրենց կատարած «լայնածավալ» աշխատանքը: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել