Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գործընթացը մեռավ

Նոյեմբեր 17,2004 00:00

Գործընթացը
մեռավ Արդեն համարձակորեն կարելի է ասել, որ ղարաբաղյան հակամարտության
բանակցային գործընթացը «պաշտոնապես» ձախողված է: Փաստացիորեն գործընթացն, իհարկե,
ձախողվել էր շատ ավելի վաղուց, սակայն, եթե վերջին մի քանի տարիներին հակամարտող
կողմերը փորձում էին երկխոսության պատրանք ստեղծել, ապա այժմ երկուստեք պաշտոնական
հայտարարություններ են հնչում բանակցությունների շարունակման աննպատակահարմարության
մասին: Պաշտոնական Բաքվի ամենատարբեր ռանգերի պաշտոնյաների կողմից հնչեցվող նման
ձեւակերպումները վաղուց արդեն նորություն չեն: Մինչդեռ հայկական կողմը բանակցությունների
վերջնական ձախողման փաստը պաշտոնապես արձանագրեց միայն երեկ՝ ՀՀ արտգործնախարար Վարդան
Օսկանյանի շուրթերով: «Եթե Բաքուն շարունակի պնդել, որ ՄԱԿ-ում ԼՂ-ի կապակցությամբ
բանաձեւ ընդունվի, ու եթե այդ բանաձեւն, այնուամենայնիվ, ընդունվի, ապա բանակցային
գործընթացում իրադրությունն արմատապես կփոխվի: Փաստորեն, այդ դեպքում Ադրբեջանը պետք
է բանակցություններ վարի Լեռնային Ղարաբաղի հետ». ահա ՀՀ արտաքին գերատեսչության
ղեկավարի այն սահմանումը, որով, փաստորեն, պաշտոնապես ազդարարվեց առանց այդ էլ փակուղի
մտած բանակցային գործընթացի վախճանը: Նկատել տանք, որ Օսկանյանի այս հայտարարությունն
ամենեւին էլ պարզ երկնքում պայթած ամպրոպ չէ, ու արդեն բավականաչափ պինդ «նախապատմություն»
ունի: Ընդամենը 2 օր առաջ Էստոնիայի նախագահի հետ տված մամլո ասուլիսի ժամանակ Ռ.
Քոչարյանը հոռետեսություն էր հայտնել կարգավորման հեռանկարների առնչությամբ՝ գանգատվելով
բանակցային ձեւաչափի անճշտությունից (իմա՝ ղարաբաղյան կողմի բացակայությունից) եւ
Ադրբեջանի անհանդուրժողական կեցվածքից: Արժե արձանագրել, որ Քոչարյանին այդ ձեւաչափն
ամենեւին սխալ չէր թվում այն ժամանակ, երբ տարիներ առաջ Փարիզում Պատվո լեգեոնի շքանշան
էր ընդունում Ժակ Շիրակի ձեռքից կամ կուրորտային հարմարավետ կիսավարտիքով շրջում
էր քիվեսթյան գեղատեսիլ լողափերում: Ու եթե այս ամենին հավելում ենք նաեւ ՀՀ պաշտպանության
նախարար Սերժ Սարգսյանի այն միտքը, թե ինքն արդեն կորցրել է բանակցություններում
«հաջողության հասնելու հույսը», ապա վերջնականապես պարզ է դառնում, որ Օսկանյանի
հայտարարությունն ընդամենը վերջին ակորդն է քաղաքական այն որոշման, ըստ որի՝ այլեւս
պաշտոնապես բարձրաձայնվում է բանակցությունների տապալման փաստը: Անհեթեթ է
ենթադրել, որ Բաքուն, անսալով Օսկանյանի ձայնին, իսկույնեւեթ ՄԱԿ-ից ետ կվերցնի «գրավյալ
տարածքների» հարցի քննարկման մասին իր դիմումը: Ավելին, վերջին օրերին Ադրբեջանն
էլ ավելի է ակտիվացնում հակամարտությունը միջազգային այլ ատյաններում (օրինակ՝ Հաագայի
դատարանում) ու այլ ձեւաչափերով արծարծելու իր ուղեգիծը, ինչի մասին օրերս հայտարարել
է արտգործնախարար Մամեդյարովը: Ուրեմն ի՞նչ… պատերա՞զմ: Թերեւս՝ ոչ անմիջապես ու
թերեւս՝ փոքր-ինչ այլ դրսեւորումներով: Տ. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել