Լրահոս
Օրվա լրահոսը

ՇՎԱՐՑԵՆԵԳԵՐԸ՝

Նոյեմբեր 16,2004 00:00

ՇՎԱՐՑԵՆԵԳԵՐԸ՝ ՇԱՀՎԵՐԴՅԱՆԻՆ Գ. Սունդուկյանի անվան թատրոնը օրերս է վերադարձել ԱՄՆ-ում կայացած հյուրախաղերից՝ իր հետ բերելով 8 շնորհակալագիր եւ մեկ մեդալ: Այս մասին երեկ լրագրողները տեղեկացան մշակույթի նախարար Հովիկ Հովեյանի եւ թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանի հրավիրած մամլո ասուլիսում: Վ. Շահվերդյանը նշեց, որ շնորհակալագրերից մեկը ստացվել է Կալիֆոռնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերից: Թատրոնը ԱՄՆ էր մեկնել սեպտեմբերի 23-ին՝ Հայ-ամերիկյան երաժշտաթատերական մշակութային միության հրավերով: Սունդուկյանցիները Լոս Անջելես էին տարել 2 ներկայացում՝ Լեւոն Շանթի «Հին աստվածները» եւ Ռեյ Կոնիի «Գիշերային խրախճանքը»: Հոկտեմբերի 29-ին տեղի ունեցած հոբելյանական երեկոյին ներկա են եղել նաեւ Հ. Հովեյանը, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Ա. Կիրակոսյանը, Կիլիկիո եւ Արարատյան թեմերի հոգեւոր առաջնորդները: Վահե Շահվերդյանից հետաքրքրվեցինք՝ «Իրականությանը համապատասխանու՞մ է այն լուրը, որ հրավիրող կողմը մինչեւ վերջին օրն իր մոտ է պահել սունդուկյանցիների անձնագրերը, որպեսզի նրանք ստիպված լինեն վերադառնալ հայրենիք»: Թատրոնի գեղարվեստական ղեկավարը հաստատեց լուրը՝ ասելով, որ իրենք մեկնել են «ոչ սովորական վիզայով», որի պարտադիր պայմաններից էր «անձնագրերը՝ տոմսերի հետ միասին, հրավիրող կողմի ներկայացուցչի մոտ գտնվելը»: Նա նաեւ ուրախությամբ նշեց. «Մայր թատրոնը գնացել է 23 մարդով, 23-ն էլ վերադարձել են»: Հիշեցնենք, որ 90-ականների սկզբներին ԱՄՆ մեկնած սունդուկյանցիների խմբից եւ ոչ մեկը չվերադարձավ Հայաստան: Լրագրողներին հետաքրքրում էր, թե ինչո՞ւ մշակույթի նախարարությունը որոշեց հատկապես Գ. Սունդուկյանի անվան թատրոնին աջակցել: «Ինչո՞ւ, մինչեւ հիմա որեւէ թատրոն գնացե՞լ է ԱՄՆ,- իր հերթին զարմացավ նախարարը,- մի՞թե լավ չէ, որ այս անգամ պետությունները ակտիվ մասնակցություն ունեցան հյուրախաղերի կազմակերպմանը, մասնակցեցին հանդիսույթներին ու ներկայացումներին եւ այն չկրեց կաստայական, համայնական փոքրիկ բնույթ»: Խորեն Աբրահամյանի՝ Սունդուկյան թատրոն վերադառնալու առնչությամբ էլ պրն Շահվերդյանն ասաց. «Պրն Արբրահամյանը հիմա թատրոնում է: Մեր հարաբերությունները հրաշալի են: Նա ամեն օր գալիս է փորձերի, 4-րդ հարկում ինքը փորձ է անում՝ իր հրավիրած դերասանախմբով: Նրա առջեւ միայն մեկ պայման է դրված՝ բեմադրել ինչ ուզում է, երբ ուզում է, ում հետ ուզում է… Ես խնդրում եմ, թող լրագրողները չորոնեն ինչ-որ բաներ…ոչինչ չի կարող լինել, որովհետեւ Վահե Շահվերդյանը մեծ համբերությամբ եւ արտիստին մեծ գնահատական տվող անձնավորություն է: Այսուհետեւ էլ մենք ամեն ինչ կանենք, որ պրն Աբրահամյանը իրեն շատ լավ զգա, իսկ լրագրողները թող հարցեր չգտնեն եւ իրենք էլ չպատասխանեն»: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել