Հովանավորներ չեն երեւում ՀՀ վաստակավոր արտիստ, Երեւանի պետկոնսերվատորիայի պրոֆեսոր, ջութակահար, դիրիժոր Վիկտոր Խաչատրյանի ստեղծագործական գործունեությանը նվիրված երաժշտագետ Թամար Հովհաննիսյանի «Վիկտոր Խաչատրյանի արվեստը» գիրքը առիթ հանդիսացավ հանդիպելու արվեստագետի հետ: Վ. Խաչատրյանը մոտ կես դար հանդես է եկել տարբեր բեմերում իբրեւ ջութակահար, շուրջ 20 տարի աշխատել ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբում (1974-ից այս նվագախմբի կոնցերտմայստերն էր, 1990-91թթ. վարել է նույն նվագախմբի գեղարվեստական ղեկավարի ու գլխավոր դիրիժորի պաշտոնը), 1988-93թթ. ղեկավարել է «Իկար» կամերային նվագախումբը (սա առաջին նվագախումբն էր, որ գործեց հովանավորի աջակցությամբ), իսկ արդեն տեւական ժամանակահատված է նրան չենք հանդիպում հայաստանյան երաժշտական կյանքում: Այս առիթով արվեստագետն ասաց. «Ձեր դիտարկումը ճիշտ է: Այսօր միակ աշխատավայրս կոնսերվատորիան է: Վերջին անգամ դիրիժորական վահանակի մոտ եմ կանգնել 1999-ին՝ ղեկավարելով «Երեւան» սիմֆոնիկ նվագախումբը»: Երաժիշտը նշեց, որ երկար տարիներ իրեն հանգիստ չի տալիս կամերային նվագախումբ ունենալու գաղափարը: «Պետք է համոզված լինեմ, որ հովանավորը «կայուն» է՝ գոնե մի քանի տարի: Ափսոսում եմ, որ դեռ մեր մեծահարուստները չեն եկել այն գիտակցության, որ մշտական հովանավորությունը ինքնըստինքյան գովազդ է՝ աշխարհի ամենաթանկ բանը»,- նշեց Վ. Խաչատրյանը: Նա մեծահարուստների ուշադրությունը հրավիրեց հետեւյալին՝ «Քչերն են տեղեկացված, որ, օրինակ, «Մետրոպոլիտեն» օպերան հովանավորում է հանրահայտ «Կոկա-կոլան», «Լա Սկալան»՝ «Ֆիատ» աշխարհահռչակ ավտոկորպորացիան»: Մեր դիտարկմանը՝ «Համակարծիք չե՞ք, որ մեծահարուստն էլ պետք է իմանա՝ ո՞ւմ եւ ինչո՞ւ է հովանավորում», երաժիշտը պատասխանեց. «Անխոս: Բայց մեզ մոտ բացակայում է իսկական բարձրակարգ արվեստի մատուցումը»: Վ. Խաչատրյանը այս հարցում կարեւորում է հեռուստատեսության, ռադիոյի, լրատվամիջոցների դերը: Իսկ մինչ վերջիններիս ճիշտ աշխատանքը, արվեստագետը գտնում է, որ Հայաստանում բացակայում է առողջ քննադատությունը: «Այ, եթե մեզ մոտ լինի առողջ քննադատություն, պարզ երեւա՝ ով ով է, ինչը՝ ինչ, միայն այդժամ մեծահարուստները կկողմնորոշվեն՝ հովանավորե՞լ, թե՞ ոչ: Ի վերջո, կառուցում ենք քաղաքակիրթ երկիր: Չեմ կարծում, որ իրեն հարգող արվեստագետը հանդես գա մուրացիկի դերում կամ միջնորդներ գտնի հովանավոր ճարելու հարցում»: Հետաքրքրվեցինք, թե երաժիշտը կամերային նվագախումբ կազմելու հարցով դիմե՞լ է մշակույթի նախարարությանը: Վ. Խաչատրյանն ասաց. «Չեմ դիմել, առանձնապես ցանկություն էլ չի առաջացել դիմելու: Որովհետեւ, պարզ ասեմ՝ չեմ հավատում: Ըստ ներկայացրածի, նրանք (նկատի ունի մշակույթի նախարարությունը) հազիվհազ գումարներ են հայթայթում այս կամ այն բեմադրության ու մշակութային միջոցառումների համար»: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ