Լրահոս
Օրվա լրահոսը

«ԳԵՂԱՄ

Նոյեմբեր 16,2004 00:00

«ԳԵՂԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ԱՆՁՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՉՈՒՆԻ» Կարծում է երգչուհի Մարինե Դեինյանը Նոյեմբերի 11-ին Ազգային օպերային թատրոնում Վերդիի «Տրավիատա» օպերային ներկայացման մեջ Վիոլետայի դերերգով հանդես եկավ միջազգային մցույթների դափնեկիր Մարինե Դեինյանը՝ վաղօրոք հայտարարված ֆրանսաբնակ երգչուհի Էմմա Պապիկյանի փոխարեն: «Նոյեմբերի 9-ին, նվագախմբի հետ փորձի ժամանակ պարզեցինք, որ նա պատրաստ չէ ամբողջ ներկայացումը վարել: Ստիպված օրուգիշեր պարապում ենք Մարինե Դեինյանի հետ»,-«Առավոտի» նախորդ համարում անակնկալ փոփոխությունը այսպես էր պատճառաբանել Օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանը: «Դժվար չէ՞ր մի քանի օրում պատրաստել դերերգը»,- Մարինե Դեինյանից հետաքրքրվեց «Առավոտը»: «Ես նախկինում Երեւանում եւ արտերկրում բազմիցս հանդես եմ եկել Վիոլետայի դերերգով՝ մասնավորապես 2002-ին Հունգարիայի Միշկոլց քաղաքում կազմակերպված «Բարտոկ+ Վերդի» փառատոնին: Այն ինձ համար դժվար էր այնքանով, որ հատվածաբար Նորմա երգեցի նոյեմբերի 2-ին՝ արտասահմանից ժամանած հյուրերի համար եւ նոյեմբերի 7-ին: Իսկ ամսի 9-ին եկել էի թատրոն՝ Էմմա Պապիկյանի փորձը լսելու եւ ինձ ասացին, որ ես եմ երգելու»,- տեղեկացրեց երգչուհին: Մեր՝ «Իսկ ինչո՞ւ գեղարվեստական ղեկավարը նախապատվությունը տվեց ոչ թե ուրիշ, այլ ձեր թեկնածությանը» դիտարկմանն ի պատասխան՝ Մ. Դեինյանն ասաց. «Անկեղծ ասած, չգիտեմ ինչու: Երեւի նրա համար, որ երբեք Գեղամ Միհրանիչին հուսախաբ չեմ արել: Եթե արդեն ազդագրերում գրված էր, որ պետք է Էմմա Պապիկյանը Վիոլետա երգի ու հանկարծ նրան ասում են, որ չի երգելու, ուրեմն ինչ-որ բան այնպես չի եղել: Ես տեղյակ էլ չեմ Էմմայի պատրաստվածությանը, բայց չեմ կարծում, որ անձնական խնդիրների պատճառով է փոփոխությունը եղել»: «Գո՞հ եք Վիոլետայի՝ ձեր կատարումից»: «Ես միշտ 100%-ի փոխարեն բեմ եմ բերում 120%: Երգելիս մի անբացատրելի ուժ է գալիս վրաս՝ ինչքան էլ հոգնած լինեմ»,- ասաց նա: Երգչուհին դժգոհ է մամուլի այն հրապարակումներից, որոնցում քննադատության թիրախը Գեղամ Գրիգորյանն է: «Ես չեմ գտնում, որ օպերայում վատ մթնոլորտ է, իսկ մեր գեղարվեստական ղեկավարը վատ մարդ է: Նշանակված օրվանից քննադատում են: Ինչ անում է՝ ասում են վատ է, ով էլ լինի՝ կփշոտվի: Օրինակ, անցյալ տարի Երեւանի օպերային թատրոնը Մոսկվայի Մեծ թատրոնում ներկայացրեց Բելինիի «Նորման»: Այս առիթով հայաստանյան թերթերից մեկը գրել էր, որ իբր ես շատ վատ եմ երգել: Իրականում ես ընդհանրապես չէի երգել: Հաճախ մամուլը շատ հեշտ կարող է տապալել մարդու աշխատանքը: Մենք չնչին գումարով, բայց մեծ էնտուզիազմով ենք աշխատում, եւ մեր վարձը իրականում հանդիսատեսի ծափահարություններն են ու մամուլի օբյեկտիվ հրապարակումները»: Մ. Դեինյանը տեղեկացրեց, որ դրսում միշտ հարցնում են, թե որտեղ է սովորել: Նույնիսկ իտալացի հայտնի երգչուհի Լյուչիա Ալբանեզեն, որի մոտ անցել է վարպետության դասընթացներ, Նյու Յորքի իր ելույթից հետո զարմացած էր. «Որտե՞ղ ես սովորել, ներկայումս նման դպրոց նույնիսկ Իտալիայում չկա»: «Ես էլ հպարտությամբ նշեցի, որ ավարտել եմ Երեւանի կոնսերվատորիան՝ Սվետլանա Կոլոսարյանի դասարանը: Հիմա էլ ինքս եմ դասավանդում, հուսով եմ՝ կկարողանամ շատ լավ երգիչներ պատրաստել»,- կարծում է երգչուհին: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել