Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետարանում

Նոյեմբեր 16,2004 00:00

Քաղաքապետարանում ամեն ինչ նորմալ է Համենայնդեպս, այդպես զեկուցեց քաղաքապետը Երեկ քաղաքապետ Երվանդ Զախարյանը ամփոփեց Երեւանի քաղաքապետարանի եւ թաղային համայնքների 2004 թվականի ինն ամիսների սոցիալ-տնտեսական գործունեությունը: Նա տեղեկացրեց, որ 2006 թվականից կգործի Երեւանի գլխավոր հատակագիծը: Իսկ մինչ այդ՝ պետք է ավարտվի Հյուսիսային պողոտան: Եկող ուրբաթ շահագործման կհանձնվի նաեւ Մյասնիկյան պողոտայում կառուցվող քաղաքապետարանի նոր շենքը: Նոյեմբերի 26-ին նախատեսվում է շենքի բացումը: Ինչպես հայտնի է՝ շենքի շինարարությունն իրականացնող «Միջազգային բիզնես-կենտրոնը», իբրեւ փոխհատուցում, ստացել է քաղաքի կենտրոնական մասում գտնվող յոթ տարբեր շենքեր, հողակտոր՝ Ծիծեռնակաբերդի տարածքում եւ որոշակի գումար: Պատասխանելով «ՀԺ»-ի թղթակցի հարցին, քաղաքապետը փոխհատուցումը ադեկվատ համարեց կատարված աշխատանքին: Ե. Զախարյանն անդրադարձավ նաեւ վթարային շենքերին: Քաղաքապետը տեղեկացրեց, որ դիմելու են խիստ միջոցների, որպեսզի Աջափնյակի վթարային շենքերի բնակիչներին բնակարաններից վտարեն: Նրա հավաստմամբ, բնակիչները 100 տոկոսով փոխհատուցում են ստացել: «Երկրաշարժ որ եղավ, դրանք կփլվեն ու մարդիկ կմնան տակը»,- պարզաբանեց քաղաքապետը: Ի դեպ, քաղաքապետը խոստացավ, որ խիստ միջոցառումներ կկիրառվեն նաեւ փողոցային առեւտուրը կարգավորելու համար: Արդեն համապատասխան հանձնարարականներ տրվել են, մասնավորապես, Գարեգին Նժդեհի հրապարակի մասով: Հաջորդ, թերեւս ամենաարդիական, խնդիրը մայրաքաղաքային տրանսպորտի հարցն էր: «Քաղաքային իշխանություններին եւս չի բավարարում տրանսպորտի վիճակը: Մենք գիտակցում ենք, որ անելիքներ ունենք»,- հայտարարեց Երվանդ Զախարյանը: Անելիքների շարքում ընդգծեց, որ Լիոնից սպասվում է 10 ավտոբուսի եւ 10 տրոլեյբուսի ներկրում: Դա քաղաքապետարանին կարժենա 43 հազար եվրոյին համարժեք գումար, ավելացրած 8 հազար եվրո՝ տեղափոխման ծախսը: Տրանսպորտի վիճակի տեսանելի բարելավում քաղաքապետը խոստացավ մինչեւ 2005 թվականի հունվար: Այդ ընթացքում կավելանա ներկրվող ավտոբուսների թիվը: Հիշեցնենք, որ մինչեւ նշված ժամկետը նախատեսված էր ներկրել 100 ավտոբուս: Սակայն որոշակի կբարձրանա ավտոբուսների ուղեվարձը: Ե. Զախարյանը դա բացատրեց նրանով, որ պետությունը քաղաքապետարանին դոտացիա չի տալիս: Մինչեւ տարեվերջ կառավարությունը համապատասխան որոշում կկայացնի եւ քաղաքապետարանը նաեւ մասնավոր տաքսիների վերահսկողության ֆունկցիան կվերցնի իր վրա: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել