Լրահոս
Օրվա լրահոսը

Էստոնական

Նոյեմբեր 16,2004 00:00

Էստոնական վեկտոր Էստոնացի լրագրողի՝ ԼՂ խնդրի կարգավորման մասին հարցին Ռ. Քոչարյանի տված պատասխանն առանձնապես հետաքրքիր չէր: Երեկ Էստոնիայի նախագահ Առնոլդ Ռյուիթելի հետ մատուցած համատեղ ասուլիսի ժամանակ Քոչարյանը նշեց, թե «առանձին լավատեսությամբ չի վերաբերվում» հակամարտության կարգավորման գործընթացում տիրող ներկայիս իրավիճակին: Իսկ հետաքրքիրն այն է, որ նրա լավատեսությանը խանգարող «երկու լուրջ խնդիրների» առաջացման հեղինակը, փաստորեն, հենց ինքը՝ Ռոբերտ Քոչարյանն է: Այսպես. նրա կարծիքով՝ առաջընթացը խոչընդոտող առաջին խնդիրը բանակցություններում ԼՂՀ ներկայացուցիչների բացակայությունն է: Պաշտոնական Բաքուն ցանկանում է բանակցել բացառապես Հայաստանի հետ, արդյունքում՝ բանակցությունների ընթացքում ինքը ներկայացնում է ոչ միայն Հայաստանի, այլեւ ԼՂՀ դիրքորոշումը: «Դա սխալ բանակցային ձեւաչափ է, որը չի արտացոլում հակամարտության էությունը». փաստորեն, 6 տարվա տքնաջան մտորումներից հետո այսպիսի պարզ եզրահանգում արեց Ռոբերտ Քոչարյանը: Երկրորդ խնդիրը, հայ բանախոսի կարծիքով, տարածաշրջանային համագործակցություն ծավալելու՝ Ադրբեջանի չկամությունն է. ՀՀ-ն ղեկավարվում է «համագործակցությամբ դեպի կարգավորում» ձեւաչափով, մինչդեռ Ադրբեջանն անհնարին է համարում Հայաստանի հետ համագործակցության բոլոր ձեւերը՝ մինչ հակամարտության կարգավորումը: Մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը՝ Քոչարյանը Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի միջնորդությունը որակեց իբրեւ «առավել օպտիմալ ձեւաչափ»: Ըստ նրա, Մինսկի խումբն անում է հնարավորը, որ կողմերը կարողանան գտնել խնդրի լուծումը: «Այսինքն՝ կարելի է ասել, որ խնդիրը վեճի կողմերի եւ ոչ թե միջնորդների մեջ է»,- ասաց Ռ. Քոչարյանը՝ հիշեցնելով, որ «եղել են իրավիճակներ, երբ մենք մոտ ենք եղել հակամարտության լուծումը գտնելուն»: Խոսելով բալթյան երկրների հետ «3+3» ձեւաչափով համագործակցության հնարավորությունների մասին՝ Քոչարյանն ասաց, թե դեմ չէ դրան, սակայն, հաշվի առնելով տարածաշրջանային հակամարտությունները, կասկածներ ունի այդ ձեւաչափի արդյունավետության վերաբերյալ: Իր հերթին Էստոնիայի նախագահն ասաց, թե իր երկրի անդամակցությունը ԵՄ-ին նոր նախադրյալներ է ստեղծում Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու գործում, եւ «պատրաստ ենք հնարավորինս աջակցել ՀՀ-ին ցանկացած հարցում»: Եվ ինչպես շատ հաճախ է պատահում նման, այսպես ասած՝ «նախագահական» ասուլիսների ժամանակ, Քոչարյանը լիովին համաձայնեց իր էստոնացի գործընկերոջ հետ, եւ այդ բանն արեց մի շատ գեղեցիկ տերմինի կիրառմամբ: «Էստոնիայի անդամակցությունը ԵՄ-ին ստեղծում է համագործակցության նոր վեկտոր». ահա այսպիսի իմաստուն բան ասաց Ռոբերտ Քոչարյանը: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել