Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԼՂՀ-Ն ՈՒՂԻՂ ԳԾՈՎ ԳՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱ՞ԶՄԸ

Նոյեմբեր 16,2004 00:00

ԼՂՀ-Ն ՈՒՂԻՂ ԳԾՈՎ ԳՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱ՞ԶՄԸ Այդ մտավախությունն են հայտնել սեմինարի մասնակիցները Երեկ ՀՀՇ վարչության գրասենյակում տեղի ունեցած սեմինարի ժամանակ «Հայաստանի արտաքին քաղաքականությունը եւ ղարաբաղյան հիմնահարցը» թեմայով զեկույց ներկայացրեց ՀՀ առաջին նախագահի մամուլի խոսնակ Լեւոն Զուրաբյանը: Սեմինարը կազմակերպել էր «Համաձայնություն» քաղաքագիտական եւ իրավական հետազոտությունների կենտրոնը: Զեկուցողը մանրամասն ներկայացրեց Ղարաբաղի հարցի քաղաքականությունը առաջին նախագահի օրոք՝ ընդգծելով, որ Տեր-Պետրոսյանի իրականացրած ծրագրով ապահովվում էր տեւական խաղաղություն՝ Ղարաբաղը մնում էր հայկական վերահսկողության տակ եւ ստանում էր փաստացի անկախություն՝ Լաչինով Հայաստանի հետ կապով: Ըստ Լ. Զուրաբյանի, Ղարաբաղի հակամարտությունը դիտարկվում էր բացառապես քաղաքական հարթության մեջ՝ հակամարտություն Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ, որի շրջանակներում Ղարաբաղի ժողովուրդը պայքարում է ինքնորոշման համար: Այնուհետեւ պարոն Զուրաբյանը ներկայացրեց վերջնական նպատակին ուղղված 15 կետից բաղկացած ձեռքբերումները: «Այսպիսով, հայաստանյան դիվանագիտությունը կարծես թե հաղթահարել էր միջազգային համայնքի եւ Ադրբեջանի դիմադրությունը եւ հասել էր այն նպատակի իրագործմանը, որն իր առջեւ դրել էր 1991 թվականից ի վեր: Սակայն դիմադրությունն այս անգամ եկավ ոչ թե արտաքին աշխարհից, այլ ներսից: Հաղթական պատերազմի հետեւանքով քաղաքական ազդեցություն ձեռք բերած ռազմական վերնախավը՝ դաշնակցելով Ղարաբաղի քաղաքական ղեկավարության, ինչպես նաեւ երկրի արմատական-ազգայնական ուժերի հետ, մերժեց Տեր-Պետրոսյանի ընդունած կարգավորման պլանը եւ կատարեց «թավշյա» հեղաշրջում՝ իշխանության բերելով Քոչարյանին»,- եզրակացրեց Լ. Զուրաբյանը: Ներկայացնելով Ղարաբաղի հարցի քաղաքականությունը Քոչարյանի օրոք՝ բանախոսը նշեց. «Պաշտոնապես որպես նոր նպատակ հռչակվեց այնպիսի լուծում, որը կապահովի Ղարաբաղի՝ Ադրբեջանի կազմում «դե յուրե» գտնվելու սկզբունքի թուլացումը: Իրականում, սակայն, իմ խորին համոզմամբ, Քոչարյանն իր առջեւ դրել է նույնիսկ ավելի մաքսիմալիստական նպատակ՝ պահպանել ներկա «ստատուս քվոն», բոլոր գրավված տարածքներով հանդերձ, քանի որ միայն այդ դեպքում նա կարող է պահպանել իրեն սատարող ազգայնական ուժերի աջակցությունը»: Այս համատեքստում էլ ութ կետով ներկայացվեցին ներկայիս իշխանության վարած ղարաբաղյան քաղաքականության «ձեռքբերումները»: Մասնավորապես՝ համանախագահների առաջարկներն ավելի են թուլացնում ԼՂՀ փաստացի անկախության տարրերը, դադարեցվել է ՌԴ-ի անհատույց ռազմական օգնությունը Հայաստանին, լեգիտիմացվել են Ադրբեջանի պահանջները Մեղրիով ճանապարհ ստանալու, Մեղրիի ու Լաչինի վերաբերյալ որդեգրվել է սիմետրիկ մոտեցում, տարեցտարի աճում է ամերիկյան օգնությունը Ադրբեջանին, մինչդեռ Հայաստանինը նվազում է, ԼՂՀ հարցն այլեւս դիտարկվում է հայ-ադրբեջանական կոնֆլիկտ, Հայաստանը սկսում է ճանաչվել ագրեսոր, Թ. Դեւիսի զեկույցում տեղ է գտել առաջարկություն՝ միջազգային դատարանի քննարկման առարկա դարձնել հարցը՝ արդյո՞ք օրինական է Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքների գրավումը, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդգրկվել է գրավյալ տարածքների հարցը: Վերջին քայլի հեռահար նպատակն է, ըստ Լ. Զուրաբյանի՝ «Ցույց տալ Հայաստանին, որ եթե շարունակվի ԵԱՀԿ-ի ֆորմատում հարցի սառեցման քաղաքականությունը, ապա հարցը կտեղափոխվի ՄԱԿ, եւ գրավյալ տարածքները չեն դիտարկվի որպես բանակցությունների առարկա»: Ինչ վերաբերում է հասարակության տրամադրվածությանը հարցին՝ ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը գտնում է, որ «ինչքան էլ ցավալի լինի, պետք է արձանագրենք, որ հասարակությունը մասնակցելով քաղաքական տարբեր միջոցառումներին՝ հստակ ընդունում է, որ այն քաղաքական գիծը, որը որդեգրել է Քոչարյանը եւ որն ընդունելի է պաշտոնական ընդդիմության կողմից, ընդունելի է նաեւ հասարակության համար»: ՀՀՇ-ի սխալը նա համարում է այն, որ ելնելով Հայաստանի պաշտոնական դիրքորոշումից՝ չի խոսվել այն մասին, թե ի՞նչ են արել Ղարաբաղի համար: Ա. Զուրաբյանը վստահ է, որ Տեր-Պետրոսյանի խոսելու ժամանակն էլ կգա, բայց՝ «Ես ցավում եմ, որ այստեղ մեր կորստի ժամանակահատված կլինի»: Իսկ մեր «քաղաքագիտության տիտան» իշխանավորներից պարոն Զուրաբյանն այլ սպասելիքներ չունի էլ. «Մեր իշխանությունների իսկական պատկերը՝ մեծացված հայելին, ՌԴ-ն է: Մեր իշխանությունը պարզապես չունի կոնֆլիկտը լուծելու ցանկություն՝ ծառայում է ՌԴ-ի շահերին՝ դրանով իսկ նպաստելով իր եսասիրական շահերին»,- համոզված է ՀՀՇ վարչության նախագահը: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել