Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հովանավորներ չեն երեւում

Նոյեմբեր 16,2004 00:00

ՀՀ
վաստակավոր արտիստ, Երեւանի պետկոնսերվատորիայի պրոֆեսոր, ջութակահար, դիրիժոր Վիկտոր
Խաչատրյանի ստեղծագործական գործունեությանը նվիրված երաժշտագետ Թամար Հովհաննիսյանի
«Վիկտոր Խաչատրյանի արվեստը» գիրքը առիթ հանդիսացավ հանդիպելու արվեստագետի հետ:
Վ. Խաչատրյանը մոտ կես դար հանդես է եկել տարբեր բեմերում իբրեւ ջութակահար,
շուրջ 20 տարի աշխատել ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբում (1974-ից այս նվագախմբի կոնցերտմայստերն
էր, 1990-91թթ. վարել է նույն նվագախմբի գեղարվեստական ղեկավարի ու գլխավոր դիրիժորի
պաշտոնը), 1988-93թթ. ղեկավարել է «Իկար» կամերային նվագախումբը (սա առաջին նվագախումբն
էր, որ գործեց հովանավորի աջակցությամբ), իսկ արդեն տեւական ժամանակահատված է նրան
չենք հանդիպում հայաստանյան երաժշտական կյանքում: Այս առիթով արվեստագետն ասաց. «Ձեր
դիտարկումը ճիշտ է: Այսօր միակ աշխատավայրս կոնսերվատորիան է: Վերջին անգամ դիրիժորական
վահանակի մոտ եմ կանգնել 1999-ին՝ ղեկավարելով «Երեւան» սիմֆոնիկ նվագախումբը»: Երաժիշտը
նշեց, որ երկար տարիներ իրեն հանգիստ չի տալիս կամերային նվագախումբ ունենալու գաղափարը:
«Պետք է համոզված լինեմ, որ հովանավորը «կայուն» է՝ գոնե մի քանի տարի: Ափսոսում
եմ, որ դեռ մեր մեծահարուստները չեն եկել այն գիտակցության, որ մշտական հովանավորությունը
ինքնըստինքյան գովազդ է՝ աշխարհի ամենաթանկ բանը»,- նշեց Վ. Խաչատրյանը: Նա մեծահարուստների
ուշադրությունը հրավիրեց հետեւյալին՝ «Քչերն են տեղեկացված, որ, օրինակ, «Մետրոպոլիտեն»
օպերան հովանավորում է հանրահայտ «Կոկա-կոլան», «Լա Սկալան»՝ «Ֆիատ» աշխարհահռչակ
ավտոկորպորացիան»: Մեր դիտարկմանը՝ «Համակարծիք չե՞ք, որ մեծահարուստն էլ պետք է
իմանա՝ ո՞ւմ եւ ինչո՞ւ է հովանավորում», երաժիշտը պատասխանեց. «Անխոս: Բայց մեզ մոտ
բացակայում է իսկական բարձրակարգ արվեստի մատուցումը»: Վ. Խաչատրյանը այս հարցում
կարեւորում է հեռուստատեսության, ռադիոյի, լրատվամիջոցների դերը: Իսկ մինչ վերջիններիս
ճիշտ աշխատանքը, արվեստագետը գտնում է, որ Հայաստանում բացակայում է առողջ քննադատությունը:
«Այ, եթե մեզ մոտ լինի առողջ քննադատություն, պարզ երեւա՝ ով ով է, ինչը՝ ինչ, միայն
այդժամ մեծահարուստները կկողմնորոշվեն՝ հովանավորե՞լ, թե՞ ոչ: Ի վերջո, կառուցում
ենք քաղաքակիրթ երկիր: Չեմ կարծում, որ իրեն հարգող արվեստագետը հանդես գա մուրացիկի
դերում կամ միջնորդներ գտնի հովանավոր ճարելու հարցում»: Հետաքրքրվեցինք,
թե երաժիշտը կամերային նվագախումբ կազմելու հարցով դիմե՞լ է մշակույթի նախարարությանը:
Վ. Խաչատրյանն ասաց. «Չեմ դիմել, առանձնապես ցանկություն էլ չի առաջացել դիմելու:
Որովհետեւ, պարզ ասեմ՝ չեմ հավատում: Ըստ ներկայացրածի, նրանք (նկատի ունի մշակույթի
նախարարությունը) հազիվհազ գումարներ են հայթայթում այս կամ այն բեմադրության ու
մշակութային միջոցառումների համար»: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել