Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԳԵՂԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ԱՆՁՆԱԿԱՆ
ԽՆԴԻՐՆԵՐ ՉՈՒՆԻ»

Նոյեմբեր 16,2004 00:00

Կարծում է երգչուհի
Մարինե Դեինյանը Նոյեմբերի 11-ին Ազգային օպերային թատրոնում Վերդիի «Տրավիատա»
օպերային ներկայացման մեջ Վիոլետայի դերերգով հանդես եկավ միջազգային մցույթների
դափնեկիր Մարինե Դեինյանը՝ վաղօրոք հայտարարված ֆրանսաբնակ երգչուհի Էմմա Պապիկյանի
փոխարեն: «Նոյեմբերի 9-ին, նվագախմբի հետ փորձի ժամանակ պարզեցինք, որ նա պատրաստ
չէ ամբողջ ներկայացումը վարել: Ստիպված օրուգիշեր պարապում ենք Մարինե Դեինյանի հետ»,-«Առավոտի»
նախորդ համարում անակնկալ փոփոխությունը այսպես էր պատճառաբանել Օպերային թատրոնի
գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանը: «Դժվար չէ՞ր մի քանի օրում պատրաստել դերերգը»,-
Մարինե Դեինյանից հետաքրքրվեց «Առավոտը»: «Ես նախկինում Երեւանում եւ արտերկրում
բազմիցս հանդես եմ եկել Վիոլետայի դերերգով՝ մասնավորապես 2002-ին Հունգարիայի Միշկոլց
քաղաքում կազմակերպված «Բարտոկ+ Վերդի» փառատոնին: Այն ինձ համար դժվար էր այնքանով,
որ հատվածաբար Նորմա երգեցի նոյեմբերի 2-ին՝ արտասահմանից ժամանած հյուրերի համար
եւ նոյեմբերի 7-ին: Իսկ ամսի 9-ին եկել էի թատրոն՝ Էմմա Պապիկյանի փորձը լսելու եւ
ինձ ասացին, որ ես եմ երգելու»,- տեղեկացրեց երգչուհին: Մեր՝ «Իսկ ինչո՞ւ
գեղարվեստական ղեկավարը նախապատվությունը տվեց ոչ թե ուրիշ, այլ ձեր թեկնածությանը»
դիտարկմանն ի պատասխան՝ Մ. Դեինյանն ասաց. «Անկեղծ ասած, չգիտեմ ինչու: Երեւի նրա
համար, որ երբեք Գեղամ Միհրանիչին հուսախաբ չեմ արել: Եթե արդեն ազդագրերում գրված
էր, որ պետք է Էմմա Պապիկյանը Վիոլետա երգի ու հանկարծ նրան ասում են, որ չի երգելու,
ուրեմն ինչ-որ բան այնպես չի եղել: Ես տեղյակ էլ չեմ Էմմայի պատրաստվածությանը, բայց
չեմ կարծում, որ անձնական խնդիրների պատճառով է փոփոխությունը եղել»: «Գո՞հ
եք Վիոլետայի՝ ձեր կատարումից»: «Ես միշտ 100%-ի փոխարեն բեմ եմ բերում 120%: Երգելիս
մի անբացատրելի ուժ է գալիս վրաս՝ ինչքան էլ հոգնած լինեմ»,- ասաց նա: Երգչուհին
դժգոհ է մամուլի այն հրապարակումներից, որոնցում քննադատության թիրախը Գեղամ Գրիգորյանն
է: «Ես չեմ գտնում, որ օպերայում վատ մթնոլորտ է, իսկ մեր գեղարվեստական ղեկավարը
վատ մարդ է: Նշանակված օրվանից քննադատում են: Ինչ անում է՝ ասում են վատ է, ով էլ
լինի՝ կփշոտվի: Օրինակ, անցյալ տարի Երեւանի օպերային թատրոնը Մոսկվայի Մեծ թատրոնում
ներկայացրեց Բելինիի «Նորման»: Այս առիթով հայաստանյան թերթերից մեկը գրել էր, որ
իբր ես շատ վատ եմ երգել: Իրականում ես ընդհանրապես չէի երգել: Հաճախ մամուլը շատ
հեշտ կարող է տապալել մարդու աշխատանքը: Մենք չնչին գումարով, բայց մեծ էնտուզիազմով
ենք աշխատում, եւ մեր վարձը իրականում հանդիսատեսի ծափահարություններն են ու մամուլի
օբյեկտիվ հրապարակումները»: Մ. Դեինյանը տեղեկացրեց, որ դրսում միշտ հարցնում
են, թե որտեղ է սովորել: Նույնիսկ իտալացի հայտնի երգչուհի Լյուչիա Ալբանեզեն, որի
մոտ անցել է վարպետության դասընթացներ, Նյու Յորքի իր ելույթից հետո զարմացած էր.
«Որտե՞ղ ես սովորել, ներկայումս նման դպրոց նույնիսկ Իտալիայում չկա»: «Ես էլ հպարտությամբ
նշեցի, որ ավարտել եմ Երեւանի կոնսերվատորիան՝ Սվետլանա Կոլոսարյանի դասարանը: Հիմա
էլ ինքս եմ դասավանդում, հուսով եմ՝ կկարողանամ շատ լավ երգիչներ պատրաստել»,- կարծում
է երգչուհին: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել