Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայերեն դասագիրքը՝ զենքին հավասա՞ր

Նոյեմբեր 16,2004 00:00

Շաբաթ օրը Վրաստանի Բոլնիսի շրջանի Բոլնիս (նախկինում՝ Բոլնիս-Խաչեն) գյուղում նշվեց միակ միջնակարգ դպրոցի հիմնադրման 120-ամյակը: Գյուղը գրող Ղազարոս Աղայանի ծննդավայրն է:

Տեղացիները տարիներ շարունակ ցանկացել են գյուղի դպրոցը մեծ գրողի անվամբ անվանակոչել, սակայն Վրաստանի կառավարությունը անընդհատ խոստացել է, բայց հարցը չի լուծել: Այս միջոցառմանը եւս վրաց պաշտոնյաները խոստացան լուծել դպրոցի պաշտոնական անվանակոչման հարցը, ասելով, որ «դա մի մեծ խնդիր չէ»: Թեեւ գյուղը հայաբնակ է, դպրոցում չեն ուսուցանվում հայոց պատմություն, Հայաստանի աշխարհագրություն եւ մի շարք նման առարկաներ: Սակայն դասավանդվում է Վրաստանի աշխարհագրություն, Վրաստանի պատմություն եւ այլն:

Դպրոցի տնօրեն Մեխակ Սարգսյանը նշեց, որ թեեւ առարկայական դասագրքերն ունեն, սակայն առարկաները չեն դասավանդվում, քանի որ ծրագրում չկան. «Նախկինում ֆակուլտատիվ թույլատրվում էր անցնել այս առարկաները, սակայն այժմ դա էլ է արգելվում»: Ի դեպ, գյուղապետ Մարինե Անանյանի խոսքերով՝ այս ուսումնական տարվա սկզբին Վրաստանի թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական եւ թե՛ վրացական դպրոցներում պահանջվել է հնչեցնել Վրաստանի հիմնը: Դպրոցում այսօր 27 ուսուցիչ է դասավանդում, որից 3-ը տղամարդ են: Դպրոցի նախկին ուսմասվար Մարիետա Ռոստոմյանը հիշեց, որ առաջ ուսուցիչներն այնքան շատ էին, որ ուսուցչանոցում «ասեղ գցելու տեղ չկար»: Դպրոցի «վրացամետ» ուսուցիչները, ի դեպ, առավելություններ ունեն: Օրինակ, Վրաստանին վերաբերող առարկաներ դասավանդող, ինչպես նաեւ ազգությամբ վրացի ուսուցիչները, բացի իրենց աշխատավարձից, 50 լարի հավելավճար են ստանում, անկախ դասաժամերի քանակից: Մինչդեռ «շարքային ուսուցիչների աշխատավարձն այստեղ կազմում է միջինը 40 լարի: Դպրոցում այժմ 250 աշակետ է սովորում, սակայն տարիներ առաջ աշակերտների թիվը հասել է 800-ի: Մեր զրուցակիցները նշեցին նաեւ, որ շատ ավելի ծանր է Բոլնիսի շրջանի Կիանեթ հայաբնակ գյուղի 9-ամյա դպրոցի վիճակը: Այստեղ ընդամենը 36 աշակերտ է սովորում:

Շաբաթ օրվա միջոցառմանը ներկա էր ՀՀ կրթության եւ գիտության նախարարության Սփյուռքի հետ կապերի վարչության առաջատար մասնագետ Նորայր Անդրեյանը: Նա իր հետ դպրոց էր բերել 526 հայերեն դասագիրք, որոնք Վրաստանի կառավարությունը թույլատրել է դասավանդել հայկական դպրոցներում: Դրանք հիմնականում տեխնիկական առարկաների հայատառ տարբերակներն են, ինչպես նաեւ՝ հայոց լեզու եւ միջին դարերի պատմություն: Հետաքրքիր է, որ Գուգութիի սահմանային անցակետի աշխատակիցները, տեսնելով գրքերը, արգելեցին դրանք Վրաստան տեղափոխել, չգիտես ինչու, պահանջելով Վրաստանի պաշտպանության նախարարության թույլտվությունը: Սակայն մի փոքր բանավիճելուց եւ հայերեն գրքերը ձեւականորեն ուսումնասիրելուց հետո, թույլատրեցին դրանք տեղափոխել:

ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել