Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԶՎԱՐԹՆՈՑ» ԿԻՆՈԹԱՏՐՈՆԸ
ԱՐՏԱՀԱՆՈՒՄ Է ՀԱՍՏՈՑՆԵՐ

Նոյեմբեր 16,2004 00:00

Իսկ
ստուգումները կանխվում են «վերեւի» զանգերով «Զվարթնոց» ՍՊԸ-ն 2001-02թթ.
Հայաստանից արտահանել եւ վերաարտահանել է մեծ քանակությամբ հաստոցներ: Այս տեղեկությունները
երկու տարվա համառ ջանքերից հետո դատարանի օգնությամբ կարողացավ ձեռք բերել «Զվարթնոց»
ընկերության հիմնադիրներից եւ բաժնետերերից մեկը՝ Գոհար Ղազարյանը: Ընկերության տնօրեն
Լենդրիկ Հայրապետյանը գաղտնի է պահում ընկերության գործունեության մասին բոլոր տեղեկությունները
եւ գործարքները: Մեզ հաջողվել է պարզել, որ այդ ընկերությունը որեւէ տեղից չի ներկրել
հաստոցները եւ սարքավորումները, որոնք նշված են հարկային տեսչության տեղեկանքներից
մեկում: Դրանք կեղծ ձեւակերպված գործարքներ են եւ սարքված փաստաթղթեր: Հաստոցներ
արտահանողները վերաարտահանում են ձեւակերպում, որպեսզի ազատվեն մաքսատուրքից եւ ավելացված
արժեքի հարկից: Միաժամանակ, արտահանելու համար անհրաժեշտ է ձեռք բերել հատուկ թույլտվություն:
Քանաքեռ-Զեյթուն տարածքային հարկային տեսչությունը 2003թ. մայիսին մի քանի օր «Զվարթնոց»
ընկերությունում ստուգումներ կատարելուց հետո հանկարծ որոշում է դադարեցնել դրանք՝
պատճառաբանելով. «Ստուգման ընթացքում առաջացած առանձին խնդիրների ճշտման անհրաժեշտությունից
ելնելով… պետի թիվ 01/573-Լ հրամանով ստուգման ընթացքը կասեցվել է»: Թե ինչ են
որոշել ճշտել, հայտնի է միայն հարկայինի պետին, նրան զանգողներին եւ, իհարկե, «Զվարթնոց»
ՍՊԸ-ի տնօրեն Լենդրիկ Հայրապետյանին: «Զվարթնոց» ՍՊԸ-ում ստուգումների կասեցման
պատճառը առանձին պատմություն է. ո՞վ է կարողանում կասեցնել հարկայինի ստուգումները:
Իհարկե, վերեւներից մեկի զանգը: Իսկ ո՞վ է վերեւներից զանգողը: Նա, ով հաստոցներ
է արտահանում Իրան: Իսկ ինչպե՞ս է կինոթատրոնը ծավալել նման գործունեություն:
«Զվարթնոց» ՍՊԸ-ն ստեղծվել է նախկին «Զվարթնոց» կինոթատրոնի բազայի վրա: Բաժնետերերից
եւ հիմնադիրներից են Գոհար Ղազարյանը, նրա նախկին ամուսինը՝ Վաղինակ Պողոսյանը, Լենդրիկ
Հայրապետյանը եւ մի քանի հարազատներ: Նոր կանոնադրության հաստատման պատրվակով բաժնեմասերի
փոփոխություն է կատարվել, որի ընթացքում Գոհարի բաժնեմասը պակասեցվել է: Գոհարը համաձայն
չի եղել այս գործընթացներին, եւ այժմ նա տարբեր ատյաններում պնդում եւ վիճարկում
է կանոնադրության գրանցման ընթացքում իր ստորագրությունը կեղծելու հանգամանքը: Համեմատելով
այդ ստորագրությունները՝ անզեն աչքով կարելի է տեսնել դրանց կեղծ լինելը: Գոհարը
դիմում է նոտարական գրասենյակ՝ խնդրելով իրեն տալ «Զվարթնոց» ՍՊԸ-ի կանոնադրության
բնօրինակը, սակայն մերժում են՝ պատճառաբանելով, թե միայն տնօրենի դիմումի համաձայն
կարող են տալ: Ընկերության տնօրեն Լենդրիկ Հայրապետյանն էլ չի տալիս իր համաձայնությունը:
Դատարանում մեծ ջանքերից հետո Գոհարին հաջողվել է ձեռք բերել ընկերության
գործունեության որոշ փաստաթղթեր, որոնցից պարզվել է՝ «Զվարթնոցը» շահույթ է ունեցել:
Ուստի բաժնետերն իրավունք ունի շահաբաժին ստանալ, ինչի վերաբերյալ դատարան հայց է
ներկայացրել: Հոկտեմբերի 19-ին Տնտեսական դատարանում դատավոր Կարեն Չիլինգարյանի
նախագահությամբ կայացած դատական նիստում Լենդրիկ Հայրապետյանի, դատավորի եւ պատասխանողի
հարցերի պատասխաններից պարզվեց, որ 2002թ. ընկերությունն ունեցել է 10-12 մլն դրամ
շահույթ: Դատավորի հարցին՝ ի՞նչ եք արել այդ շահույթը, Լ. Հայրապետյանը պատասխանեց.
«Իրականում չի եղել շահույթ, օդում է: Էդ գործարքները մենք չենք արել, մենք միջնորդ
ենք եղել, ուրիշի փողն էր, ուրիշ մարդիկ են եղել»: Դատավորը փորձեց պարզել, թե որտեղ
է ընկերության ստացած շահույթը: Ըստ Լենդրիկ Հայրապետյանի՝ դրանք ոչ ընկերության
բանկային հաշվում են, ոչ դրամարկղում, ոչ էլ տանը: Տարօրինակ մի հանգամանք.
մի քանի օր անց դատական նիստի արձանագրությանը ծանոթանալիս պարզվեց, որ այս հատվածը
չկա արձանագրության մեջ: Գոհար Ղազարյանի՝ Քանաքեռ-Զեյթուն տարածքային հարկայինից
ձեռք բերած փաստաթղթերում առկա է շահույթը: Թե ովքեր են այդ պատմության մեջ ներքաշել
Լենդրիկ Հայրապետյանին, նա առայժմ չի ասում: Մենք միայն կարողացել ենք պարզել, որ
դրանք մեր ավանդական կուսակցություններից մեկի ներկայացուցիչներ են: Հենց նրանք են
միջնորդել, որպեսզի հարկայինը դադարեցնի ստուգումները «Զվարթնոց» ՍՊԸ-ում: Իսկ ընկերության
2003-04թթ. գործունեությունը դարձյալ փակ է բաժնետիրոջ առաջ: Գ. Ղազարյանին հայտնի
չէ, թե ա՛յս ընթացքում ինչով է զբաղվել ընկերությունը, Հայաստանից որքան հաստոցներ
է արտահանել եւ որքան շահույթ ստացել: Գ. Ղազարյանը ստիպված է լինելու այս տեղեկությունները
դարձյալ դատարանի օգնությամբ ստանալ: Եթե, իհարկե, «հաստոց արտահանողները» մինչ այդ
աշխատած փողերից բաժին չհանեն «վերեւներին»: ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆՆյութն
ամբողջությամբ՝www.hetq.am-ում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել